Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ «ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ»



ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ «ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ»Զրույց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ

 

-Պարոն Այվազյան, պատերազմից հետո «փոխհրաձգությունը», կարելի է ասել, շարունակվում է տեղեկատվական «մարտադաշտում»: Ադրբեջանը երեք ուղղություններով՝ միջազգային հանրություն, ներքին լսարան և Հայաստանի հանրություն, ակտիվ գործողություններ է ծավալում: Դուք ադրբեջանական լրահոսի մշտադիտարկում եք իրականացում: Այս օրերին որո՞նք են պետական և հասարակական մակարդակով Ադրբեջանում քննարկվող ամենահնչեղ թեմաները: Որքանո՞վ է արդյունավետ ներքին լսարանի հետ տարվող նրանց քարոզչական աշխատանքը, և ի՞նչ հարցեր են հուզում նրանց հանրությանը: 

-Գիտենք, որ ավտորիտար այդ երկրում ազատ խոսքի, կարծիքի մասին խոսք անգամ լինել չի կարող: Այդուհանդերձ, ոչ միայն այս օրերին, այլև պատերազմից հետո երկար ժամանակ  Ադրբեջանի ինչպես իշխանության, այնպես էլ հասարակության շրջանում նկատելի է խորը հիասթափությունն ու դժգոհությունը, թե որքան մեծ գին են վճարել նրա համար, ինչ կարող էին ձեռք բերել, ինչպես իրենք են մտածում՝ «առանց մեկ փամփուշտի»: Հատկապես որ, ինչպես վերջերս Հայաստանի քաղաքական վերնախավն էլ խոստովանեց, մենք տրամադրված էինք հակամարտության լուծման խաղաղ կարգավորմանը, և եթե Ադրբեջանը գնար որոշակի զիջումների, ապա հնարավոր կլիներ Ադրբեջանի կողմից վերջերս գրավված տարածքների զգալի մասի խաղաղ վերադարձը, և չէին լինի մեծաթիվ (միայն ադրբեջանական կողմից՝ առնվազն 20 000) զոհերը:

Մյուս հարցը, որ պատերազմից հետո հասարակական դիսկուրսի թեմա է, սա է՝ եթե կարող էին Ստեփանակերտը գրավել՝ դրանով վերջ դնելով Արցախի հարցին, ապա ինչո՞ւ չարեցին, ինչո՞ւ կանգ առան այդ «հաղթարշավում»:

Հաջորդ, թերևս ամենամեծ դժգոհությունը, որ ունի ադրբեջանական հանրությունը, այն է, որ Ալիևը եռակողմ  համաձայնագրով փաստացի արտոնեց Ռուսաստանի մուտքը հակամարտության գոտի:

-Համենայն դեպս, սոց. ցանցերից այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական հասարակությունը պարզապես հիացած է իր ղեկավարով և միանշանակ պաշտպանում է նրա բռնած ուղին: Եվ որ անգամ պատրաստ են նոր լայնամասշտաբ պատերազմով «ավարտին հասցնելու» իրենց «սրբազան արշավը»: Ըստ Ձեր դիտարկումների՝ ինչպիսի՞ն է ալիևյան ռեժիմը սատարողների և փնովողների իրական հարաբերակցությունը:

-Իրականում, ոչ ոք նրանով չի հիանում, հատկապես, որ այդքան թանկ գին վճարելով, փաստացի կոտրելով Ադրբեջանի ռազմական մեքենայի ողնաշարը՝  չստացան ցանկալի արդյունքը… Մինչև նոյեմբերի 9-ի հրադադարը ադրբեջանական բանակը գրեթե լիովին սպառել էր իր ռազմական ներուժը, ոչնչացվել էր ադրբեջանական բանակի և ժողովրդի սերուցքը՝ 20 000-ից ավելի զինվոր ու սպա:

Վերջին ժամանակներում Ալիևի գործողությունները ոչ թե Ադրբեջանի ազգային շահերից են բխում, այլ սեփական PR-ն են ապահովում: Վերջերս ավտոբուսներով մի քանի տասնյակ մարդ էր բերել Շուշի, իբր թե՝ Շուշիից տեղահանված փախստականների, որոնք իրենց ողբալի վիճակի մասին ներկայացում խաղացին, շատ անհաջող: Քարվաճառում Ալիևը, մատ թափ տալով, հոխորտաց, թե՝ Վարդենիսը՝ իր խոսքով Բասարգեչարը, պետք է նույնպես «վերադարձվի»: Տվեց նաև Արարատի, Արմավիրի մարզի  և այլ հայկական մարզերի ադրբեջանական մտացածին տեղանուններ: Սա մի մեծ PR կամպանիա է, որով նա փորձում է դիրքերը պահպանել հանրության շրջանում:

-Եվ ի՞նչ ազդեցություն  գործեց  հանրության շրջանում:

-Իրականում, զրոյական: Այն արձագանքները, որ մեզ հասնում են սոց. ցանցերի միջոցով, Ալիևի «ֆեյքերի ֆաբրիկայի» ակտիվ աշխատանքի արդյունքն է: Ոչ ոք այդ երկրում նրանով հիացած չէ: Ովքեր անելանելիությունից ստիպված են եղել դուրս գալ երկրից, լավ գիտեն այդտեղ տիրող «խոսքի ազատության» վիճակը, կոռուպցիայի շատ բարձր մակարդակը: Երիտասարդության համար որևէ հեռանկար չկա այդ երկրում: Պաշտոնների նշանակվում են ոչ թե ըստ մասնագիտական արժանիքների, այլ միայն քավոր-սանիկ-բարեկամ հարաբերությունների և կաշառքի միջոցով: Նավթարդյունաբերության բարիքներն իրականում իշխանական բուրգի մի քանի ներկայացուցիչների գրպաններում են, ոչ մի կերպ չեն բարձրացնում ժողովրդի կենսամակարդակը: Պատերազմից հետո իսկական հասարակական ընդվզում առաջացավ, քանի որ մարդիկ սնունդ չունեն, գյուղացիները հող մշակելու հնարավորություն չունեն, ջրամատակարարման խնդիր կա: Բավականաչափ ցավոտ սոցիալական խնդիրներ կան երկրի ներսում: Հոռետեսորեն են վերաբերվում Ալիևի հաղթանակին, իսկ նա էլ գումարներ չի խնայում լռեցնելու համար այն այլախոհներին, որոնք հիմնականում արտասահմանում են, հեռու են նրա ռեժիմի անմիջական բռնաճնշումների տիրույթից: Թալիշական շարժման ղեկավարներից մեկին՝ Ֆահրադդին Աբոսզոդային, Ադրբեջան բերել տվեցին, ու նա սպանվեց Բաքվի բանտում:

-Այսինքն, ըստ էության, Ադրբեջանի հասարակությունը նոր, լայնածավալ պատերազմի պատրաստ չէ՞:

-Ո՛չ: Դուք ասում եք, որ սոց. ցանցերում ադրբեջանցի օգտատերերը անընդհատ հիացական, իշխանությանն աջակցող գրառումներ են անում: Իսկ գիտե՞ք, թե ինչ կլինի, եթե հանկարծ հանդգնեն որևէ քննադատական խոսք գրել Ալիևի հասցեին: Այդ մարդիկ, անկասկած, կա՛մ տասը տարով ազատազրկման կենթարկվեն, կա՛մ էլ կխոշտանգվեն: Այսինքն՝ խոսքի իրավունք ունեն միայն նրանք, ովքեր մոտ են Ալիևի կերակրատաշտին և վարձատրվում են՝ վերջինիս քարոզչամեքենային սպասարկելով: Սովորական մահկանացուները, անգամ սոց. ցանցերում, զրկված են իրենց կարծիքն արտահայտելու հնարավորությունից:

Պատերազմից հետո եվրոպական տարբեր երկրներում քանի-քանի ընդդիմադիր ադրբեջանցի գործիչներ սպանվեցին ալիևյան ռեժիմի «շոշափուկների» միջոցով: Հայտնի դեպքերից մեկը՝ Բաքիխանով ազգանունով ադրբեջանցի բլոգերին սպանեցին Եվրոպայում՝ շենքի 7-րդ հարկից ցած նետելով: Ադրբեջանական մի շարք ընդդիմադիր գործիչներ հայտարարարություն հրապարակեցին՝ պնդելով, որ այսպիսով ալիևյան ռեժիմը փորձում է «փակել ընդդիմության բերանը»: Մեկ տարվա ընթացքում 5 ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներ են սպանվել:

-Իսկ ինչի՞ մասին են փորձում բարձրաձայնել ընդդիմադիրները:

