ԻՄ ՔԱՋ ԶԻՆՎՈՐ
Վարդան Կոնջորյանի նկարի տակ հրամանատարը գրել է՝ իմ քաջ զինվոր: Այսքանը: Ոչինչ չի պատմել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորի քաջագործություններից, մեծարանքի խոսքեր չի ասել, պարզապես գրել է՝ իմ քաջ զինվոր՝ այս երեք բառի մեջ դնելով իր ամբողջ հպարտությունը, ցավը, ափսոսանքը:
Ես փնտրում գտնում եմ Վարդանի մորը: Որդի կորցրած բոլոր մայրերը նման են իրար՝ ուժեղ են ու փխրուն: Թվում է՝ կամքի վերջին կաթիլը ուր որ է կսպառվի, կկտրվի կյանքին կապող վերջին թելը, բայց մի անբացատրելի ուժ, չգիտես որտեղից բխող մի վճռականություն ստիպում է ապրել:
-Անցյալում եմ ապրում,- ասում է տիկին Էլմիրան,- իմ օրը բացվում ու մթնում է հիշողություններով: Անցյալի ամեն մանրուք, Վարդանիս հետ կապված ամեն դրվագ վերապրում եմ իր բոլոր մանրամասներով:
…Ամուսինս արտերկիր էր գնացել աշխատելու, ու ես շատ խիստ էի երեխաներիս հանդեպ, որ հոր բացակայությունից՝ սխալ ուղիով չգնան, վատ շրջապատ չընկնեն: Հատկապես Վարդանիս համար էի անհանգստանում, որովհետև չափազանց ազնիվ էր, միամիտ ու բարի: Մի կաթիլ հաշվենկատություն, խորամանկություն չուներ: Անշահախնդիր վազում էր օգնելու բոլորին: Մեր տան գործը կթողներ, ընկերոջ տան գործը կաներ: Ընկերների համար հոգին կտար:
Ուզում էր զինվորական դառնալ: Հայրը չթողեց: Ես եմ մեղավոր, ես դրդեցի հորը, որ արգելի: Մեջս մի տեսակ վախ կար զինվորական գործից, զենքից, սահմանից…Իսկ ինքը զենք էր սիրում, ռազմագիտության ուսուցիչն ասում էր՝ Վարդանն ուզում է ամեն ինչ իմանալ զինվորական գործի, զենքերի մասին: Խնդրեց, որ գոնե թողնենք «Ես եմ» ծրագրով գնա բանակ, դա էլ արգելեցինք: Վարդանս հնազանդ, ծնողին լսող զավակ էր:
-Չասեք էլ՝ նկարից երևում է, պարկեշտությունը թափվում է դեմքից:
…Ես երկար նայում եմ Վարդան Կոնջորյանի լուսանկարին ու չեմ կարողանում հեռացնել հայացքս: Աչքերն այնքան լի են ու խոսուն, այնքան սեր ու երազանք կա դեմքին:
-Վարդանս կարող էր ուսումն ավարտել, նոր գնալ բանակ,- շարունակում է տիկին Էլմիրան,- վեց ամիս էր մնացել, բայց ասաց՝ ընկերներիս հետ եմ ուզում ծառայել, հրաժարվեց տարկետման իրավունքից: …Մի օր էլ բանակից զանգեց, թե՝ ես արդեն տանկի մեխանիկ-վարորդ եմ, տանկիստ եմ: -Սիրո՞ւմ էր իր զինվորական մասնագիտությունը, ուրախ էր, որ տանկիստ է,- ես մխիթարանք եմ փնտրում: Ինձ համար չէ, ոչ էլ մորն եմ ուզում սփոփել, պարզապես շատ եմ ուզում երջանիկ օրեր գտնել խոսուն, բարի աչքերով այս տղայի կարճատև կյանքում, որն ընդհատվեց «Գրադի» հարվածից հարազատ հողը պաշտպանելիս;
-Տեսե՛ք, այս նկարում ժպտում է:- Տիկին էլմիրան ինձ է մեկնում Վարդանի զինվորական համազգեստով լուսանկարը: Դեմքին անթաքույց հպարտություն կա, ինչ-որ ինքնաբավ գոհություն:
-Ասում էր՝ ծառայությունս ավարտեմ, աշխատանքի եմ անցնելու Չարենցավանի գործարանում: Էդ գործարանը կապված էր տանկերի հետ: Այսինքն՝ Վարդանս մինչև վերջ չհրաժարվեց զինվորական գործից, զենքից: Պատերազմի ժամանակ միայն մի բան էր ասում՝ ապահով տեղ եմ, մա՛մ, եթե չզանգեմ, ուրեմն՝ հարմար չի, չանհանգստանաս:
…Այդ օրը զանգել էր բոլոր ընկերներին, ասել էր՝ գնացեք մեր տուն, զրուցեք մամայիս հետ, նստեք միասին: Ինձ էլ ասաց՝ սեղան կգցես ընկերներիս համար: Դա ի՞նչ էր, ես այդպես էլ չհասկացա:
… Իսկ ես հասկացել եմ՝ մորը հանձնում էր ընկերներին: Մոր միակ որդին ընկերներին ասում էր՝ մորս զավակություն կանեք, մորն էլ ասում էր՝ իմ կարոտը ընկերներիցս կառնես: Ես հասկացել եմ, բայց չեմ կարող մորն ասել այս բառերը: Փոխարենն ասում եմ.
-Կարդացի՝ կամավորական ջոկատի հրամանատարը գրել էր՝ իմ քաջ զինվոր:
-Հրամանատարը ասում էր՝ Վարդանը անձնազոհ ու խիզախորեն է պաշտպանել հայրենիքը: Ասում էր՝ խոսքը բերանիցս դուրս չեկած՝ կատարում էր, հաշվի չէր առնում վտանգը: …Հրամանատարական կետի պաշտպանության ժամանակ «Գրադի» հարվածից 6 ընկերներով միասին…,- մայրը որոնում է ճիշտ բառը կամ այն բառը, որ հնարավոր է արտաբերել հարազատ հողը պաշտպանող 19 տարեկան 6 զինվորների կապակցությամբ…
-Անմահանում են,- ասում եմ ես: Մայրը գլխով է անում:
-Մեր Չարենցավանում Վարդանիս անունով փոքրիկ պուրակ ենք սարքել: Մեր հողի ամեն թիզը պիտի հիշեցնի արհավիրքի մասին, պիտի պատմի գալիք սերունդներին, թե ինչ գնով մեր տղաները պաշտպանեցին այս փոքրիկ հողակտորը: Ամեն քայլափոխին պիտի հիշեցնի յուրաքանչյուր հայի պարտքի մասին:
-Ի՞նչ պարտք,- հարցնում եմ ես: Զինվորի մայրը նայում է զարմացած, հետո ասում է հատ-հատ, բառերը շեշտելով.
-Կորցրածը հետ բերելու, արնախում թշնամուն պատժելու սրբազան պարտքը:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #34 (1405) 1.09.2021 - 7.09.2021, Ճակատագրեր