ԵՐԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԿԱՊԿՈՒՄ Է ՀԱՅԻՆ
Հավանաբար ձեզնից շատերը ականատես եղած կլինեն, թե ինչպես, ասենք, անճաշակ ու չտես հարևանը փորձում է նմանակել իր «դրկիցին»` կապկելով նրան ամեն ինչում. գնում է նույն մակնիշի ավտոմեքենա, բնակարանը նորոգում է նույն ոճով, կրում է նույն բրենդների հագուստները` վերածվելով դիմացինի աչքում ծաղրի առարկայի:
Նմանատիպ մի իրավիճակում է հայտնվել այսօր մեր արևելյան հարևան Ադրբեջանը, որը փորձում է իր բոլոր գործողություններով նմանակել հայերին: Ահա այսպես, նոյեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան էր ժամանել աշխարհում մարքեթինգի հիմնադիրը համարվող պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերը` ներկայացնելու հատուկ մեր տարածաշրջանի համար մշակված «Մարքեթինգ 3.0» հայեցակարգը: Չանցավ նույնիսկ մեկ ամիս, և ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որ «ադրբեջանցիների հրավերով Բաքու է ժամանում ռազմավարական մարքեթինգի «գուրու» Ջեք Թրաութը, որը նոյեմբերի 30-ին Բաքվի բիզնես- էլիտայի առջև հանդես կգա «Դիրքավորում աշխարհում» (Positioning around the World) մասթեր կլասով»:
Ինչ խոսք, Հայաստանում կամ Հայաստանի մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն կամ որեւէ կարկառուն անձնավորության այցելություն Հայաստան բնականաբար չի կարող անտարբեր թողնել մեր հարևաններին: Ադրբեջանցիներին «անտարբեր չէր թողել» նաև ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեի` Հայաստան այցելելու և որոշ հայկական բրենդներ գովազդելու մասին տեղեկատվությունը: Այդ մասին հայտնի դառնալուց հետո մի քանի շաբաթ անց ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն դարձյալ տարածեցին, թե Ժերար Դեպարդիեն կնկարահանվի «ադրբեջանական խոհանոցի» գովազդում:
Ադրբեջանը չկարողացավ իրեն զսպել անգամ Հայաստանում շախմատը, որպես պարտադիր առարկա, դպրոցներում դասավանդելու պետական որոշման հարցում: Հայտնի է, որ այս տարվա սեպտեմբերից շախմատը որպես պարտադիր առարկա ներառվեց դպրոցական ծրագրում և այսօր արդեն դասավանդվում է մեր հանրապետության բոլոր դպրոցներում: Դրան հետևեց ադրբեջանցիների «պատասխանը». ս.թ. հոկտեմբերի վերջին Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը հաղորդեց, որ նախարարությունում նիստ է հրավիրվել` քննարկելու շախմատը երկրի հանրակրթական ուսումնական հաստատություններում որպես առանձին առարկա դասավանդելու հարցը: Անկասկած, դա սոսկ առաջին քայլն էր, և վստահաբար կարելի է ասել, որ մոտակա տարիներին Ադրբեջանի դպրոցներում ևս շախմատը պարտադիր առարկա կդառնա:
Հաշվի առնելով Ադրբեջանի` Հայաստանին նմանակելու պետական քաղաքականությունը, մեզ մնում է միայն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Մեկ էլ տեսար` այս հարցում ևս ադրբեջանցիները փորձեն հետ չմնալ և ճանաչեն ԼՂՀ անկախությունը: Հրավիրեն, օրինակ, CNN-ի նկարահանման խմբին, որպեսզի վերջիններս էլ մի սիրուն ռեպորտաժ նկարահանեն դրա վերաբերյալ… Բնական է, որ դեպքերի նման զարգացումը, մեղմ ասած, գրեթե անիրական է, սակայն, ինչպես ասում են` «Чем черт не шутит?».
ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ
Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Ռազմաքաղաքական