ԱՐՄԱՏԻ ՈՒԺԸ
Բազմաբնակարան շենքի չորրորդ հարկի պատուհանը իրիկնադեմին լուսավորվեց, ու բակի տաղավարում նարդի խաղացող տղամարդիկ հարցրին իրար. «Սերոբենք հե՞տ են եկել, թե՞ տունը վարձով են տվել»։ Սերոբ Խաչատրյանենց բնակարանում վեց տարի լույս չէր վառվել, ընտանիքը գնացել էր Ռուսաստան, Սերոբը երկու տղաների ու կնոջ հետ բռնել էր պանդխտության ճանապարհը։ Լավ է, որ տունը չեն վաճառել` ասում էին հարեւանները, եթե չեն վաճառել, ուրեմն՝ հետ կգան։ Գիտեին, որ Սերոբը մի քանի անգամ որոշել էր վաճառել բնակարանը, նույնիսկ հարեւաններին խնդրել էր, որ գնորդ ճարեին, սակայն հետո մտափոխվել էր` լսելով եղբոր խորհուրդներն ու ավագ որդու` Արմենի թախանձանքը. «Պա՛պ, ես հետ եմ դառնալու, ես կարոտին չեմ դիմանում, օտարության մեջ չեմ հարմարվում, տունը մի՛ ծախի, մեզ բոմժ մի՛ դարձրու։ Որ նեղն եմ ընկնում, մեր տունն եմ հիշում, մտածում եմ` ինչ լավ է, որ իմ հայրենիքում իմ անկյունն ունեմ։ Էդ տունն էլ որ ծախես, ինձ ընդհանրապես օդի մեջ կզգամ, առանց հենարանի, առանց հույսի»։
…Դուռը բացում է մի երիտասարդ տղա։
-Արմենը Դո՞ւք եք,- հարցնում եմ։
-Արմենը խանութ իջավ,- պատասխանում է,- ես Արմենի մանկության ընկերն եմ, անունս Արշավիր է։
Արշավիրն ինձ ներս է հրավիրում։ Տունը գրեթե դատարկ է։ Սրահում երկու աթոռ կա ու փոքրիկ սեղանիկ։ Ինքնաշեն տակդիրի վրա դարն ապրած մեծ հեռուստացույց է, քիչ հեռու` հատակին փռած անկողին։
-Արմենի ծնողները Ռուսաստան գնալուց առաջ տան եղած-չեղածը վաճառել են։ Էս երկու աթոռը, սեղանիկը, հեռուստացույցն ու անկողինը հարեւաններն են բերել։ Ես դիմացի շենքում եմ ապրում։ Դուրս էի եկել պատշգամբ, մեկ էլ աչքս ընկավ, տեսնեմ` Արմենենց լույսը վառվում է։ Վազելով եկա, դուռը թակեցի, Արմենը բացեց։ Վեց տարի իրար չէինք տեսել, գրկախառնվեցինք, ուրախացանք։ Ասեց` եկել եմ, որ բանակ գնամ։ Լսվում է փականի չխկոցը, հետո դուռը բացվում է, մեկը տոպրակներով բեռնված` մտնում է ներս, բարեւում է ու անմիջապես հարցնում` ճաշ եփել գիտե՞ս։ Ես շփոթված գլխով եմ անում, Արշավիրը նույնպես շփոթվում է ու աչքունքով սաստում ընկերոջը։ Մինչ Արմենը մթերքը կտեղավորեր խոհանոցում, Արշավիրը փորձում է հարթել անհարմարությունը։
-Արմենը մեր դասարանի ուրախությունն էր, միշտ էլ էդպես կատակչի է եղել, անբարդույթ։ Մտքինը լեզվի ծայրին էր։ Դասարանի բոլոր աղջիկները սիրահարված էին Արմենին, բա ուսուցիչներն ինչքան էին սիրում։ Բոլոր արկածների կազմակերպիչը Արմենն էր, բայց, միեւնույն է, ուսուցիչները սիրում էին։ Շատ ազնիվ, ընկերոջը հասնող, թույլի թասիբին կանգնող ու արդար տղա էր։ Մենք ախպերների պես էինք, իրարից անբաժան։ Իմ ու քո չկար։ Հաճախ կա՛մ մեր տանն էինք գիշերում, կա՛մ իրենց։ Որ Ռուսաստան գնաց, ես երկար ժամանակ տեղս չէի գտնում, ոնց որ ինչ-որ բան կորցրած լինեի։ Հիմա, որ եկել է, էլ չեմ թողնի գնա։
