Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՓՈՍՏԻՑ



Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսը մշտապես կարևորել է կապը ընթերցողի հետ, մեր փոստը և՛ խաղաղ բանակաշինության, և՛ պատերազմի օրերին լի է եղել հասարակության տարբեր շերտերից ուղարկված նամակներով: Մարդիկ մեզ վստահել են իրենց խոհերն ու մտորումները, պատմել են իրենց խնդիրների ու մտահոգությունների մասին, մեր իրականությունը դրականորեն փոխելու առաջարկություններ են արել, խնդրել են սահման պահող, իրենց խաղաղ առօրյան ու ապահով քունը կյանքի գնով պաշտպանող սպային ու զինվորին փոխանցել իրենց սերն ու երախտագիտությունը: «Հայ զինվորը» առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հատկապես դպրոցահասակ ընթերցողների հետ փոխադարձ կապին, կարևորելով նրանց սիրո, ակնածանքի հուզիչ խոսքերն ուղղված սահմանապահ զինվորին ու նրա հրամանատարին:

«Հայ զինվորի» առաջիկա համարներում կտպագրվեն Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի երրորդ և չորրորդ  դասարանցիների երախտիքի խոսքերով շաղախված անկեղծ ու սրտառուչ նամակները:

 

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՓՈՍՏԻՑԲարև, հայ զինվոր, իմ քաջազուն եղբայր, հայոց ազգի մերօրյա հերոս: Հպարտ եմ և անչափ ուրախ, որ հնարավորություն ունեմ քեզ նամակ գրելու և իմ խոսքերով քեզ ոգևորելու: Քաջազու զինվոր, չկա ավելի սրբազան պարտականություն, քան Հայրենիքի պաշտպանությունն է: Ես գիտեմ, որ դու պատվով ես կատարում պարտքդ, որովհետև դու հայրենասեր ես, քաջ ու խիզախ:

Անսահման է հավատս բանակի նկատմամբ: Եվ այդ հավատը քո և քո հրամանատարի շնորհիվ է: Զինվոր ու սպա, դուք դարձաք Հայոց բանակի հիմքն ու հենասյունը, դուք Ձեր նվիրումով այն դարձրիք հայրենասիրության ոգեղեն դարբնոց:

Ամեն մեկն իր տեղում պիտի ապացուցի իր հայրենասիրությունը. Զինվորը՝ նվիրումով ծառայելով, հողագործը՝ հող մշակելով, շինարարը՝ շենք կառուցելով, գիտնականը՝ գիտությամբ, իսկ մենք՝ դպրոցականներս՝ լավ սովորելով ու գիտության բարձունքները նվաճելով…

Ձեզ շատ-շատ սիրող, ձեր գործով անսահման հպարտացող ու անհամբեր ձեր վերադարձին սպասող ք. Ագարակի Եղիշե Չարենցի անվան միջն. դպրոցի 4 ա դասարանի աշակերտուհի Շուշաննա Սարգսյան:

 

***

 

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՓՈՍՏԻՑԶինվո՛ր, ես քո եղբայրն եմ: Զինվոր նշանակում է հույս, նշանակում է ամրոց, հաղթանակ: Ուրեմն, դու իմ հույսն ես, իմ ամրոցն ես ու ինձ հաղթանակ պարգևողն ես: Այս նամակը գրում եմ արցունքն աչքերիս, բայց մեծ հպարտությամբ: Պատրաստ եմ քեզ համար ժամերով աղոթել: Ժպիտդ լավագույն նվերն է ինձ համար, բոլոր մայրերի ու քույրերի համար: Քո շնորհիվ է, որ մենք՝ փոքրիկներս, ապրում ենք խաղաղ պայմաններում: Զինվո՛ր, դու ապահովում ես հազարավոր հայ մանուկների անհոգ մանկությունը, և նրանք քեզ հավատում ու վստահում են: Դու պիտի ողջ-առողջ վերադառնաս ու հպարտ նայես նրանց աչքերին: Դու ես Հայաստան աշխարհի տերը:

Իմ քաջ, խիզախ, անպարտ զինվոր, քեզ բարի ծառայություն, և դու առողջ վերադարձիր տուն: Հպարտանում ու ապրում եմ քեզանով:

 

Աշոտ Մկրտչյան

8 տ., 3 ա դասարան

 

***

 

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՓՈՍՏԻՑԲարև, սիրելի՛ զինվոր: Այս նամակով ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել քեզ: Երբ գնում եմ դպրոց կամ զբոսնելու, վստահ եմ, որ դու մշտարթուն կանգնած հսկում ես մեր Հայրենիքի սահմանները, և իմ մեջից անհետանում են վախն ու անվստահությունը: Թույլ տուր ինձ քեզ եղբայր կոչել, որովհետև դու արժանի ես, որպեսզի ամեն հայ քեզ եղբայր և որդի կոչի: Եթե անգութ թշնամին փորձի խաթարել մեր երկրի անդորրը, դու քո քաջությամբ ու խիզախությամբ նրան դուրս կշպրտես, քանի որ քո երակներում Հայկ Նահապետի արյունն է հոսում:

Ի՛մ թանկագին, հարազատ եղբայր, սրտանց ուրախ եմ ծանոթության համար և ցանկանում եմ, որ մեր Հայաստան Հայրենիքը ազատ ու խաղաղ լինի, և այլևս ոչ մի հայորդու արյուն չթափվի: Սիրելի՛ եղբայր, այնքան հպարտ եմ, որ հայուհի եմ ու քեզ կարող եմ եղբայր կոչել: Ամեն ԱՍՏԾՈ օր աղոթում եմ քո կյանքի համար և խնդրում եմ, որ Տերը քեզ պահապան լինի և դու ողջ-առողջ տուն վերադառնաս և ծնողներդ գրկելով քեզ՝ ասեն. «Մեր հերոսը տուն եկավ»:

 

Մարի Մկրտչյան 8 տ

3 ա դասարան

 

***

 

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՓՈՍՏԻՑԻմ զինվոր եղբայր, դու խոստացել ես, որ պիտի գաս,

Թեկուզ մի քիչ ուշ, բայց պիտի գաս:

Ուզում եմ, որ գաս քո համազգեստով,

Ուզում եմ, որ գաս պատվով ու հարգանքով,

Ուզում եմ, որ գաս հաղթ ու հպարտ հայացքով,

Ուզում եմ, որ գաս շքանշանով:

Ու երբ գաս, քո գիրկը վազեմ,

Զինվոր եղբայրս տուն եկավ, ասեմ:

 

Մարի Մարգարյան, 3 ա դասարան

 

***

 

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՓՈՍՏԻՑՆվիրվում է Կարեն Միրզոյանին

 

 

Հա՛յ զինվոր,

Դու մեր եղբայր, դու մեր ընկեր,

Կյանքդ անգամ չես խնայել

Ու Հայրենի հողն ես փրկել:

Փրկված հողն Հայրենի

Քո արյունով ես ցողել:

Չես վախեցել ոչ մի բանից,

Չես վախեցել նենգ թշնամուց,

Ու հայկական հողի համար,

Կյանքդ նույնիսկ չես խնայել:

 

Լիլյա Հովակիմյան 3 գ դասարան

Խորագիր՝ #35 (1406) 8.09.2021 - 14.09.2021, Հոգևոր-մշակութային


09/09/2021