-Նրանք քննադատում են ինչպես ալիևյան կլանի ներքին քաղաքականությունը, օրինակ՝ երկրում ահագնացող սոցիալ-տնտեսական խնդիրները, կոռուպցիայի բարձր մակարդակը, այնպես էլ նրա վարած արտաքին քաղաքականությունը և մասնավորապես՝ արցախյան ճակատում նրա տարած «հաղթանակը»: Պնդում են, որ դա ոչ թե հաղթանակ է, այլ՝ լուրջ պարտություն: Ալիևին մեղադրում են դավաճանության մեջ, քանի որ իր իսկ ստորագրությամբ թույլ տվեց Ռուսաստանի Դաշնության փաստացի ներկայությունը Արցախում և տարածաշրջանում: Ասում են, որ անգամ հայերի հետ ավելի հեշտ կլիներ լեզու գտնել, քան ռուսների:

Ադրբեջանական հասարակությունում տիրող դժգոհությունների լեյտմոտիվն այն է, որ հիմա համաշխարհային խաղացողները՝ ի դեմս Մինսկի խմբի համանախագահող երկրների, անընդհատ միջամտում են այս հարցին և մեկ մարդու պես պնդում, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ:

Այս ընթացքում Ալիևը փորձում է ամեն ինչ անել, որ այս մեղադրանքները թոթափի և երկրի ու հասարակության համար կրկին կեղծ օրակարգ ստեղծի՝  նաև ազդելով հայկական կողմի տրամադրությունների վրա: Այսպես, կարճ ժամանակահատվածում նա փորձում էր սահմանազատման և սահմանագծման նախապայմաններ թելադրել հայկական կողմին, ընդ որում՝ ընդգծելով, որ Արցախը պետք է ճանաչվի որպես Ադրբեջանի մաս, որն իհարկե տեղի չի ունեցել: Այդ ընթացքում նա հրավիրվել է Մոսկվա և այնտեղ էլ է այդ հարցը բարձրացրել: Սակայն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վերջինս հստակ նշել էր, որ այդ հարցը փակ չէ: Ալիևն այս հանդիպումից վերադառնալով՝  հրահանգեց սրել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը: Մենք բռնկում տեսանք ինչպես Գեղարքունիքի մարզում, այնպես էլ Սյունիքի հատվածում և Երասխի ուղղությամբ: Այս ամենը նրա արձագանքն էր Մոսկվայում իր անպատասխան մնացած հարցերին:

Այժմ որքան էլ Ալիևը պնդի, թե Արցախի կարգավիճակի հարցը փակված է, դա այդպես չէ: Եվ մեզ միայն մնում է ճիշտ կողմնորոշվել և կուլ չգնալ ադրբեջանական քարոզչությանը: Այն պարագայում, երբ համաշխարհային իրավիճակը հօգուտ մեզ է աշխատում, չփորձենք ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, որը մեր ձեռքով մեր ունեցածը ջուրը նետելուն հավասարազոր մի բան կլինի: Եթե Ֆրանսիային, Ռուսաստանին և ԱՄՆ-ին սա ձեռնտու է, առավել ևս, մեր երկիրը պետք է հետամուտ լինի այս խնդրի դրական լուծմանը:

-Բոլորիս ուշադրության կենտրոնում է ԼՂ հիմնախնդիրը, և ավելի հաճախ ու ավելի համառորեն են տարբեր հարթակներում  հնչեցնում Արցախի շրջափակման հնարավորության թեման: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ են պայմանավորված այս խոսակցությունները:

-Իհարկե, Արցախի բնակչության շրջանում կեղծ տագնապի ու խուճապի մթնոլորտ ստեղծելու փորձեր արվում են: Հատկապես շեշտադրվում է, որ Բերձորի միջանցքը ուր որ է կփակեն, և այդ դեպքում «փորձե՛ք, հայե՛ր, դուրս գալ շրջափակված Արցախի տարածքից»: Չի՛ փակվի: Այս քարոզչությունը գալիս է Ադրբեջանից, և սա պատերազմի շարունակությունն է՝ դրա հոգեբանական բաղադրիչի տեսքով: Ռուսական խաղաղապահ ուժերի կայուն վերահսկողություն կա այդ միջանցքի հանդեպ: Դա կյանքի ճանապարհ է, Հայաստանի ու Արցախի միջև ցամաքային կապ, նաև Ռուսաստանի ու Արցախի միջև ցամաքային կապի երաշխիքն է: Այնպես որ, ինչպես բազմիցս ռուսական կողմը զգուշացրել է՝ ցանկացած ոտնձգություն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ անձնակազմի հանդեպ կբերի նույն իրավիճակին, ինչ եղավ Օսիայում, Աբխազիայում և Ղրիմում: Հուսով եմ, որ Ադրբեջանը դա գիտակցում է:

Ադրբեջանական կողմն այս ընթացքում այլ սադրանք էլ է փորձում իրագործել. «Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված է» կեղծ պնդմանը զուգահեռ՝ նաև միջազգային հանրությանը միտումնավոր սխալ տվյալներ  է հաղորդում՝ ասելով, որ իրենք չեն պատրաստվում անգամ ինքնավարություն տրամադրել «Արցախում մնացած ընդամենը 20 000 հայերին»: Սրան ի պատասխան՝ արցախյան կողմը փաստեց, որ մարդահամարի պաշտոնական տվյալներով՝ Արցախում այժմ 120 000 հայ կա: Ռուսական կողմի տվյալներով՝ ավելի քան 150 000 հայ է վերադարձել:

Մենք ոչ մի պարագայում չպետք է տուրք տանք վերը նշված սադրանքներին: Քանի դեռ սահմաններին իրավիճակը լարված է, և քանի դեռ չի կնքված խաղաղության պայմանագիրը, մենք չենք կարող Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման պայմանագիր կնքել, քանի որ բնականաբար այդտեղ մի հարց է առաջանում. Արցախը սահմանի ո՞ր կողմում կմնա: Ադրբեջանը ձգտում է հենց սրան, որ մենք կամա թե ակամա ճանաչենք Արցախի ադրբեջանական լինելը: Բացի այդ, այլ վտանգներ էլ կան: Հիշում ենք, որ Ադրբեջանը դուրս է եկել Խորհրդային Միությունից՝ հրաժարվելով Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդությունից: Իսկ միայն Խորհրդային Ադրբեջանի սահմաններում էին գտնվում Նախիջևանն ու Արցախը: Այսինքն՝ Ադրբեջանը դրանցից կամավոր հրաժարվել է: Հիմա եթե մենք ստորագրենք սահմանագծման և սահմանազատման այդ պայմանագիրը, մենք կամա-ակամա կօրինականացնենք Ադրբեջանին այս տարածքների բռնակցումը: Եվ միաժամանակ կհրաժարվենք Հայ դատի շուրջ ցանկացած հավակնությունից: Շատ պարզ երևում է, որ այստեղ միայն արևելյան սահմանի հարցը չէ, եթե գնանք ու ինչ-որ փաստաթուղթ ստորագրենք՝ հիմք ունենալով Խորհրդային Հայաստանի սահմանները, ապա մենք ուղղակի և անուղղակի կճանաչենք նաև Խորհրդային Հայաստանի արևմտյան սահմանը, այսինքն՝ նոր ստորագրությամբ կօրինականացնենք Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, ըստ որոնց գծվել է նաև ներկայիս Հայաստանի արևմտյան սահմանը: Դրանով կարող ենք խաչ քաշել Հայ դատի վրա: Իհարկե, այս հարցը ամբողջապես փակված չի լինի. այն կշարունակեն արևմտահայերը, սակայն Հայաստանն այլևս իրավունք չի ունենա այդ հարցի վրա որևէ ազդեցություն ունենալու՝ ո՛չ իրավական, ո՛չ առավել ևս՝ բարոյական առումով:

Ուստի, ոչ մի դեպքում չի՛ կարելի տրվել ադրբեջանական քարոզչամեքենայի նշված սադրանքներին և անդառնալի զիջումների գնալ: Չի՛ կարելի ստորագրել որևէ փաստաթուղթ, որը չի համապատասխանում «արժանապատիվ խաղաղություն» հասկացությանը: Ի վերջո, այժմ տարածաշրջանում այնպիսի խմորումներ են ընթանում, որ եթե ճիշտ կողմնորոշվենք, կարող ենք բավական նպաստավոր դիրքեր գրավել:

Շարունակելի

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (1406) 8.09.2021 - 14.09.2021, Ռազմաքաղաքական


09/09/2021