Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՐ ՀՈՂԸ ՉԱՐՏԱՍՎԻ



...ՈՐ ՀՈՂԸ ՉԱՐՏԱՍՎԻ-Ոտքներս բարի լինի ձեր օջախում,- ասում է Գեղամը, իմ կողմից է ասում, քանի որ ինքը հազար անգամ եղել է այդ տանը. տանտիրոջ՝ Սասուն պապի թոռնուհու ամուսինն է։

-Օջա՜խ…,- ձգում է Սասուն պապը, աչքերում դառը ժպիտ կա, տխրություն, հառաչելով օրորում է գլուխը,- շենքի տասներորդ հարկում օջա՞խ կլինի, օջախդ պիտի հողիդ կպած լինի, հողիդ վրա, որ քեզ հաստատ զգաս, ուժեղ զգաս։ Ոտքդ դռնից հանես, հողիդ պիտի դնես, ոչ թե ասֆալտին։ Լուսամուտից նայելիս պիտի ծառուծաղկունք տեսնես, կանաչ տերեւների մեջ խլվլացող ճնճղուկներ, պիտի արթնանաս աքլորականչից, ոչ թե մեքենաների դռդռոցից ու ազդանշանից, տան կողքով պիտի առու անցնի, գա, գլգլալով լցվի մարգերի մեջ, որ հողը տապից ճաքճքած խմի-հագենա ու օրհնի քեզ։ Իսկ գիշերը պիտի Յոթ աղբյուրի խշշոցը լսես, Կարմիր սարից  փչող հովը պիտի սենյակդ լցնի սուսամբարի հոտով…

Սասուն պապի աչքերում տխրությունը պահ առ պահ խտանում է, աչքերի կապույտը մգվում է, արագ-արագ ներս է քաշում ծխախոտի ծուխը։

-Իր գյուղի տունն է նկարագրում,- բացատրում է Գեղամը։- Տունը 91-ին վաճառեցին։ Սասուն պապի տղան` Սիրեկանը, Ռուսաստանում ինչ-որ պատմության մեջ ընկավ, կորցրեց խանութը եւ պարտքերը մարելու համար ստիպված եղավ վաճառել գյուղի տունը։ Ընտանիքը երկար տարիներ վարձով էր ապրում, հետո բնակարան գնեցին Երեւանում։

-Ինչքան խնդրեցինք, աղաչանք-պաղատանք արինք, մեր տունը չտվին,- պատմում է Սասուն պապը,- ասին` 14 տարի էս տանն ենք ապրել, կապվել ենք։ Սիրեկանը գլուխ չդրեց, բայց Ակոբս, պապի արյունն է, գյուղում հող վերցրեց` մեր հարեւանի հողի կեսն առավ, գնա բանակ գա, խոսք է տվել, տուն ենք սարքելու, մեր տան կողքը, մեր տան նման։

Հակոբը Սասուն պապի միակ արու թոռն է, համալսարան է ավարտել, ռադիոֆիզիկ է։ Սասուն պապը տղային Ակոբ է կոչում, այնպես, ինչպես իր հորն էին անվանում գյուղում։ Հակոբը Սասուն պապի ամենամոտ ընկերն է, աշխարհում ամենասիրելի մարդը, միակը, ում հետ Սասուն պապը զրուցում է, դատարկում սրտի դառնությունը, ում երբեք չի նեղացնում, միշտ հանդուրժում է ու հասկանում։ Նույնիսկ տղայի ընկերների ու ընկերուհիների անվերջ զվարճանքներին ու աղմկոտ քեֆերին է ներողամտորեն ու ըմբռնումով մոտենում` երեխեք են, թող ուրախանան։

-Մենք մի չխկոց հանենք, ձենը գլուխը կգցի,- խոհանոցում թաքուն նեղսրտում է հարսը` տիկին Ամալյան,- բայց Հակոբի ընկերները որ տունը վեր բերեն, ծպտուն չի հանի։ Հանգիստ, ականջը դինջ մարդ էր, տունը վաճառելուց հետո միանգամից փոխվեց, դարձավ ներվային, ամեն ինչի վրա խոսում է։ Մենակ Հակոբի հետ է լեզու գտնում։ Չգիտեմ, որ Հակոբը բանակ գնաց, ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք յոլա գնալու…

Տիկին Ամալյան միանգամից լռում է, պապը մտնում է խոհանոց`  ձեռքին նկարների հսկա կապուկ։ Բոլոր նկարներում Հակոբն է, պապը ցույց է տալիս ու մանրամասն պատմում. «Ըստեղ Ակոբս երկու տարեկան է, «Սուրբ Գեւորգում» կնքեցինք, քավոր Մերուժը նկարեց։

Էս ես ու ինքն ենք, առաջին դասարանը մեր գյուղի դպրոցում գնաց (հերը դեռ էդ փորձանքը գլխներիս չէր բերել), ձեռից բռնեցի, տարա դպրոց։ Էս նկարը Կիեւում ենք նկարվել, ես Հայրենականի ժամանակ էդ կողմերում եմ կռվել։ 95-ին ինձ հրավիրեցին Ուկրաինա` հաղթանակի 50-ամյակի միջոցառումներին մասնակցելու։ Ակոբիս էլ տարա։

Մինչ պապը պատմում է, ամբողջ ընտանիքը հավաքվում է սրահում։ Գալիս են նաեւ ամուսնացած դուստրերը` իրենց երեխաներով ու ամուսիններով։ Ու մինչ ապագա զինվորի ու զորակոչի մասին զրուցելը, հետաքրքրվում եմ ընտանիքի որպիսությամբ, ապրելակերպով, հարցնում եմ` հեշտությա՞մբ է արդյոք գյուղում ապրած ընտանիքը հարմարվում քաղաքի վարքուբարքին, նիստուկացին։

-Ես հաց եմ թխում,- ասում է տիկին Ամալյան,- իհարկե, փռում թխած լավաշը թոնրի լավաշի համուհոտը չունի, բայց էլի սրտամոտ զբաղմունք է։ Մեր պետն ասում է` ինչի՞ց է. որ Ամալյայի թխած լավաշը տարբերվում է, մի ուրիշ համ ունի, ախր, նույն խմորից է թխում։ Ասում եմ` թխողից է, պիտի գործդ սիրով անես, պիտի սիրես խմորը, հետը խոսելով թխես, որ հացդ համով ու նախշուն լինի։ Ամուսինս շինարար է, գյուղում տուն էր կառուցում, քաղաքում տուն է կառուցում։ Իր կառուցած տների մասին ասում է` իմ տունը, սիրով է կառուցում։

Սասուն պապն անտարբեր լսում է, չի խառնվում զրույցին.

-Ում համար տուն եմ կառուցել, ընկերացել-բարեկամացել ենք,- շարունակում է Սիրեկանը,- այցելում ենք իրար։ Եթե տանը մի բան են ուզում փոխել, մի պատ տեղաշարժել կամ ավելացնել, անպայման  ինձ հետ  խորհուրդ են անում։ Ասես, ինչ-որ տեղ ես էլ եմ էդ տան տերը։

Ապրուստ կա, դժգոհ չենք, ապահով ապրում ենք, կարողանում ենք երեխեքին ուսումի տալ։ Հորս տունն էլ կառուցեմ, տամ իրեն, էլ աշխարհից պարտք ու պահանջ չեմ ունենա։

Սիրեկանը մեղավոր ժպտում է ու զգուշորեն բռնում հոր հայացքը։ Սասուն պապը աչքերը չի բարձրացնում։

-Ապագա զինվորի մասին պատմեք,- հարցնում եմ` խոսակցության թեման փոխելու ու լարվածությունը մեղմելու ակնկալիքով։

-Զինվորի մասին ես կպատմեմ,- վրա է բերում պապը,- սրանք Ակո՞բ են տեսել, սրանք ի՞նչ գիտեն Ակոբիս մասին, առավոտ շուտ գնում են աշխատանքի, մթնած տուն գալիս, մեկը վազում է խոհանոց, խոհանոցից` բաղնիք, մյուսը նստում հեռուստացույցի առաջ։ Մի անգամ չեն հարցնում, թե` տղա՛ ջան, էսօր ինչո՞վ ես զբաղվել, ի՞նչ գնահատական ես ստացել։ Ծնողական ժողովներին էլ եմ  ես գնացել։

-Ա՛յ հեր, վա՞տ է, որ քեզ վստահել ենք,- արդարանում է տիկին Ամալյան,- համ էլ քեզնից լավ ո՞վ էր լեզու գտնում Հակոբի հետ։ Էնքան չար էր, Աստծո պատիժ, մենակ պապին էր լսում։

-Սկի էլ չար չէր,- պապը մտնում է իր տարերքի մեջ,- ժիր, աշխույժ երեխա էր, շատ խելացի, հետաքրքրասեր։ Անընդհատ հարցեր էր տալիս։ Շատ ջիգյարով էր, կյանքում կենդանու վնաս չէր տա։ Թփերի տակից ոզնի էր գտել, ասի` Ակո՛բ ջան, ոզնու միսը շատ համով է, խորոված անեմ-կեր, լաց եղավ, ասեց՝ մեղք է ոզնին։ Գառներին գրկում-պաչում էր։ Էսպես խղճով էլ մեծացավ։ Բայց չկարծեք` փուխր տղա է, փոքրուց տղամարդ-տղա էր, դրսի պատահած բանը չէր պատմի, խաբարբզիկ չէր, երբեք ընկերոջը չէր մատնի, գաղտնիք պահել  գիտեր, թույլի վրա ձեռք չէր բարձրացնի, ուժեղի մոտ չէր խեղճանա։ Դպրոցում շատ լավ էր սովորում, ես անձամբ էի հետեւում դասերին, օգնում էի։ Մաթեմատիկա էր սիրում, մեկ էլ պատմություն։

-Էն էլ պատմի, որ քիմիայի դասարանը կրակի էր տվել,- հուշում է որդին։

-Չէ մի, կրակի էր տվել,- բարկանում է պապը,- մի երկու նյութ լցրել իրար վրա, կպել էր։ Միամիտ էր եղել։

Հակոբը խորամանկ ժպտում է` պա՛պ ջան, մենակ դու ես ինձ հավատում, գնամ բանակ գամ, գյուղի տունը սարքենք, գնանք մեզ համար ապրենք։

Ակոբը գիտի պապի թույլ տեղը, ծերունու դեմքը լուսավորվում է, աչքերը փայլում են։

-Ակոբս իրա ուժերով համալսարան ընդունվեց։ Հիմա էլ կամավոր բանակ է գնում։

-Կամավոր չգնար, ի՞նչ էր անելու,- պապի հոգու հետ  այս անգամ փեսան է խաղում` Գեղամը,- չգնար` դատելու էին։

Պապը չի լսում, թե չլսելու է տալիս ու անխռով շարունակում է.

-Սրտիս ուզած ժամանակ գնում եմ գյուղ։ Էդ էլ որ չլինի, էս չորս պատերի մեջ կխելագարվեմ։ Գնում, կարոտս առնում-գալիս եմ։ Իմ խեղճ հորը ոչ ոք չէր հասկանում, իր տան կարոտի մրմուռը սպանեց նրան։ Ասում էր` անունդ Սասուն եմ դրել, որ ամեն օր Սասուն կանչեմ, սիրտս հովանա, ականջս լսի էդ անունը։ Մենք` փոքր երեխա,  զարմանում էինք, չէինք հասկանում։ Ոնց որ տղաս չի հասկանում ինձ։ Ասում է` Աստծուց կրա՞կ ես ուզում, քեզ համար ապահով ուտում-խմում, ապրում ես, հետն էլ` դժգոհ ես։ Թող մի քիչ պակաս ուտեմ, մի քիչ նեղը լինեմ, բայց իմ տանն ապրեմ, իմ օջախում։ Ակոբիս ասել եմ` սահմանին պինդ կկանգնես, մեր գյուղը կհիշես, մեր տունը։ Էդ որ հիշես, վախդ կվերանա։ Որ հիշես Ակոբ հորս տնկած ծիրանին, Կարմիր սարի ծաղկունքը, Յոթ աղբյուրի մաքրությունը որ հիշես, զորություն կգա վրադ։ Թուրքի գնդակից չվախենաս, ասել եմ, սարի պես կկանգնես։ Իմ հեր Ակոբի պես խեղճ ու անզեն չես, ընկերներիդ հետ ես, աֆիցերների հետ ես։ Էդ աֆիցերները, որ մի անգամ արդեն թուրքին դաս են տվել, մի անգամ արդեն հաղթել են, էլ պարտվողը չեն, վախեցողը չեն, ինչքան թուրքը մեծ զորքով գա։ Հողը մարդու պես հասկանում է, հողն զգում է տիրոջ ներկայությունը, գերի հողը, կորցրած հողը կորցրած երեխայի պես է։ Հերս ասում էր, երազիս մեր հողն է գալիս, հոնգուր-հոնգուր լացում է։ Հերս շուտ մեռավ, չհասցրի հարցնեմ, թե հողն էդ ո՞նց է հոնգուր-հոնգուր լալիս։ Սիրեկանը որ զինվոր դարձավ, հեչ պետքս չեղավ, տարան օտար երկիր, օտար սահման։ Պարտք էր` կատարեց-եկավ։ Ակոբիս զինվորանալը ուրիշ արժեք ունի։ Ակոբս գնում է իր տունը պաշտպանի, իր հողը, որ իր ծերացած Սասուն պապի հողը  երազ չգա ու հոնգուր-հոնգուր չլացի…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #36 (1407) 15.09.2021 - 21.09.2021, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


16/09/2021