Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍԱՍԻՆՆԵՐԸ



Այսօր ամբողջ աշխարհում աճել է ահաբեկչության ալիքը. Իրաք, Ինդոնեզիա, Պակիստան, Հնդկաստան, Չեչնիա… Հիմնականում դրանք մահմեդական խմբավորումներ են, որոնք հանուն Ալլահի պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել: Եկեք թերթենք պատմության էջերը և տեսնենք, թե որտեղ են թաքնված այս ֆանատիզմի արմատները:

7-րդ դարում իսլամի հետևորդները բաժանվեցին երկու խմբի` օրթոդոքսների, որոնք Մուհամմեդին համարում էին աստծո առաքյալ և շիաների, որոնք պաշտում էին Ալիին` Մուհամմեդի հետևորդին և չորրորդ իմամին: Այդ բաժանումից հետո, գոյատևելու համար, կամա թե ակամա, շիաները, որոնք կոչվում են նաև իսմաիլիտներ, ստիպված էին ստեղծել գաղտնիության շղարշով պարուրված մի հզոր կազմակերպություն: Թեեւ նրանց թվաքանակն այնքան էլ մեծ չէր, սակայն շիաները հավատում էին, որ կկարողանան երբևիցե իրենց ենթարկել ողջ մահմեդական աշխարհը և ինչու ոչ` նաև մնացած երկրները:

Շիաների հիմնադրած ամենածաղկուն գաղտնի միություններից մեկը ենթարկվում էր Կահիրեի «Իմաստության տուն» կազմակերպությանը, որը ֆանատիկոսների ուսուցման կենտրոն էր, որոնց ամենատարբեր խորամանկ միջոցներով հավատացնում էին, թե իրենք ընտրված են հատուկ աստվածային առաքելություն կատարելու համար:

1092թ. Պարսկական լեռների կատարին գտնվող Արծվաբույն կոչվող միջնադարյան ամրոցի պատին կանգնած էին երկու հոգի` պարսից սուլթան Մելիք շահի անձնական ներկայացուցիչը և ծածկած դեմքով մի տղամարդ, որն իրեն կոչում էր Աստծո մարմնացումը երկրի վրա: Դա ասասինների առաջնորդ Հասան-իբն-Սաբբահն էր` Սարի ծերունին, որը խաչակիրների փաստաթղթերում անվանվում է նաև Սիդնեյ կամ Սենեքս դը Մոնթե: Դիմելով սուլթանի ներկայացուցչին, նա ցույց է տալիս աշտարակի կատարին կանգնած զինվորին եւ ասում.

– Դե հիմա տեսեք, թե ինչ կլինի:

Հասանը նշան է անում, և այդ զինվորը, հրաժեշտի համար ձեռքերը վեր պարզելով, իրեն ցած է նետում հսկայական բարձրությունից: Հասանն ասում է.

– Իմ տրամադրության տակ այսպիսի 70 հազար կին և տղամարդ կա ողջ Ասիայով մեկ, և նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է կուրորեն ինձ ենթարկվել: Կարո՞ղ է արդյոք ձեր տերը` Մելիք-շահը, սրանով պարծենալ:

Ինչպե՞ս էր հաջողվել այս մարդուն այդպիսի անսահման իշխանություն ձեռք բերել: Ինչպե՞ս կարող էին նրա ծառաները սարսափի մեջ պահել մի շարք երկրների բնակչությանը` Եգիպտոսից մինչև Կասպից ծով: Գաղտնի միությունների պատմության մեջ սա ամենահանելուկային էջն է: Խոսքը հաշիշինների մասին է: Նրանց անունը կապվում է հաշիշի օգտագործման հետ, որն օգնում էր օրդենի անդամներին տեղափոխվել դրախտ: Այս բառը ժամանակի ընթացքում վերափոխվելով դարձել է ասասին, որը եվրոպական լեզուներում նշանակում է անձնասպան, ինքնասպան, մարդասպան: Արաբերեն այն նշանակում է պահապան, իսկ որոշ հետազոտողներ էլ գտնում են, որ այս բառի իրական իմաստն է` գաղտնիքների պահապան:

Ալամուտ ամրոցի տերը` Հասան-իբն-Սաբբահը համարում էր, որ միայն խոսքերով բավարար չէ մարդկանց խոստանալ երանություն և հավերժական երջանկություն: Եվ նա Ալամուտում ստեղծում է դրախտ երկրի վրա. մի գեղեցիկ այգի բազմատեսակ պտուղներով, տարբեր տեսակի հետաքրքիր կենդանիներով, ոսկեցնցուղ շատրվաններով և աննման գեղեցկությամբ հավերժահարսերով: Հասանն իր ցանցն էր գցում 12-20տ. պատանիների, որոնց հիմնականում գնում էր աղքատ ծնողներից: Թմրանյութով նրանց քնեցնում էին, ապա տեղափոխում դրախտային այգի, որտեղ նրանք մի քանի օր զվարճանում էին: Հետո նորից թմրեցնելով նրանց դուրս էին բերում ամբոխի մոտ, և նրանք մանրամասն պատմում էին, թե ինչ են տեսել դրախտում: Իսկ Հասանն էլ ասում է.

– Մարգարեն ասել է` ով անձնվիրաբար ծառայի տիրոջը, մահից հետո միանգամից դրախտ կընկնի: Եթե դուք ցույց տաք ձեր անձնվիրությունը և կատարեք իմ բոլոր հրամանները, ձեզ սպասում է այդ երջանիկ կյանքը:

11-րդ դարում այս հեքիաթին հավատում էին ոչ միայն դյուրահավատ պարսիկ գյուղացիները, այլև ժամանակի զարգացած մարդիկ:

10 տարուց էլ քիչ ժամանակում իսմաիլիտները դառնում են ամբողջ պարսկական Իրաքի տիրակալները: Իրենց նպատակին հասնելու համար նրանք օգտագործում էին ցանկացած միջոց. թույն, դաշույն, խաբեություն, կաշառք: Նրանցից վախենում էին ոչ միայն Ասիայի այս մասի իշխանները, այլ նաև խաչակիրների առաջնորդները, որոնց հետ, ի դեպ, ասասինները մշտական կապ էին պահպանում: Ասասինները հատուկ ուսուցանված, վարժեցված, երկաթյա կարգուկանոնին հնազանդ մարդասպաններ էին, որոնք ընդունակ էին դիմակայել ցանկացած պրոֆեսիոնալ բանակի: Ասասինների ձեռքերը, ականջներն ու աչքերն ամենուր էին: Կազմակերպություն ընդունվելու արարողությունից հետո այդ մարդուն կարող էին ուղարկել իր հայրենի տնից հազարավոր կիլոմետրեր հեռու, և նա տարիներ շարունակ այնտեղ էր ապրում` սպասելով Ալամուտից հրամանի: Սպանություն իրականացնողները կոչվում էին ֆեդայներ, այսինքն` նվիրյալներ: Նրանց համար գոյություն չունեին ընդունված նորմեր, օրենքներ, նրանք շարժվում էին միայն իրենց տիրոջ կամքով ու թելադրանքով:

Ասասինները նաև փախցնում էին հայտնի գիտնականներին, արվեստագետներին և նրանց ստիպում աշխատել մեծն մագիստրոսի համար:

12-րդ դարում իմամ Ռազին` այդ ժամանակաշրջանի ամենահայտնի մտածողներից մեկը, հրաժարվում է ընդունել, որ Օրդենի անդամները ամենալավ աստվածաբաններն են: Այդ ժամանակ իսմաիլիտների ղեկավար Մոհամմադ 2-րդը փոխանցում է գիտնականին եւ նրան ընտրության իրավունք է տալիս. կամ դաշույնի օգնությամբ արագ մահ, կամ էլ մի քանի հազար ոսկեդրամ ամենամյա թոշակ: Եվ դրանից հետո իմամի ելույթներն իսկույն կորցնում են իրենց սրությունը: Հետագայում նրան հարցնում են, թե նա ինչու կտրուկ փոխեց իր կարծիքը ասասինների մասին: Որովհետև, պատասխանում է ծերուկը, անհանգիստ նայելով ամբոխի մեջ, նրանց փաստարկները շատ սուր են և խփում են ճիշտ նպատակակետին:

Մարդկության պատմության մեջ ամենաահարկու կազմակերպության գլխավորը` Հասանը, ժառանգներ չի թողել: Նրա երկու որդիները մահապատժի են ենթարկվում Հասանի սեփական հրամանով. առաջինը` ինքնակամ սպանության համար, իսկ երկրորդը` իսլամի օրենքներին հակառակվելու և գինի խմելու համար:

Օրդեն ընդունվելու համար թեկնածուն անցնում էր 7 աստիճան, գործում էին նաև կանոններ, որոնցով պետք է առաջնորդվեին անդամները. նախ` նրանք պարտավոր էին հասկանալ մարդկային հոգեբանությունը, որպեսզի չսխալվեն թեկնածուի ընտրության հարցում: Այս կանոնը կարելի է մի արտահայտությամբ ասել. մի ցանիր ժայռի վրա: 2-րդ կանոնը` կանգ մի առ ո՛չ շողոքորթության, ո՛չ խաբեության կամ որևէ այլ միջոցի առաջ` ընկերության ապագա անդամի վստահությունը շահելու համար: 3-րդ` հարկավոր էր աշակերտի հոգում կասկած սերմանել այն ամենի նկատմամբ, ինչը նա մինչ այդ գիտեր: 4-րդ` հասնել նրան, որ աշակերտը երդվի երբեք չուրանալ այն պատվիրանները, որոնք կբացվեն նրա առաջ:

Իսկ ինչպե՞ս պատահեց, որ այդ հզոր օրդենի ամենամեծ գաղտնիքը` այս կանոնները, հայտնի դարձան: Երբ մոնղոլները զավթեցին Ալամուտը, նրանց առաջնորդ Հալակու խանը հրամայեց իր առաջին նախարար Ջուվեյնիին հետազոտել գրադարանը: Հետագայում վերջինս գիրք գրեց, որում մանրամասնորեն պատմում էր ասասինների կազմակերպության մասին:

Մոնղոլական արշավանքը չկարողացավ ոչնչացնել իսմաիլիզմը: Շատ պատմաբաններ հաստատում էին, որ ասասինների աղանդը 600 տարի է, ինչ վերացել է, սակայն ժամանակ առ ժամանակ հայտնվում էին նորանոր ապացույցներ նրանց գոյության վերաբերյալ: 18-րդ դարում Սիրիայում անգլիական հյուպատոսը գրել է. «Որոշ հեղինակներ կարծում են, որ նրանց լիովին ոչնչացրել են թաթարները 13-րդ դարում: Սակայն ես, երկար ժամանակ ապրելով այս դժոխքում, ինձ թույլ կտամ հավաստել, որ նրանց սերունդները մինչև հիմա էլ ապրում են մեզ շրջապատող սարերում, և չկա մի այնպիսի դաժան, բարբարոսական և նողկալի արարք, որը չիրականացնեն այդ անիծյալ մարդասպանները առանց երկմտելու»:

Ասասինների աղանդն ուներ երկու ճյուղ` Սիրիայում և Պարսկաստանում: Եթե սիրիական ճյուղն իր հզորությունը ուժեղացնում էր, ապա արևելյան ճյուղն ավելի թաքուն էր գործում` իր միսիոներներին ուղարկելով Աֆղանստան, Հնդկաստան և նույնիսկ Պամիրի լեռներ, որոնք գտնվում են Չինաստանի և Ռուսաստանի միջև: Այնտեղ այսօր էլ կարելի է հանդիպել իսմաիլիտների:

Նոր պատմության մեջ իսմաիլիզմի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1810թ., երբ Հալեպում Ֆրանսիայի հյուպատոսը հայտնաբերում է, որ պարսկական ասասինները իրենց հոգևոր առաջնորդ են ընդունում Հալիլուլլու խանին, որն իրեն անվանում էր Ալամուտի 4-րդ մեծն մագիստրոս: Նրան երկրպագում էին որպես աստծու, վերագրում էին հրաշագործ ընդունակություններ: Երկրպագուները կռվում էին նրա կտրված եղունգին տիրանալու համար: Այն ջուրը, որով նա լվացվել էր, դառնում էր սուրբ ջուր:

Հասարակությունն իմանում է իսմաիլիտների գոյության մասին մի հետաքրքիր դիպվածի շնորհիվ: 1866թ. Հնդկաստանի Բոմբեյ քաղաքում, որտեղ գտնվում էր խոջաների, այսինքն` վաճառականների մի խոշոր կորպորացիա, մի դատական գործ էր քննվում: Դատական հաշվետվության մեջ ասվում է. «Պարսկաստանից Աղա Խանը իր ծառային ուղարկում է Բոմբեյ` խոջաներից տարեկան հարկը պահանջելու նպատակով, որը կազմում էր մոտ 10 հազար ֆունտ ստեռլինգ: Խոջաները հրաժարվում են, և Աղա Խանը դիմում է բրիտանական դատարան: Աղա Խանը ապացույցներ է ներկայացնում, որ սերում է Ալամուտի չորրորդ մեծն մագիստրոսի ցեղից: Դատավարության ընթացքում պարզվում է, որ խոջաները ասասինների աղանդի անդամներ են, և նրանց նախնիները այդ հավատն են դավանել դեռեւս 400 տարի առաջ մի իսմաիլիտ միսիոների շնորհիվ, ով մի գիրք է գրել, որը խոջաները համարել են սուրբ»:

Պահպանվել են վկայություններ, որ խաչակիրները շատ բան գիտեին իսմաիլիտների մասին: Հայտնի արևելագետ Ամիր Ալին նույնիսկ պնդում է, որ խաչակիրները իսմաիլիտներից են վերցրել իրենց կոնցեպցիան, որի շնորհիվ Եվրոպայում ստեղծվում են բազմաթիվ գաղտնի միություններ, ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ: Դրանցից են` տամպլիերների օրդենը, այսինքն` կաթոլիկական հոգևոր-ասպետական օրդենը, որը հիմնադրվել է Երուսաղեմում 1118թ., հոսպիտալյերները, Իգնատի Լոյոլայի կողմից հիմնադրված ճիզվիտների օրդենը, որը բաղկացած էր այնպիսի մարդկանցից, որոնց նվիրվածությունը կազմակերպությանը իրեն հավասարը չունի նույնիսկ հիմա, ինչպես, օրինակ, դոմինիկացիները և ֆրանցիսկացիները: Մինչդեռ իհարկե իսմաիլիտներին ավելի շատ նման են տամպլիերները կամ տաճարականները, մեծ մագիստրոսների և մեծ պրիորների իրենց համակարգով, մի քանի աստիճանից բաղկացած անդամների ընդունելության արարողությամբ:

Անցյալ դարից սկսած` Եվրոպայի դեմքը նկատելիորեն թխացել է Ասիայից և Աֆրիկայից միլիոնավոր միգրանտների շնորհիվ, որոնք բոլորովին միտք չունեն ձուլվելու տեղի բնակչության հետ: Ընդհակառակը, նրանք իրենց ապրելաոճն են թելադրում բնիկներին:

Այժմ ծայրահեղականության ամենավտանգավոր բացիլները հասունանում են ոչ թե Մերձավոր Արևելքում, այլ իր սեփական մարդասիրությունից և ծայրահեղ ժողովրդավարությունից հոգնած Եվրոպայում, որն արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ ապրում է «ազատություն, հավասարություն և եղբայրություն» քրքրված կարգախոսով:

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Պատմության էջերից


14/12/2011