Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ



Լրագրողի պատմածները

 

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

 

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ«Այնտեղ կթաղվեմ եւ ես»

 

Մոմիկի բոցն առկայծում է թիթեղյա տուփում, հետո հանկարծ ցնցումից թրթռում, եւ նկուղը թաղվում է խավարի մեջ: Պատից ծեփ է թափվում: Վառոդի նոսր մշուշն իջնում է գետնին: Մարդիկ կուչ են գալիս, լարված ականջ դնում: Դրսից` գետնի մակերեւույթից, լսվում է հերթական համազարկի դղրդյունը: Բոլորը համակ ուշադրություն են` շունչները պահած այս անշնչելի օդում, որը հագեցած է վախով:

Ապաստարանում հնչում են անտանելի ճիչեր, որոնք տասնապատիկ ուժգնանում են` անդրադառնալով ստորերկրյա լաբիրինթոսի սառցե պատերից: Աղաղակին միախառնվում է կրծքի երեխաների լացը, որն ասես պայթող ռումբերի դղրդյունի վշտալի արձագանքը լինի:

Ձայնը լսվում է նկուղի հեռավոր անկյունից: Լաթերի կույտը շարժվում է, եւ դրանց միջից հայտնվում է անորոշ տարիքի մի անատամ պառավ: Նա հազիվ տեղաշարժվելով՝ մոտենում է լույսին: Նա իր միակ ձեռքով մետաքսե թելերը ճարպկորեն փաթաթում է փայտե շյուղի վրա: 5 ամիս առաջ, Լեռնային Ղարաբաղի անկախության համար ադրբեջանական իշխանության դեմ հայ մարտիկների ճակատամարտերի ամենասկզբում, հրթիռն ավերել է նրա տունը: Նրա ծերուկն այդպես էլ դուրս չի եկել փլատակների տակից: Եվ այրին մնացել է Ստեփանակերտում:

«Իսկ ո՞ւր գնամ»,- ասում է: Բայց չէ՞ որ նրա երեխաներն ապրում են Երեւանում: «Ես այստեղ եմ ծնվել,- նրա պատասխանն ասես վաղուց պատրաստ է:- Ամուսինս այստեղ է մահացել, թաղված է իր նախնիների մոտ: Այնտեղ կթաղվեմ եւ ես»: Դժբախտ կինը ադրբեջանական ռմբակոծումներն ընկալում է անխուսափելիության այնպիսի զգացումով, որը կարող էր կռել միայն այն ժողովրդի պատմությունը, որին բաժին ընկած հալածանքներն անհաշիվ են:

Վերջին չորս ամիսներին ադրբեջանական արկերի տակ հայտնված հազարավոր խաղաղ բնակիչների նման ծեր կինը, բացի ցերեկվա լույսը կարճ ժամանակով տեսնելուց, ուրիշ նպատակով նկուղի իր անկյունը չի լքում:

Կապարե անձրեւն անհասկանալի օրինաչափություն ունի` կեսօրից մինչեւ ժամը 17-ի ամենօրյա դադարը, որը բնակիչներն օգտագործում են քաղաքի մի քանի բնական աղբյուրներից ջուր ճարելու համար: Ջուրը դարձել է հազվագյուտ մի բան: Ամայի մայթերին տասնյակ դույլերն ու թիթեղյա բանկաներն ասես նշում են յուրաքանչյուր ընտանիքի տեղն անվերջանալի հերթում, որը տանում է դեպի աղբյուրի բարակ շիթը: Ջրամաքրման կայանն ու գեներատորները չեն գործում: Չկա նաեւ ջեռուցում:

 

Պատերազմի ճշմարտությունը

 

