Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ԵՎ ԱՐԱԲՆԵՐԻ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Իրանա-արաբական հարաբերությունները երբեք էլ աչքի չեն ընկել առանձնահատուկ ջերմությամբ։ Դրա պատճառներն են թե՛ շիա – սուննի կրոնական տարաձայնությունները, թե՛ պարսիկների և արաբների միջև որոշակի «հակակրանքը», և թե՛ տարածքային վեճերը, որոնց արմատները պատմական անցյալում են։ Սակայն այսօր դրանց ավելացել են նաև քաղաքական խնդիրները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է մահմեդական աշխարհում և Մերձավոր Արևելքում գերիշխող և ազդեցիկ դիրքի, ինչն ընդունելի չէ արաբական երկրների համար:

Արաբական աշխարհի և Իրանի միջև առկա տարածքային վեճերը վերաբերում են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող երեք կղզիների, որոնք տեղակայված են Հորմուզ նեղուցի մոտակայքում։ Այդ կղզիներն են` Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թոմբերը։ Այս խնդրի ակունքը անցյալ դարի 70-ական թվականներում է, երբ Իրանը իր վերահսկողությունը հաստատեց դրանց նկատմամբ։ Արաբական պետությունների լիգան աջակցում է ՄԱԷ-ին` Իրանի ու Միացյալ Արաբական Էմիրությունների միջև տարածքային հակամարտությունը համարելով Թեհրանի կողմից կղզիների օկուպացում։ Իրանի մայրաքաղաքում հրաժարվում են կղզիները համարել «վիճելի տարածք», և հակադրվում են այս հարցը Հաագայի միջազգային դատարան փոխանցելուն։

Տարածքային վեճերի կրակին յուղ լցրեց նաև Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեի խորհրդական Նատեգա Նուրի այն հայտարարությունը, որ «Բահրեյնը նախկինում Իրանի մարզերից մեկն է եղել»։ Սա մեծ զայրույթ առաջացրեց Պարսից ծոցի արաբական երկրներում:

Բացի այդ, արաբները համարում են, որ Իրանը շիաների հզորացման քաղաքականություն է վարում արաբական հասարակության մեջ, որտեղ գերակշռում են սուննիները։ Սա առաջին հերթին վերաբերում է, իհարկե, Իրաքին, բայց ոչ միայն: Օրինակ` Եմենում կառավարության զորքերը վերջերս ճնշեցին շիա աղանդավոր Զեիդիների ապստամբությունը, որն այս երկիրի ղեկավարության կարծիքով` Թեհրանի ձեռքի գործն էր։

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Լարվածության այլ պատճառ էլ կա` Իրանի միջուկային ծրագիրը:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը վերջերս հայտարարեց, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում որոշ արաբական երկրներ որոշել են կանգնել Արևմուտքի կողքը` «Իրանի դեմ, մոռանալով, որ իրականում արաբական աշխարհի հիմնական թշնամին սիոնիստական ռեժիմն է»։

Դոկտոր Սամի Ալ Ալֆառաջը, որը Քուվեյթի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահն է, