ՄԱՐԴԸ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆ Է
Ծնունդով գյումրեցի Թովմաս Առաքելյանի պատանեկությունն անցել է Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, ապա Գետամեջ գյուղերում:
Ավարտելով Հառիճավանքի Թրբանճյան հոգևոր ընծայարանը, 2015-2019 թվականներին սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, որն ավարտելուց հետո զորակոչվել և համալրել է հայոց բանակի շարքերը: Թովմասի ծառայությունն անցել է տարբեր զորամասերում: Զինվորական ծառայության հետ զուգահեռ նա շարունակել է հավատարիմ մնալ հոգևորականի կոչմանը՝ կազմակերպելով Սուրբ գրքի սերտողություններ, մկրտության արարողություններ, ուխտագնացություններ, իսկ 2019 թ. հոկտեմբերին տպագրել է հեղինակային «Բարեպաշտական սովորությունները Հայոց եկեղեցում» գիրքը: Հայոց եկեղեցու ԶՈՒ հոգևոր առաջնորդության կողմից ստացել է «Գիր օրհնության»:
Թովմասը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին: Պատերազմից հետո նրան շնորհվել է սերժանտի կոչում, նշանակվել է ջոկի հրամանատար ու մարտական դիրքի ավագ: Պարգևատրվել է «Սակրավոր», «Սակրավորի 3-րդ կարգ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով, «Մարտական հերթապահություն» մեդալով:
***
Զորացրվելուց հետո վերադարձել է Տավուշի թեմ` շարունակելով հոգևոր ծառայությունն իբրև երիտասարդների հարցերով պատասխանատու: Որպեսզի հարստացնի գիտելիքները և հմտանա արվեստի բնագավառում, որոշում է ուսումը շարունակել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի տեսության, պատմության և կառավարման ֆակուլտետում՝ փորձելով ճեմարանում աստվածաբանության, փիլիսոփայության, գրականության և պատմության ոլորտում ստացած գիտելիքները համադրել բոլորովին նոր` կինոյի, թատրոնի, միջնադարյան և ժամանակակից արվեստի զանազան դրսևորումների հետ:
-Թե ինչ կստացվի` չգիտեմ, բայց, վստահ եմ, որ փոխլրացնող այս աշխարհները տալու են երկրիս թե՛ հավատքին և թե՛ մշակույթին օգտակար արդյունք,- վստահեցնում է զրուցակիցս:
2012 թվականին, երբ Դադիվանք էր եկել, այնտեղ առաջին անգամ աղոթել է: Աղոթքը, լավ է հիշում, սկսել է՝ «եթե Դու իրոք գոյություն ունես» խոսքով: «Եվ, այո՛, իմ «եթե»-ն Ինքն այնպես ոչնչացրեց, որ նույն օրը որոշեցի. պիտի գրկեմ Իր գոյությունն ու էլ բաց չթողնեմ»,- ասում է Թովմաս ուրարակիր Առաքելյանը:
Խոսելով հոգևոր ծառայության մասին՝ զրուցակիցս կարևոր ձևակերպում է անում՝ ասելով, որ. «Հոգևոր ծառայություն» ասվածն առանձին մասնագիտություն, հոբբի կամ ստացածդ կրթությամբ պայմանավորված փեշակ չէ անձամբ իր համար։
-Այն որևէ քրիստոնյայի բնական վիճակն է` ազգիդ հանդեպ սիրո դրսևորումը։ Փոքր տարիքից, երբ ինչ-որ լավ ֆիլմ էի նայում, ուզում էի, որ բոլորը անպայման դիտեն այն։ Մեծ ցանկություն ունեի ինձ դուր եկած ֆիլմով, գրքով կամ երգերով կիսվել ընկերներիս հետ, նրանց էլ հաղորդ դարձնել այն ամենին, ինչն ինձ գրավել ու դյութել է։ Նույնն էլ քրիստոնյա լինելն է. եթե երջանիկ ես Քրիստոսի հետ, ուզում ես մենակ չլինել, կիսել ուրախությունդ, հրավիրել մարդկանց Քրիստոսին միանալու,- ասում է Թովմասը:
Իսկ խոսելով քրիստոնեական արժեհամակարգի մասին՝ նա շտապում է առանձնացնել երեք հիմնական կետերը` հավատ, հույս, սեր (Ա. Կորնթ. 13:13): Սակայն պետք է լավ հիշենք, որ Աստվածաշնչում հստակ ցուցում կա, որ այս երեք առաքինություններն էլ կարելի է արժեզրկել, եթե հոգևոր այս ծաղիկները չխնամենք և չունենանք երեք կարևոր պարարտանյութեր. գործ, համբերություն և վաստակ,- բացատրում է մեր զրուցակիցը, ավելացնելով, որ առաքյալն իր մեկ այլ նամակում գովում է քրիստոնյաների ոչ թե պարզապես հավատքը, հույսն ու սերը, այլ «հավատքի գործը, հույսի համբերությունն ու սիրո վաստակը» (Ա. Թեսաղ. 1:3): Ուստի, հենց այս երեք կետերն է, որ կուզեմ առանձնացնենք. բարեպաշտ և առաքինի գործերով վկայված հավատքը, համբերությամբ պսակված հույսը և այն սերը, որը միմիայն զոհաբերությամբ է հնարավոր վաստակել,- ավելացնում է Թովմաս ուրարակիրը:
Զրուցակիցս նաև նշում է, որ Աստված մարդուն ստեղծել է իբրև մարմին, հոգի և միտք` իբրև մեկ ամբողջություն, մեկ անձ։ Սրան հետևում են միջնադարյան վանականները, որոնք այս գաղափարն ունեին հիմքում, երբ վանական կյանքը կազմակերպում էին երեք հիմնական ուղղություններով. աշխատանք, աղոթք և կրթություն` մարմինը, հոգին ու միտքը զարգացնելու համար։
-Հաճախ լսում եմ, որ մարդիկ խոսում են «հոգու փրկության» մասին։ Մենք չենք փրկում հոգին, մենք փրկում ենք մարդո՛ւն, իր ամբողջության մեջ։ Մարդու միայն հոգին չէ, որ պատկերն ու նմանությունն է Աստծո, այլ մարդն ինքնի՛ն ստեղծվել է Աստծո նմանողությամբ։ Ուստի, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ խոսել միայն հոգու փրկության կամ միայն «հոգևոր» կյանքի մասին։ Պետք է միշտ մնալ ներդաշնակության մեջ։ Մարդու հոգին չի փրկվելու, փրկվելու է մարդը` մեծագույն արժեքն այս տիեզերքի,- ասում է Թովմասը և շարունակում,- շատ կարևոր է կրթել և դաստիարակել մեր միտքը, որովհետև այն խոսք է ծնում, խոսքը` գործ, գործը դառնում է սովորություն, սովորությունը` բնավորություն և այսպես շարունակ։
Իսկ արդեն անդրադառնալով մեղքերին՝ նա նշում է, որ բոլոր մեղքերը ծնվում են մարդու մտքում։ «Եթե մենք կարողանանք մեր հոգևոր կյանքը զարգացնել մեր մտավոր կյանքի հետ ներդաշնակության մեջ և անենք այնպես, որ մեր միտքն ու հոգին իրար չհակասեն, մեղքը կծնվի մեր մտքում և հենց մտքում էլ կջախջախվի,- հավելում է մեր զրուցակիցը, նշելով, որ մարդը պետք է հետևի մարմնական կյանքին, առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին, աշխատանքին ու սպորտին: Թվարկածները ոչ միայն չեն հակասում քրիստոնեական արժեքներին, այլ նաև օգնում են հաղթահարել, օրինակ, ծուլությունը, որ մահացու մեղք է, վնասակար մի շարք սովորություններ, որոնցից, ասենք, ծխելը, կարելի է դանդաղ ինքնասպանություն համարել և այլն։
-Հիշենք սբ. Ներսես Շնորհալու աղոթքը. «Իմաստություն Հոր Հիսուս, տո՛ւր ինձ իմաստություն` ամեն ժամ Քո առաջ բարին խորհելու, խոսելու և գործելու համար։ Չար մտքերից, խոսքերից ու գործերից փրկիր ինձ և ողորմիր քո արարածներին և ինձ` բազմամեղիս. ամեն»: Մտածելով, խոսելով ու գործելով, ասել է թե` մտքով, հոգով ու մարմնով, այս երեքի միասնականությամբ ու ներդաշնակությամբ է, որ ընտրություն ենք կատարելու՝ ընտրել փրկությո՞ւնը, թե՞ հավիտենականությունը,- մեր զրույցն այսպես է եզրափակում Թովմաս ուրարակիր Առաքելյանը:
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Խորագիր՝ #36 (1407) 15.09.2021 - 21.09.2021, Հոգևոր-մշակութային