Ստեփանակերտից 40 կմ դեպի հյուսիս գտնվող Քոլատակ գյուղն իր ընդարձակ դաշտերը տրամադրում է հայկական ուղղաթիռներին: Երեւանից օգնություն է ժամանում: 32-ամյա երիտասարդ, մորուքավոր Արամը` քաղաքացիական կյանքում թատերական ռեժիսորը, այսօր հրամանատար է` առանց տարբերանշանների: Ջինսե պիջակի վրայից հագել է գյուղական կուրտկա: Խաչիկը թիկնոցի վրայից գոտի է կապել, որից կախված է պահունակը: Սամվելը հպարտությամբ կրում է ամերիկյան բանակի կեպկան: Ինքնաձիգով ու ոստիկանությունից ստացած ատրճանակով զինված այս երիտասարդն ասես առաջիկա մարտերում հաղթանակի կանխավայելումից հպարտությամբ է լցվել: Ուղղաթիռ են մտցնում վիրավորներին:

«Պատերազմում միայն մեկ ճշմարտություն կա»,- Արամը մեկնաբանում է մտքի այնպիսի հստակությամբ, որը հազվադեպ երեւույթ է պատերազմի բովում: «Ես չեմ կարծում, որ բոլոր ադրբեջանցիները հասել են անասնական վիճակի, բայց այս պատերազմը մենք չենք սկսել: Մենք չենք վարում ո՛չ կրոնական, ո՛չ էլ նույնիսկ էթնիկական պատերազմ: Մենք պարզապես պնդում ենք, որ ժողովուրդն իրավունք ունի ապրելու իր հողի վրա»:

Հրամանատարին հարգում են, բայց դրանից դեռ չի բխում, որ բոլորը համակարծիք են նրան: Վերջին չորս տարիների մարտերից այրված դեմքով Խաչիկը` ֆիզկուլտուրայի նախկին ուսուցիչը, իրեն համարում է «ծայրահեղական»: «Ասացեք ինձ գոնե մեկ ադրբեջանցու կամ թուրքի անուն, որը ինչ-որ ներդրում ունի մարդկության մշակույթի մեջ»,- ասում է նա եւ թվարկում ադրբեջանցիների կատարած ոճրագործությունները:

 

«Պաշտպանում եմ ազատությունը»

 

«Տեսնես երբեւէ խաղաղություն կլինի՞»,- լաց է լինում Լենա Ավանեսյանը: Նրա թիկունքում իր ավերված տունն է, որին այս գիշեր խփել է «Ալազան» հրթիռը: Նկուղում, մահճակալի վրա, միմյանց սեղմված չորս երեխաները դեռ չեն հավատում, որ հրաշքով են ողջ մնացել: Առաստաղը փուլ է եկել ուղիղ նրանց վրա: Առաջին երկու հարկերը վերածվել են փոշու` թողնելով միայն շենքի մերկ հիմնակմախքը: Մեջտեղից կիսված դռան փեղկը դանդաղ տարուբերվում է ծղխնու վրա` միացած միայնակ կանգնած շրջանակին:

Լենան կյանքում մի անգամ արդեն ամեն ինչ կորցրել է: «1990 թ. փետրվարի 29-ին,- պատմում է նա,- ես հասցրի միայն վերարկուս գցել հագս ու երեխաներիս հետ փախչել Բաքվից: Այնտեղ ապրել եմ 40 տարի: Մենք հիանալի գոյակցել ենք ադրբեջանցիների հետ, մինչեւ որ կատարվեց Սումգայիթի ողբերգությունը: Դրանից հետո խելագարություն սկսվեց, իսկական կոշմար: Այլեւս չէի կարող դիմանալ: Փախա այնտեղից, եւ ահա այստեղ ամեն ինչ նորից է սկսվում»:

Ստեփանակերտի արվարձանում ադրբեջանական նախկին թաղամասն ամենալավ վիճակում չէ: Փոքր բլրի վրա տեղաբաշխված Կրկժանում շենքերի ճակատներն այսօր ածխացած են: 7 հազար բնակիչներն սկսեցին լքել այն դեռ 1988 թ. հոկտեմբերից: «Նրանք վախեցան մեր պատասխան գործողություններից,- բացատրում է մի ծերունի:- Այն ժամանակ ոչ մի ադրբեջանցի չտուժեց, բայց ճիշտ է նաեւ, որ հայերն արդեն խռովված էին»: Հետո Բաքվի զորքերը այնտեղ տեղաբաշխեցին իրենց կրակակետերը, որոնք պարբերաբար գնդակոծում էին Ստեփանակերտը: Գոտեմարտը տեւեց չորս տարի եւ ավարտվեց այս տարվա հունվարի կեսին` հայերի հաղթանակով:

Բաքվեցի փախստական Իգորը 17 տարեկան է, բայց արդեն ճակատամարտերի հարուստ փորձ ունի: Նրա աչքերն անսովոր տխուր են: Հիշում է, որ «ադրբեջանցի լավ ընկերներ» ուներ: «Այժմ,- ասում է նա,- ես նրանց բոլորին ատում եմ»: Ծանր ճակատագիրը նրան նախ բերեց Հայաստան, Հրազդան քաղաք, սակայն 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ստիպեց դարձյալ ճամփա ընկնել: Նա հիմնավորվեց Կրկժանում` հայերի եւ ադրբեջանցիների խառը բնակեցված գոտում:

«Երբ ադրբեջանցիները Շուշիից զինվորների կանչեցին, ես կամավոր զինվորագրվեցի, որ պաշտպանեմ իմ ազատությունը»,- ասում է Իգորը:

 

Ասկերանի հերոսամարտը

 

Լայնածավալ գրոհն սկսվում է փետրվարի 1-ին: Ասկերանը` լեռների ստորոտում, հովտում բնավորված մեծ ավանը, իր վրա է վերցնում գլխավոր հարվածը: Հայերը հուսահատ դիմադրում են, որպեսզի պահեն այդ ռազմավարական ամրոցը: Իր երկար միջնադարյան պարսպով, որը դեռ ծածկում է դեպի կիրճ տանող ճանապարհը, Ասկերանն ասես Ղարաբաղի շեմն է: Սաստիկ մարտեր: Ջրբաժանը պահելու համար զոհաբերվեց ցածում` լանջի վրա գտնվող Խրամորթ գյուղը:

Այսօր ռազմաճակատի գիծը փոքր-ինչ բարձր է Աղդամի վիթխարի հովտից, որտեղ համանուն քաղաք-հրեշն է: Նրա մոտակա արվարձանները հրաձգային կրակի հասանելիության գոտում են, իսկ դրանցից առաջ ծխացող դաշտեր են եւ այրված գյուղակներ: Հեռադիտակի մեջ կարելի է տեսնել այն բանի մնացորդը, որն ինչ-որ ժամանակ ֆերմա է եղել:

Արթնանալուց հետո իրենց գոյությունն են հիշեցնում ադրբեջանական կրակակետերը:

Ճակատային գրոհի տապալվելուց հետո ադրբեջանցիները հրաձգությունից ու ռմբակոծումից բացի ուրիշ բան նախաձեռնել չեն համարձակվում: Հայերը խլել են նախաձեռնությունը: Անցած շաբաթ երեք գիշեր շարունակ նրանք գրոհում էին Մալիբեյլի գյուղը: Ստեփանակերտից դեպի արեւելք, այդ փոքր բնակավայրում «Ալազան» մահաբեր հրթիռների արձակման կայանքներ կային, ուստի ֆիդայիները մարտի նետեցին ձեռքի տակ եղած բոլոր ուժերն ու միջոցները: Վերջապես, փետրվարի 12-ին, Մալիբեյլին վերցվեց: Հաջորդեց շունչ քաշելու կարճատեւ դադարը: Համընդհանուր հրճվանքի երկու օր. մարդիկ դուրս էին գալիս ապաստարաններից, որպեսզի ողջունեն ռազմաճակատից վերադարձող զինվորներին բերող բեռնատարները:

Վերջին շաբաթ օրը Շուշիի ադրբեջանական կայազորը դարձյալ կրակ բացեց` առաջին անգամ գործածելով «Գրադ» հրթիռային ռեակտիվ կայանք, որի մահաբեր համազարկերը ցրում են վիթխարի քանակով բեկորներ:

Շաբաթ-կիրակի օրերին Ստեփանակերտի վրա ընկան հարյուրավոր այդպիսի հրթիռներ` սպանելով ու վիրավորելով մոտ 20 մարդու: Ասկերանի դեմ առաջին անգամ օգտագործվեցին նաեւ «Մի-24» ծանր ուղղաթիռներ:

 

«Ղարաբաղը մեր խաչն է»

 

«Բանակցություններն սկսվելուն պես մենք պատրաստ ենք դադարեցնել մարտերը»,- ասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդ նախագահ Արթուր Մկրտչյանը: Բայց նա համոզված չէ, որ ադրբեջանական կողմը բանակցելու ցանկություն ունի:

«Նախկինում նրանք մեզ վրա հարձակվում էին տարբեր տեղերից, որպեսզի ջլատեն մեր ուժերը: Հետո կենտրոնացրին ջանքերը` հարձակվելու այն կետերի վրա, որոնք աշխարհագրական տեսանկյունից դժվար է պահել: Այժմ նրանք օգտվում են իրենց հրետանու առավելությունից, որպեսզի հեռավորության վրա ռմբահարեն մեզ»:

«ՄԱԿ-ի երկնագույն սաղավարտների շուտափույթ միջամտությունը ողջունելի կլիներ, բայց նրանք միշտ ժամանում են այն պահին, երբ արդեն շատ ուշ է»,- հոգոց է հանում նախագահի խորհրդականը: Ուստի, ֆիդայիները դարձյալ բարձրանում են բեռնատարների թափքերը, որոնք սառցակալած ճանապարհներին թափահարվելով, ուղեւորվում են Խոջալու` ադրբեջանական հրետանու կենտրոնացման եւս մի վայր: «Ղարաբաղը մեր Գողգոթան է, խաչը, որը միայն մենք պետք է տանենք: Եվ մենք կտանենք այն»,- ասում են նրանք:

(Դիդյե Ֆրանսուա, «Լիբերասիոն» (Ֆրանսիա), 21.02.1992, (թարգմ. «Արմյանսկի վեստնիկ», ապրիլ, թիվ 4 (39), 1992), կրճատումներով)

 

«Ադրբեջանը տանուլ է տալիս պատերազմը»

 

Լեռնային Ղարաբաղից հենց նոր վերադարձած «Բի-Բի-Սիի» թղթակից Դոմենիկ Արքրայթը հաղորդում է.

«Հայերը հաղթում են, եւ դա նրանց շատ լավ հայտնի է: Նրանք ասում են, որ իրենց սպառազինության 95%-ը խլել են Ադրբեջանից:

Ադրբեջանական բանակի սնունդը, զենքն ու հանդերձանքն ավելի լավն են, Ադրբեջանն ավելի շատ զինվոր ունի, բայց տանուլ է տալիս այս պատերազմը: Ադրբեջանցիները հայերի նման կապված չեն այն հողին, հանուն որի կռվում են:

Ադրբեջանական բանակ են զորակոչվում 18 տարեկանից, բայց շատերը դիմում են կեղծիքի` նվազեցնելով իրենց տարիքը կամ թաքնվելով, որպեսզի խուսափեն զորակոչից: Ռազմաճակատի հրամանատարը խոստովանեց, որ շատերը դասալքել են: Եթե մոտ ժամանակներս խաղաղություն չհաստատվի, նրանք կկորցնեն Լեռնային Ղարաբաղի նույնիսկ այն չնչին մասը, որը դեռեւս Ադրբեջանի հսկողության տակ է»:

(«Տրիբունա» (Մոսկվա), 09.06.1993)

 

Շարադրեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #35 (1406) 8.09.2021 - 14.09.2021, Ազգային բանակ


09/09/2021