Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՀԻ՞Ճ, ԹԵ՞ ԶՈՀ



…«Մարդ, որին ժողովուրդը վստահեց այնքան, ինչքան ոչ մի ժողովուրդ երբեէ չի վստահել որևէ ղեկավարի, և մարդ, որը խլեց 50 միլիոն կյանք»:

Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը նշում է, որ թեպետ մարդն իր կյանքի ընթացքում անցնում է կայացման բազմաթիվ փուլերով, և դրանցից յուրաքանչյուրն իր էական դերն ունի նրա ձևավորման համար, այնուամենայնիվ, մանկությունը ամենակարևոր փուլն է այդ ճանապարհին: Ինչպես գիտենք, Հիտլերն ապրել է շատ ծանր մանկություն: Նրա հայրը մորից մեծ էր 23 տարով. Հիտլերը ծնվեց, երբ հայրն արդեն 52 տարեկան էր: Վերջինիս կերպարը սադիստի է հիշեցնում. այդ մարդը իր շանը այնքան էր հարվածում, մինչև վերջինս արնաշաղախ ընկնում էր գետնին, նա մշտապես ծեծում էր երեխաներին, իսկ հաճախ էլ նաև կնոջը:

Դասական հոգեվերլուծության մեջ տեսակետ կա, համաձայն որի` այն երեխաները, որոնք մանկության տարիներին արժանացել են չափազանց կոպիտ և բռի վերաբերմունքի, սովորաբար մեծ հասակում հակված են սադիզմի և մազոխիզմի: Ամենայն հավանականությամբ, Հիտլերի ապրումները մանկության տարիներին իրենց կնիքն են թողել նրա ողջ կյանքի և հոգեկանի վրա` նպաստելով նրա մեջ դաժան դիկտատորի արթնացմանը:

15 տարեկանում Հիտլերի հայրը մահանում է, և նրա դաստիարակությամբ մայրն է սկսում զբաղվել: Սակայն քաղցկեղը խլում է մոր կյանքը, սա ևս մեծագույն հարված էր պատանու համար, իր մոր մահվան մասին նա այսպես է գրել. «ամենամեծ կորուստը, որ ես երբևէ ապրել եմ»:

Հիտլերի հոգեբանական կերպարի մեջ շեշտված են նախևառաջ նարցիսիզմը և գրանդիոզությունը: Նարցիսիզմը բնավորության շեշտվածություն է, անձի դիսֆունկցիա` «‹նքնասիրահարվածություն»: Տերմինը առաջացել է հունական լեգենդից Նարցիսի մասին, որը սիրահարվել է ջրի մեջ արտացոլված իր պատկերին:

Հիտլերը տիպիկ նարցիսական բնավորություն ուներ` ինքնավստահ էր, կուրորեն հավատում էր իր բացառիկությանը և նույնիսկ իր իրական աստվածային առաքելությանը: Դեռ ծառայության տարիներին նա ասում էր. «Դուք դեռ կլսեք իմ անունը, սպասեք, և կգա իմ ժամանակը»: Նա իրեն ոչ միայն Նապոլեոնի և Ալեքսանդր Մակեդոնացու հետ էր համեմատում, այլև Աստծո` «Ես, ինչպես Քրիստոսը, իմ պարտքն ունեմ ժողովրդի առաջ»: 1938 թվականին նա հայտարարում է. «Ես հավատում եմ, որ այդպիսին էր Բարձրյալի կամքը, որն այնտեղից (նկատի ունի Ավստրիան` իր ծննդավայրը) Ռայխ ուղարկեց մի տղայի, թույլ տվեց, որ այդ տղան մեծանա, դառնա ժողովրդի առաջնորդ, որպեսզի հետո նրան հնարավորություն տա իր հայրենիքը վերադարձնելու Ռայխի արգանդ»: Մեկ այլ առիթով նա ասել է, որ պատերազմ սկսել կարող է միմիայն ինքը, հետագա սերունդները դա անկարող են անել: Նա հավատում էր, որ ինքը, որպես անհատ, գերազանցում է ողջ աշխարհին իր հոգեկան և ստեղծագործական ուժով:

Ի դեպ` Հիտլերն ունեցել է բավականին զարգացած ստեղծագործական ունակություններ, քանի որ հոր մահից հետո մոր ցանկությամբ զբաղվել է նկարչությամբ և մինչև Առաջին համաշխարհային պատերազմին կամավոր մասնակցությունը, զբաղվել է իր նկարների վաճառքով: Հետո թողել է այս գործը` հետամուտ լինելով իր «մեծագույն առաքելությանը»: Հիտլերը վստահ էր, որ մարդկության պատմության մեջ իր դերակատարությունը ի վերուստ է որոշված, և որ ինքը կարող է Գերմանիան դարձնել ամենահզորն աշխարհում: Նա, ինչպես բնորոշ է նարցիսիզմին, նախանձում էր այլոց հաջողություններին և խուսափում էր սեփական անհաջողության համար պատասխանատվությունից` փնտրելով քավության նոխազներ: Այս երևույթը բացատրվում է այսպես` մարդը, որ իրեն կատարելություն է համարում, չի կարող ընդունել, թե կարող է սխալվել: Այսպես, երբ 1945 թվականին սկսվեց Գերմանիայի վերջնական անկումը, Հիտլերը դրա օբյեկտիվ պատճառների մասին մտածելու փոխարեն, անընդմեջ բողոքում էր Գեբելսին. «Ամեն ինչ վատ է, կարծես ինչ-որ մեկն իմ դեմ չար ուժեր է ուղարկել, հաջողությունն ինձնից երես է թեքել»: Պատմում են, որ իր պարտությունը նա անվանում էր «ճակատագիր», սակայն երբ նախկինում «ճակատագիրը» նրա հանդեպ բարյացակամ էր, ֆյուրերն այլ կերպ էր արտահայտվում. «Այս 20 տարվա իրական հաջողությունների ընթացքում ժամանակը ենթարկվել է ինձ և դրանով հաստատել, որ ես մարդկության եզակի հանճարն եմ»:

Հետաքրքիր է, այս ամենով հանդերձ, Հիտլերը միշտ վստահ է եղել, որ շուտով մեռնելու է, որ իր ժամանակը կարճ է: Այս ներքին մտավախությամբ էլ պայմանավորված էր նրա մշտական ձգտումը` հասնելու ավելիին, բարձրանալու որքան հնարավոր է վերև: Նա 1939թ. իր հիսունամյակի առիթով ասել է. «Ավելի լավ է կռիվը սկսեմ 50 տարեկանում, քան 55-ում կամ 60-ում», իսկ երբ նրա զինակից ընկեր Գերինգը նրան առարկել է` ասելով` «Մենք մտադիր չենք վա-բանկ գնալու, չէ՞», Հիտլերը պատասխանել է. «Իմ կյանքում ես միշտ եմ գնացել վա-բանկ»:

Բացի վաղաժամ մահվան վախից, Հիտլերին բնորոշ է նաև սեփական առողջության հետ կապված վախը: Իրականում այս երկուսը միմյանց փոխլրացնում են, քանի որ հիվանդանալու վախը ոչ այլ ինչ է, եթե ոչ մահվան վախի բնազդային արտահայտություն: Մահից վախենալով` Հիտլերն իր ստեղծած գաղափարախոսությամբ քարոզում էր հաղթահարել մահը, նացիստական գրողներն իրենց անվանում էին «մահվան կողակիցներ», կային նացիստական հատուկ ռազմաջոկատներ, որոնք պատրաստ էին և՜ սպանվելու, և՜ սպանելու` անգամ դեմքի միմիկան չփոխելով: Իսկ ինքը` Հիտլերը, իրականում ֆիզիկապես այնքան էլ ուժեղ չի եղել, ոչ մի սպորտով չի զբաղվել: Հիտլերի առողջությունը 1942 թվականից բավականին վատացավ: Արդեն 1941թ. գարնանից նա ստեպ-ստեպ կորցնում էր հիշողությունը: Պատերազմի ժամանակ նրա անձնական բժիշկ Մորելը ընդհանուր առմամբ 90 տարբեր դեղորայք էր նշանակել Հիտլերի համար` սկսած ուժեղ քնաբերներից, վերջացրած առույգացնող հաբերով, որոնք նախատեսված էին քրոնիկ հոգնածությունից ազատելու համար:

Մյուս որակը, որը բնորոշ էր Հիտլերին, բռնկունությունն էր: Հրապարակային ելույթների ժամանակ նա զայրույթ և ագրեսիա էր դրսևորում, բայց շատերն ասում էին, որ նմանատիպ պոռթկումները կարող էին լինել նաև հռետորական տաղանդի դրսևորում և լսարանի վրա ազդելու միջոց: Այնուամենայնիվ, Հիտլերն ինքնակառավարման հետ կապված լուրջ խնդիրներ ուներ: Ահա թե ինչ է պատմում գեներալ Ֆոլտիցը 1944թ. հուլիսի 20-ի մահափորձի մասին. «Ես վկա եղա ոգու պոռթկման, որը լի էր ատելությամբ…Նրա ամբողջ մարմինը այնպես էր ցնցվում, որ գրասեղանը, որին հենված էր, ևս սկսեց ցնցվել…Նա իրեն կորցրել էր… Իմ առջև խելագար էր կանգնած»: Պատմում են, որ զայրույթի պահերին նա անընդմեջ քայլում էր, բղավում, ցնցվում: Նրա նման եսակենտրոն մարդու համար զայրույթի պատճառ էր անգամ ամենամեղմ քննադատությունն իր հասցեին:

Հիտլերը մտերիմներ չուներ: Ժամանակակիցները վկայում են` «Նրա բնավորության գծերից էին ներփակվածությունը, ինքնամփոփությունը: Նա ոչ մի հարազատ ընկեր չուներ…Ոչ ոքի հետ անկեղծ չէր զրուցում: Ճիշտ է, ամուսնացած էր, բայց նա ունակ չէր սիրելու կին արարածին, սիրելու բուռն ու իրական սիրով»…«Նա իր կյանքի ուղին միայնակ էր անցնում` իր գերհսկա նպատակներով տարված»:

Նա առաջնորդվում էր «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով: Օտտո Դենտրիխը նշում է. «Միջոցներն ընտրելիս նրա մեջ իսպառ բացակայում էր բարու և չարի զգացումը, բարոյականության հրամայականը»: Բացի այդ, Հիտլերին բնորոշ էին դեպրեսիվ հակազդումները (ռեակցիաները), մինչեւ անգամ ինքնասպանության հակումը: Այս պահերը սովորաբար կարճ էին տևում, որոնցից հետո Հիտլերը վերադառնում էր ակտիվ քաղաքական կյանքին: Սակայն դեպրեսիվությունը նրա մեջ սրվեց պատերազմի ավարտին: Շպեերը հիշում է, որ «պատերազմի վերջում Հիտլերն ուզում էր, որ մարդիկ իր հետ մեռնեն: Նրա համար արդեն ոչ մի բարոյական սահման չկար: Իր սեփական կյանքի ավարտը նրա համար ամեն ինչի ավարտն էր»:

Հիտլերին բնորոշ էր նաև խելացնորությունը, որը դրսևորվում է քրոնիկ զառանցանքով, որը ուղեկցվում էր սովորաբար հետապնդման վախով, մեծամոլությամբ, երբեմն՝ անհիմն խանդով, բողոքամոլությամբ, կասկածամտությամբ, համառությամբ: Նրա հիմնական զառանցական մտքերն էին Գերմանիայի հզորությունը, հրեաների դեմ պայքարը և Արևելքում «կենսական տարածության» ապահովումը: Հրեաների հանդեպ ատելությունը Հիտլերին ուղեկցել է իր կարիերայի ամբողջ ընթացքում: Նա իր «Mein Kampf»-ում նշում է, որ հրեաներին ոչնչացնելիս գործում է Աստծո կամոք: Հիտլերին թվում էր, թե իրեն ուզում են սպանել, և նա ոչ ոքի չէր վստահում: Ինչ վերաբերում է համառությանը, ապա ժամանակակիցները նշում են, որ ավելի հեշտ էր տեղաշարժել Մոնբլան լեռը, քան ֆյուրերին համոզել, որ հրաժարվի նախկինում ընդունած որոշումից:

Ստալինգրադի ճակատամարտում կրած պարտությունը կործանարար ազդեցություն ունեցավ նրա վրա: Հիտլերը սկսեց տառապել Պարկինսոնի հիվանդությամբ (կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկ զարգացող հիվանդություն, որը կլինիկապես արտահայտվում է կամային շարժումների խախտմամբ: Հիմնականում սկսվում է 55 տարեկանից), կորցրեց հավասարակշռությունը, դարձավ առավել նյարդային: 1944 թվականի հուլիսի 20-ի մահափորձից հետո մարդկանց նկատմամբ նրա անվստահությունը վերածվեց ատելության, կոպտությունը` դաժանության: Նա վստահ էր, որ բոլորն իրեն ստում են, ուստի չնչին պատրվակով իսկ կորցնում էր ինքնակառավարումը: Նա արագորեն սկսեց ծերանալ, կորցրեց նախաձեռնողականությունը և կյանքի վերջում արդեն ընդունակ չէր նույնիսկ հասարակ որոշումեր ընդունել: Այս ամենի ավարտը քաջ հայտնի է` 1945թ. ապրիլի 30-ին Բեռլինում Հիտլերը, շրջապատված խորհրդային զորքերով, իր կնոջ և սիրելի շան հետ ինքնասպան եղավ:

Հարվարդի համալսարանի հոգեբույժ Հենրի Մյուրեյը, որը ԿՀՎ-ի Ռազմավարական ծառայությունների բյուրոյի պատվերով ներկայացրել է Հիտլերի հոգեբանական պատկերը, նրա անձը բնութագրել է որպես հանցագործի: Մյուրեյը նշել է, որ Հիտլերը զուրկ էր հումորի զգացումից, նրա բնավորության մեջ բավականին արտահայտված են եղել կանացի գծերը: Ըստ հոգեբույժի` Հիտլերին հատուկ է եղել մազոխիզմը (հոգեկան կամ ֆիզիկական ցավից, նվաստացումից հաճույք ստանալու հակումը), ենթադրաբար նրա մեջ եղել են նաև համասեռամոլության նախադրյալներ: Մյուրեյը համարում է, որ Հիտլերի արարքները բացատրվում էին ատելությամբ սեփական թերությունների նկատմամբ, նա վրեժ էր լուծում մանկության տարիներին կրած ծաղրանքի համար: Ըստ Մյուրեյի` Հիտլերի ախտորոշումն է` նևրոզ, պսիխոզ, հիստերիա և շիզոֆրենիա:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Պատմության էջերից


14/12/2011