ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՎԱԾ ՑԱՎՆ ՈՒՐԻՇ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Եվս մի ոլորան, ու նորից բարձունքին ենք` հանրապետության հյուսիսարևելյան դարպասները հսկող հենակետերից մեկում։ Ազատ հերթափոխի անձնակազմն անմիջապես գործի է անցնում։ Գետնատնակի ներսն ու դուրսը լցվում է սուրճի անուշաբուրությամբ։ Իսկ առաջնագծում սովորական սուրճն էլ յուրահատուկ է բուրում, մինչ կհասցնես գուշակել, թե այդ ինչ առեղծված է, սրճեփից բարձրացող գոլորշին այրելու աստիճան տաքանում է, բույրը՝ խտանում, հետո բույրն ու գոլորշին բաժին-բաժին լցվում են բաժակները, ու տղաները տեղավորվում են սեղանի շուրջ։
Բաժակներից բարձրացող գոլորշու ջերմությունն ամեն ումպի հետ արթնացնում է վերհուշը. պատերազմի օրերն են հիշում, ու… վերջին ումպի հետ բաժակը դատարակվում է, զրույցը՝ կիսատ մնում։ Նորից հերթափոխ է։
Մայոր Էլոյանը գումարտակի հրամանատարի տեղակալն է: Ամեն ինչ սկսվեց ուսանողական տարիներին։ Մասնագիտությամբ պատմաբան է։ Այնպես էր ստացվել, որ մագիստրոսական թեզի ուսումնասիրության թեմա էր ընտրել 90-ականներին Արցախի շուրջ ծավալված իրադարձությունները, տպավորվել էր հատկապես «Օղակ» գործողությունն ու Շահումյանի բռնի հայաթափումը։ Հենց գիտական ուսումնասիրությունների ընթացքում էր հասկացել՝ գիտությամբ սահմանափակվել չի կարող, այս պայքարը ինքը բանակի շարքերում պիտի շարունակի։
Պատմաբան հրամանատարի հետ զրուցում ենք հայդուկային շարժումից, 90-ականների պատերազմից գալիս հասնում մեր օրեր։
-Այստեղ բոլորն էլ շրջակա գյուղի բնակիչներ են, լավ գիտեն սահմանում տիրող վիճակը, սահմանապահ գյուղի կարգավիճակը: Նրանց բոլորի պապերը, հայրերն ու հորեղբայրները 90-ականներից կռվել ու աչքի լույսի պես պաշտպանել են այս հողակտորը: Տղաների մարտական ոգին շատ բարձր է, և մենք պատրաստ ենք ցանկացած պահի մեր առջև դրված մարտական խնդիրը կատարելու,- վստահեցնում է գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Վաչագան Քլոյանը:
Հերոսական դրվագների պակաս այս պատերազմում էլ չենք ունեցել։ Ու իրենք իրենց պատմություններն են պատմում, որ առանձին-առանձին պատերազմի համայնապատկերի մի կարևոր պատառիկն են։ Ինչպե՞ս սկսվեց պատերազմը։ Իրենց բաժին կռիվն իրենք սկսեցին երգով, կամավորի երգով, որովհետև իրենք կամավոր էին գնում Արցախ, որովհետև իրենք հավատում էին՝ խաղաղությունը չեն նվիրում, խաղաղությունը նվաճում են և նվաճում են կռվել-հաղթելով։
Բեկորները դեռ Դավթի կրծքավանդակում են, բայց բեկորները չէ, որ ցավեցնում են, զգացումներ կան, որ կարող են ավելի ուժգին ցավեցնել։
-Ոչ մեկս չի նահանջել, քայլ հետ չի արել: Բոլորս էլ գիտակցում էինք, որ ունենք ծնողներ, ընտանիք: Վիրավորվեցի, տեղափոխեցին Վարդենիսի հոսպիտալ, այնտեղից էլ՝ մայրաքաղաքի կենտրոնական հոսպիտալ: Բայց այդքանից հետո էլի չպառկեցի: Կամավոր հրաժարվեցի բուժումից ու վերադարձա առաջնագիծ: Քարվաճառի պաշտպանական ուժերին աջակցության շտապող անձնակազմի մեծ մասը կես ճանապարհին զոհվեց հակառակորդի անօդաչու սարքի հարվածից։ Ծառայակից ընկերների կորուստը անասելի ցավ էր. «Ցավ կա, որից եթե չեն մեռնում, է՛լ ավելի են զորանում»,- ասում է Դավիթը:
-Գնդի հրամանատարից սկսած՝ վերջացրած սերժանտով, մեր կողքին կանգնած են եղել ու մինչև վերջ մնացել են ու ոչ մի քայլ ետ չեն արել: Ինչը մեզանից կախված էր, ինչը մեր հնարավորությունների սահմանում էր, արել ենք,- ասում է պայմանագրային Նորիկ Գալստյանը:
-Մեր զորամասի հրամանատարի հրամանատարությամբ այսօր էլ պատրաստ ենք ցանկացած առաջադրանքի կատարման,- զրույցը եզրափակում է գումարտակի հրամանատարի տեղակալը:
Օրն իրիկնանում է, դիրքում հերթափոխները ժամացույցի սլաքներին համընթաց հաջորդում են մեկը մյուսին։ Անտառի ոլորաններն իջնում, հասնում են զորամաս։ Տղերքը մնում են բարձունքում։ Զորամասում իրիկնահացի ժամ է, բարձունքում տղերքն էլ երևի հացի են նստել, իրիկնացող օրն այնքան խաղաղ է, որ թվում է, թե սա էլ կանցնի։
Կանցնի՞, չէ, չի անցնի, ճաշարանի ճանապարհին զինվորը կանգնում է զորամասի մատուռի առաջ՝ դեմքով դեպի աջ փառք տալիս մարտում ընկած ընկերոջը, ու մտքում էլի անսովոր մի բան հանգիստ չի տալիս։ Ընկերների ու Հայրենիքի կորուստը ցավ է, անպատմելի, աննկարագիր ցավ, ասում են, թե պատերազմն իրենց չսպանեց, ուրեմն, այդպես էր պետք, բայց այսպես ապրելն էլ հեշտ չէ, պատերազմի վերքերը երբեք չեն սպիանում, դրանք մշտապես ցավեցնում են, ցավ էլ կա, ցավ էլ. պարզապես պատերազմի տված ցավն ուրիշ զորություն ունի։
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Լուսանկարները՝ ՖԵԼԻՔՍ ՇԱԽՏՈՅԱՆԻ
Խորագիր՝ #36 (1407) 15.09.2021 - 21.09.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում