Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՍեպտեմբերի 14-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Կապի զորքերի օր։ Ստորաբաժանումների անխափան ղեկավարումն ապահովող անձնակազմը մասնագիտական տոնը նշում է տեսական գիտելիքների և գործնական կարողությունների զարգացմանը միտված վարժանքներով։

Սեպտեմբերի 6-10-ը ՀՀ զինված ուժերի բոլոր զորամիավորումներում անցկացվել է կապի զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որի հիմնական նպատակը զորքերի ստացիոնար և դաշտային կապի հանգույցների մարտական պատրաստականության վիճակի բարձրացումն էր, տարբեր իրավիճակներում գործելիս մասնագիտական հմտությունների կատարելագործումը։

Զորավարժության ընթացքում խաղարկվել են մարտական գործողություններին առավելագույն մոտեցված սցենարներ։ Տարբեր տեղանքներում տեղակայված հանգույցները  հաղորդագրություններ են փոխանցել նորմացույցներով սահմանված ժամանակահատվածում՝ ապահովելով կապի հանգույցների տեղաբաշխման գաղտնիությունը, բարձր կենսունակությունը և պաշտպանվածությունը հակառակորդի հետախուզական միջոցներից։ Բոլոր միջոցառումների կիզակետում կապի փոխանակման անվտանգությունն ու արագությունն է եղել։

ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱռաջին օրը ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, դաշտային հանգույցները ռազմերթ են կատարել իրենց նախորոշված շրջաններում։ Բոլոր օղակներում իրականացվել է զորահավաքային ռեսուրսների լրահամալրում, կապի պլանավորման աշխատանքներ։

Զորամիավորումներում, առանձին զորամասերում, ըստ հրամանատարական սխեմաների, ամբողջ ծավալով բացազատվել են դաշտային կապի հանգույցները՝ զինված ուժերի կապի համակարգին առաջադրված ղեկավար փաստաթղթերի պահանջներին համապատասխան։ Զորավարժության ընթացքում հանգույցներին տրվել են ներմուծականներ՝ նպատակ ունենալով բարձրացնել հրամանատարական կազմի մասնագիտական ունակությունները։ Իրավիճակից ելնելով՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կապի հանգույցների ինժեներական ապահովմանը։

Զորավարժության ուսումնական կետերից մեկում ենք։ Անձնակազմը գործում է պայմանական հակառակորդի անմիջական ներգործության պայմաններում։ Առաջադրվում են տարաբնույթ խնդիրներ, որոնք իրագործվում են ճշգրտորեն և սահմանված ժամկետներում։ Ինչպես նշեց կապի հանգույցի պետ, փոխգնդապետ Կ. Կարապետյանը, իրենց առաջնահերթ նպատակը գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ համապատասխան ստորաբաժանումների կապի ապահովումն է զորքերի արդյունավետ և ճիշտ ղեկավարման համար։ Անխափան կապի ապահովման միջոցառումները փաստել են պարապմունքների արդյունավետությունը, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը։ Գործարկվել են նաև կապի նոր միջոցներ՝ հընթացս կազմակերպելով անձնակազմի ուսուցումը գործնական վարժանքների պայմաններում։

Զորավարժության ավարտից հետո կամփոփվեն բոլոր զորամիավորումներում կապի ստորաբաժանումների գործողությունների արդյունքները, կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցները՝ զինված ուժերում առավել հուսալի և անվտանգ կապ ապահովելու նպատակով։

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝

ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (1407) 15.09.2021 - 21.09.2021, Ազգային բանակ


16/09/2021