-Միտք էլ չունեմ,- սրահ մտնելով՝ ասում է Արմենը եւ տեղավորվում Արշավիրի աթոռին։ Հետո սկսում է իր պատմությունը։
-Ես հասկացա օտարության ուղնուծուծը, մինչեւ վերջ զգացի, թե ինչ ծանր է արմատներից հեռու ապրելը, որտեղ ամեն ինչ տարբեր է, քո իմացածի նման չէ, քեզ հարազատ չէ ու ստիպում է, որ քեզ փոքր զգաս։ Բակում ֆուտբոլ խաղալիս եղբայրս ու մի ռուս տղա քաշքշեցին իրար։ Մինչեւ իջա բակ, որ բաժանեմ, ռուսի քթից արյուն եկավ։ Ծնողները գնացին միլիցիա։ Հայաստանում լիներ, կիջնեին, մեղավորին մի ապտակ կտային, կբարձրանային վերեւ։
Երաժշտությունը մի քիչ բարձր ես միացնում, մեկ էլ տեսնում ես՝ շենքի լիազորին առաջն արած` մուտքի ամբողջ ժողովուրդը դռանդ մոտ է։ Ճիշտ են անում, բան չունեմ ասելու, բայց մեր բնավորությունն ուրիշ է։ Մենք կհանդուրժենք, կասենք` ծնունդ է, թող ուրախանան, մեզ մի քիչ նեղություն կտանք հարեւանի համար։
Իջնում եմ բակ` խաղերն ուրիշ են, մտնում եմ տաղավար, խոսակցությունն օտար է, ընկերությունն ուրիշ է, սերն ուրիշ է, հարեւանությունն ուրիշ է, ուտելիքի համն ուրիշ է։ Ես տնտեսագիտականն եմ ավարտել, ինստիտուտում ընկեր-ընկերուհիներ շատ ունեի, բայց նրանք մանկության ընկերներիս փոխարինել չէին կարող, էդ տեղը միշտ բաց մնաց` Արշոյի տեղը, Շիրակի, Հրաչի…
Հենց տաքսին մեր բակ մտավ, սիրտս սկսեց արագ-արագ խփել, ինքս էլ չիմացա` ինչո՞ւ էդքան հուզվեցի։ Մինչեւ մուտքի մոտ նստած տղաներին բարեւեցի, մի քիչ հարցուփորձ արինք, իմ գալու լուրը մինչեւ 9-րդ հարկ հասավ։ Հարեւանները մեկը մյուսի հետեւից իջան բակ, հետո մեր երրորդ հարկի հարեւանը բոլորիս սուրճի հրավիրեց, ինձ ուժով ներս տարավ։ Ու մեր տուն չմտած` ճամպրուկը ձեռքիս հայտնվեցի հարեւանի տանը` ծանոթ դեմքերով շրջապատված։ Էս հարազատությունն է, որ չկա Ռուսաստանում։ Չգիտեմ` ոնց բացատրեմ։
Ես եւ երկու զինակոչիկ` Արմենն ու Արշավիրը, փորձում ենք իրար օգնելով սուրճ պատրաստել, կտրատել թխվածքն ու լվանալ միրգը։ Արմենը գոհունակ նայում է աչքի պոչով, ու ես գլխի եմ ընկնում, թե ինչ է մտածում. «Էս մտերմությունն է, որ չկա Ռուսաստանում»։
-Մեր բանակի մասին պատկերացում ունե՞ս,- հարցնում եմ Արմենին։ Միտքն ուրիշ տեղ է.
-Փոքր եղբայրս ինձնից տասներեք տարով փոքր է, երեք տարեկան էր, որ Ռուսաստան գնացինք։ Հայաստանը չի հիշում։ Ինձ իմ կարոտը Հայաստան բերեց։ Նա Ռուսաստանին է կապվել, ռուսական մանկապարտեզ է գնացել, ռուսական դպրոց է գնում։ Տանը ինչքան էլ հայերեն ենք խոսում, միեւնույն է, դժվարանում է։ Իր համար ռուսերեն խոսելն ավելի հեշտ է, ինչու ջանք անի, բառերը փնտրի։ Հաճախ մեր հայերեն հարցին ռուսերեն է պատասխանում։ Որ բանակից գամ, ամառային արձակուրդներին Մհերին Հայաստան եմ բերելու, կարող է՝ հոգում ինչ-որ բան արթնանա։
Ես նորից եմ կրկնում բանակի մասին հարցը.
-Պապան փող էր տվել, ասել էր` բանակիդ քեֆը ռեստորանում կանես, հարեւաններին կկանչես, փող չխնայես, թող իմանան, որ Սերոբի ձեռը քարի տակ չի։ Բայց Արշավիրի ծնողները չթողին, ասին` բանակի քեֆը օջախում կանեն, քո ու Արշավիրի բանակի քեֆը միասին մեր տանը կանենք։ Համաձայնեցի։ Փող առաջարկեցի, ասեցին` հետո էդ մասին կխոսենք, դու քանի մարդ ուզում ես, կանչի։ Ես էլ մտածեցի, որ հետո մեր հաշվարկները կպարզենք ¥մանավանդ՝ ձեռս էլ ահագին փող կար¤, ինչքան հեռու-մոտիկ ծանոթ, բարեկամ ունեի, կանչեցի։ Արշավիրենց առանձնատան բակում հսկա սեղան բացեցին։ Մյուս օրն ասում եմ` Սարգի՛ս հոպար, ինչքա՞ն փող եք ծախսել, ասեք, որ կեսը տամ, ասում է` ամոթ չի՞, դու Արշավիրի համար ախպոր պես ես, հաշվենք զույգ տղա եմ բանակ ուղարկում։ Ասում եմ` ա՛յ Սարգիս հոպար, 30-40 մարդ էր եկել իմ կողմից, էդպես ո՞նց կլինի։ Ինչ արի-չարի, մի կոպեկ չվերցրեց։
-Քեզ բանակի մասին հարցրին,- թեման փոխում է Արշավիրը,- էդ մկաններդ բանակի համա՞ր ես աճեցրել։
Արմենը ծալում է ձեռքը եւ ցույց տալիս թեւի մկանները.
-Ինստիտուտում բոդիբիլդինգի խումբ կար, նույնիսկ մրցումների էինք գնում։ Ես միշտ էլ սպորտ սիրել եմ։ Արշո՛, չե՞ս հիշում, որ լողի էինք գնում, հետո թողեցինք, սկսեցինք ֆուտբոլ պարապել։ Բանակի մասին էլ հեռուստացույցից գիտեմ։ Մեր քաղաքում հայեր շատ քիչ կային, համարյա չէինք շփվում։ Հայկական առաջին ալիքը միշտ նայում էինք։ Դե, «Զինուժով» տեսել եմ, զորամասերը սիրուն, մաքուր, նորոգված էին։ Ի՞նչ դժվարություն պիտի լինի, հագուստ կտան, կկերակրեն, քնելու տեղ կտան, մնացածն էլ մե՛ր պարտականությունն է։
Դուռը թակում, մի հիսունին մոտ թմբլիկ տանտիկին փոքրիկ կաթսայով ճաշը ձեռքին մտնում է ներս։
-Թփով տոլմա է, դեռ տաք է,- դնում է էլեկտրական սալիկին ու արագ դուրս է գալիս։
-Ինչի՞ եք նեղություն քաշել,- կնոջ հետեւից ձայնում է Արմենը ու դառնում ինձ.
-Օր է եղել, երեք տեսակի ճաշ եմ ունեցել, երեք հոգի ճաշ են բերել։ Արմենը դուրս է նայում պատուհանից, իսկ ես հրճվանքով մտածում եմ, որ մենք, այնուամենայնիվ, հրաշալի ժողովուրդ ենք։ Որ մենք նման չենք ոչ մեկին, ու ինչ էլ լինի, ինչ ջրեր էլ հոսեն, մենք կպահպանենք մեր ժառանգական բարությունը, իրար օգնելու պատրաստակամությունն ու կողքինի ցավով ապրելու շնորհը։
-Փառք Աստծո, երկրի վիճակը լավացել է,- ասում է Արմենը,- երբ մենք գնում էինք Հայաստանից, տաղավարում օրը ցերեկով լիքը տղամարդ էր հավաքվում, ոչ մեկն աշխատանք չուներ, հիմա միայն դպրոցական երեխաներն են, մեկ էլ պապիկները։ Էն ժամանակ մեր մուտքից միայն երկու տղամարդ էր աշխատում, հիմա տանը նստած տղամարդ քիչ կգտնես։ Բանակից գամ, կսկսեմ աշխատել։ Թե որ իմ մասնագիտությամբ գործ չգտնեմ, ոսկերչություն կանեմ, քեռուցս եմ սովորել, կամ տաքսի կքշեմ, սալիկ կխփեմ։ Մի բան կանեմ, մինչեւ իմ մասնագիտությամբ գործ գտնեմ։ Տունը կարգի կբերեմ, քիչ-քիչ կահույք կառնեմ…
Ես նայում եմ Արմենին ու նրա վճռական, ամուր հայացքի մեջ կարդում եմ, որ ինչ դժվարության էլ հանդիպի, երբեք հետ չի գնա։ Որ չորրորդ հարկի նրա պատուհանի լույսն էլ երբեք չի մարի։ Մի քանի տարի անց այս տունը կլցվի երեխաների աղմուկով, ջերմությամբ ու սիրով։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #37 (1408) 22.09.2021 – 28.09.2021, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում