Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՔՈ ՈՒԺԸ ՏՈՒՐ



ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՔՈ ՈՒԺԸ ՏՈՒՐԳնդապետ Գագիկ Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասը հերոսության, հայրենասիրության ու արիության ասքեր գրեց 44-օրյա պատերազմում: Եվ ահա կռվի բոցերում թրծված, իրենց զինվորական երդումը կյանքով, արյամբ ու անձնվիրությամբ հաստատած զինվորների ավագ սերունդը հայրենիքը պաշտպանելու սրբազան պարտքը փոխանցում է կրտսերներին: Նորընծա զինվորների կուռ ու ձիգ շարքը նման է պողպատե վահանի: Նրանց աչքերում հաղթելու հավատ ու վճռականություն կա: Հայրենիքի ուժը նրանց հոգու մեջ է, հայրենիքն ուժեղ է, եթե զինվորի երդումը բխում է սրտից, եթե զինվորի երդումը սոսկ բառ չէ, կամք է, խիզախություն, սեր ու նվիրում:

«Զորավոր է այն զինվորը, որի համար Ծնողը, Պատիվն ու Հայրենիքը նույն բարձրության վրա են»,- ասում է հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արամ Ալոյանը, իսկ սարկավագ Հակոբյանը զինվորական երդումը անվանելով սրբազան ուխտ, այն ամբողջ կյանքում սրտի մեջ կրելու կոչ է անում զինվորներին ու մաղթում՝ «Թող Աստված ավելացնի ձեր բազկի ուժը, իմաստնությունը եւ կորով պարգեւի ամենքիդ եւ մեզ պահպանի խաղաղության եւ օրհնության ներքո»:

Զինվորները հուզված են, ներշնչված ու խանդավառ:

-Հիշարժան օր է մեր կյանքում,- ասում է նորակոչիկ Ներսես Բաղդասարյանը,- զինվոր դառնալով՝ դու վահան ես դառնում թշնամու առաջ: Ես էլ, ընկերներս էլ պատրաստ ենք պաշտպանելու մեր երկիրը, մեր ժողովրդին… Ես զինվոր եմ, ու ինձնից է կախված իմ բանակի մարտունակությունը, երկրիս ուժը: Սա պարտավորեցնող է, մեծ  պատասխանատվություն:

Արմավիրցի Վարդգես Մելքոնյանի հետ էլ եմ զրուցում: Նա վերջին պատերազմից է խոսում: Ձայնի մեջ ցավ կա, բայցև՝ ամուր ու վճռական մի շեշտ։

-Մեր հայրենիքի վրայով անցավ պատերազմի դաժան արհավիրքը, մեր ժողովուրդը մահ ու կրակ տեսավ, ցավ ու արցունք… Մեր՝ զինվորներիս պարտքն է անել հնարավորն ու անհնարինը, որ ոչ միայն պաշտպանենք մեր հողը թշնամուց, այլև արժանի հակահարված տանք առիթի դեպքում:

Զինվորների խոսքը վարակիչ է, նրանց կամքն ու վճռականությունը փոխանցվում են ծնողներին:

-Ինձ էլ զենք տվեք, բարձրանամ դիրքեր, կանգնեմ իմ զինվորի կողքին,- ասում է երիտասարդ մի տղամարդ:

Իմ զինվոր ասելով էլ՝ իր տղային նկատի չունի.

-Սահման պահող, հայրենիքը պաշտպանող յուրաքանչյուր զինվոր իմն է, իմ որդին է:

-Որդուս՝ Նարեկի զինվորական երդմանն եմ եկել, ինքս էլ զինվորական եմ, 44-օրյա պատերազմի մասնակից, կռվել եմ Ջրականում, այժմ էլ դպրոցում զինղեկ եմ աշխատում, խիզախ ու հայրենասեր սերունդ եմ դաստիարակում,- հետ չի մնում ավագ լեյտենանտ Կարեն Գասպարյանը,- հայրենիքին ծառայելը ոչ թե պարտք է, այլ՝ պատիվ…

-Պատվով կծառայենք,- զինվոր Դավիթ Ջոթյանն է: Դավիթը մարզական ակնառու հաջողություններ ունի՝ 60 կգ քաշային կարգում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի այս տարվա չեմպիոնն է, երիտասարդական հավաքականի անդամ է, միջազգային մրցաշարերի մրցանակակիր:

Պատերազմով անցած ճակատայինը գոհունակ ժպտում է.

-Քո հասակակից տղաները պատերազմի դաշտում առյուծի պես էին կռվում:

-Մենք էլ հուսախաբ չենք անի,- ասում է մոր ուսերը գրկած մեկ ուրիշ զինվոր: Մոր հայացքում անթաքույց հպարտություն կա: Այդ հայացքն ասում է.

-Հայրենիքին քո ուժը տուր, իսկ ինձ՝ հպարտություն: Թող գլուխս միշտ բարձր պահեմ ազատ, հզոր, պաշտպանված հայրենիքում:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (1407) 15.09.2021 - 21.09.2021, Uncategorized, Ազգային բանակ


16/09/2021