Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ



ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ«Հայ զինվորի» հյուրասրահում «Արցախի հերոս», պաշտպանության բանակի հրետանու նախկին պետ, գեներալ-մայոր ԳԵՈՐԳԻ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ է:

 

«Արցախի հերոս», պաշտպանության բանակի հրետանու նախկին պետ,  գեներալ-մայոր Գեորգի Իսահակի Գասպարյանը սիրված ու հարգված զինվորականի համարում է ունեցել բանակում: Ինչպես մարտական ընկերներն են նրան կոչում՝ Գրադ Ժորան,  իր կյանքի մեկ երրորդը նվիրել է զինված ուժերի կայացման, հայրենիքի պաշտպանության գործին, ծառայել է անմնացորդ նվիրումով: Արդարամիտ ու շիտակ մարդ, պրոֆեսիոնալ, համոզված եմ, այստեղ շատ տեղին է այդ բառը օգտագործելը,  հրետանավորի համարում ունեցող գեներալի մասին, թեև նա շուրջ մեկ տասնամյակ է, ինչ անցել է վաստակած հանգստի, հիմա էլ ճանաչողները անցյալ ժամանակով չեն խոսում: 80-ի շեմին ոտք դրած գեներալը երեք տասնամյակ արժանապատվորեն ծառայել է  Հայրենիքին: Նրան իրավամբ համարում են հաղթանակ կերտած հերոս հրետանավորներից մեկը: Նա այսօր էլ բանակի հետ է, զինվորի ու սպայի կողքին:

 

-Պարոն գեներալ, հայրենիքը բարձր է գնահատել Ձեր մատուցած ծառայությունները. Ձեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

-Հերոսի կոչումը միայն իմ վաստակը չէ: Այն բոլորինն է՝ իմ հրետանավորներինն է, իմ մարտական ընկերներինն է… Չէ՞ որ՝ մեկ ձեռքը ծափ չի տալիս, մեկ ծաղկով էլ գարուն չի գալիս: Անուրանալի է Արցախյան պատերազմներում, մեր բանակի կայացման ու հաղթանակների կերտման գործում հրետանավորների, հատկապես խորհրդային դպրոց անցած, խորհրդային բանակում ծառայած հրետանավորների ավանդը: Այստեղ, կարծում եմ, չափազանցություն չկա: Մի փոքր շեղվեմ ու մի բան ասեմ: Տարիներ շարունակ մենք հրետանավորների ենք գործուղել տարբեր երկրների ռազմական հաստատություններ վերապատրաստվելու: Հավատացնում եմ, նրանք բոլորը, առանց բացառության, վերադարձել են բացառիկ բնութագրերով ու կարմիր դիպլոմներով:

-Պարոն գեներալ, պատմեք Ձեր ծննդավայրի, Ձեր ընտանիքի մասին:

-Ծննդավայրս Արցախի Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղն է, որը հիմնադրվել է 1920-ականների սկզբներին, 1917 թվականի Շուշիի և նրա մերձակա Կանաչ Թալա, Մեծ Շեն, Եղծահող, որն ի դեպ իմ պապական գյուղն է, և այլ բնակավայրերից սրի քաշված, մազապուրծ եղած գաղթականների կողմից: Զարհուրելի այդ կոտորածներից հրաշքով փրկվել են հայրս և նրա 3 տարեկան եղբայրը: Այն ժամանակ հայրս տակավին պատանի՝ 14 տարեկան, գառնարած է եղել, իսկ փոքր եղբորն էլ երջանիկ պատահականությամբ այդ օրը հետն է տարել: Հայրս պատմում էր, որ սարսափելի աղաղակների վրա վերցրել է եղբորն ու շտապել գյուղի կողմը: Գյուղին մոտենալիս տեսել է հրո ճարակ դարձած տներ, թե ինչպես են թուրք բորենիները սրախողխող անում ու սպանում անզեն հայրենակիցներին: Ու այդպես 14 տարեկան հայրս գրկում է երեքամյա եղբորն ու վազում ուր աչքը կտրի: Հասել են Վաղուհաս գյուղ, որտեղ նրանց ընդունել, գիշերակացի տեղ են տվել: Հայրս աշխատել է մի փոր հացի համար: Հետագայում Հաթերք, Վաղուհաս, Չափար գյուղերի տարեցները հավաքվել ու որոշել են մի բնակավայր հիմնել կոտորածից մազապուրծ եղած իրենց հայրենակիցների համար: Այդպես հիմնվել է իմ ծննդավայրը: Իսկ Զարդախաչ անունը կապված է հետևյալ պատմության հետ: Հողը վարելիս մի խաչքար է դուրս գալիս, և տարածքում աճող Զարդա ցորենի տեսակի և դաշտում գտած խաչի պատվին գյուղը անվանակոչել են Զարդախաչ: Քառասունականներին գյուղը մոտ 70 ծուխ է ունեցել: Գյուղից Մեծ հայրենականին մասնակցել է 35 հոգի, որից 11-ը չեն վերադարձել: Բնակչության թվաքանակի պատճառով մինչև 1955 թվականը գյուղի դպրոցը քառամյա էր: Բարձր դասարանցիները 5-7 կմ ոտքով գնում էին Չափարի ու Հաթերքի միջնակարգ դպրոցներ: Քանի որ շատ պակաս էինք ապրում, ամառ, ձմեռ կալոշով ու տրեխով էինք գնում դպրոց: Իմ ծննդավայրը թուրքը երկու անգամ մտել, ավերել է: Իմ պապական տունը, եղբորս, քույրերիս տները ավերել են, բայց մենք նորից վերականգնել ենք, շենացրել: Ծնողներս լույս աշխարհ են բերել 11 երեխա, որից երկուսը մահացել են փոքր տարիքում: Երեք քույրերս իրենց ընտանիքներով այսօր էլ բնակվում են Արցախում: Ավագ դուստրս նույնպես բնակվում է Արցախում: Ես էլ տարվա մեծ մասը Արցախում եմ լինում, իմ ծննդավայր Զարդախաչում: Ավագ թոռս՝ Տիգրան Հարությունյանն ու եղբայրը մասնակցել են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին: Տիգրանս «Արիության» մեդալի է արժանացել:

-Ինձ տված հարցազրույցներից մեկում Պարգև սրբազանը Արցախյան առաջին պատերազմից Ձեզ հետ կապված մի շատ հուզիչ պատմություն հիշեց, թե ինչպես են ազերիները իրենց շտաբը տեղակայել այն դպրոցի շենքում, որտեղ Դուք եք սովորել և Դուք հարկադրված՝ հրամայել եք հրետանուն կրակել դպրոցի վրա:

-Այդ սրիկաները իրենց հրամանատարական շտաբը տեղակայել էին Չափարի միջնակարգ դպրոցում: Ըստ հետախուզության տվյալների՝ մեծ կուտակումներ կային: Հարկադրված հրամայեցի կրակել դպրոցի վրա: Այստեղ չկարողացա պահել արցունքներս և արտասվեցի: Ես հրամայել էի կրակել իմ դպրոցի վրա…

Նման մի դեպք էլ միտս եկավ: Ազատագրել էինք Հաթերքը, Գետավանը, Չափարը, Հորաթաղը, Վաղուհասը, Հարությունագոմերը: Ամարասի Արթուրը կապվեց ինձ հետ և ասաց, որ տղաները դժվարանում են առաջ գնալ, քանի որ գյուղի մուտքի առաջին երկու տների արանքում թշնամու տանկ է կանգնած:

Որտե՞ղ եք, հարցրի ես:

-Զարդախաչի սկզբում, պատասխանեց Արթուրը:

-Ո՞ր տներն են, հետաքրքրվեցի: Եվ երբ նկարագրեց, ասացի՝ մեկը եղբորս, մյուսն էլ մեր պապական տունն է:

Մեր հրետանին տեղակայված էր Դրմբոնի մերձակայքում: Երբ կոորդինատները ստացա, հրամայեցի կրակել: Երեք անգամ կրակեց մեր հրետանին: Տանկը խփվեց, իսկ թուրքերը փախան: Տներն էլ բավականին վնասվել էին:

-Պարոն գեներալ, այդ պատմությունը լսելիս ակամա հիշեցի Մուսա լեռան հերոսամարտի այն հուզիչ ու ցնցող դրվագը, երբ թուրքերից խլած հրանոթով հերոս մուսալեռցին կրակում է իր իսկ հայրական տան վրա, ենթադրելով, որ թուրքական բանակի հրամկազմը հաստատ այնտեղ կլինի, քանի որ իրենց տունը գյուղի ամենից աչքի ընկնող տունն է…

-Մի դեպք էլ հիշեցի: Սրիկաներն իրենց հրանոթը տեղադրել էին գյուղի գերեզմանի տարածքում՝ հենց մուտքի մոտ: Դժվար էր, բայց պետք էր ոչնչացնել: Առաջադրանքը տղաները գերազանց կատարեցին, և ոչ մի շիրմաքար չվնասվեց: Իսկ ազերիները հրանոթները թողեցին ու փախան: Փախչելը էդ սրիկաների մոտ լավ է ստացվում:

-Զինվորական դառնալը Ձե՞ր որոշումն էր, թե՞…

-Որոշումն իմն է եղել: Այն տարիներին շատերն էին ձգտում զինվորական դառնալ:

-Զինվորականները միշտ էլ կամքով արի, իսկ բնավորությամբ ուժեղ մարդու համարում են ունեցել: Ձեր կյանքում եղե՞լ է այնպիսի դիպված կամ իրադարձություն, որը խորապես ցնցած լինի Ձեր ներաշխարհը:

-Նախորդ երեք գործողություններն իրականացնելիս մարդկայնորեն ծանր ապրումներ եմ ունեցել: Աչքերիս առաջ է եղբորս տղայի՝ Գագիկի զոհվելը: Կրակելիս ականանետի փողը պայթեց, ու բեկորը խփեց գլխին: Այսօր Զարդախաչի միջնակարգ դպրոցը կրում է Գագիկ Գասպարյանի անունը: Եղբորս որդին «Հրազդանմաշում» որպես ինժեներ էր աշխատում: Խոստումնալից ապագայով ու բարեկեցիկ կյանքով ապրող… Երբ սահմանում լարվածությունը սաստկանում է, առանց երկմտելու մեկնում է հայրենի Արցախ՝ իր պապական գյուղը՝ Զարդախաչ: Գյուղացիները շփվելով նրա հետ, նրան կարգում են գյուղապետ, ասելով՝ Գագիկն է, որ կա: Մենք ուզում ենք, որ Գագիկի նման խելացի, ուսյալ ու հայրենասեր երիտասարդը լինի գյուղապետ, ու եղբորս տղային ընտրում են իրենց ղեկավար:

-Ասում են, որ Դուք այսօր էլ ինչով կարողանում օգնում, աջակցում եք բանակին:

-Ես Հայրենիքիս զինվորն եմ: Հայրենիքին ծառայելու, Հայրենիքին օգտակար լինելու համար չպետք է խնայել ոչինչ: Իհարկե, աշխատում եմ որքան հնարավոր է օգտակար լինել բանակաշինության գործին: Պարզապես տարիքիս հետ կապված եռանդս է նվազել: Առողջությունս էլ մեկ-մեկ «դավաճանում է»:

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #34 (1405) 1.09.2021 - 7.09.2021, Ազգային բանակ


02/09/2021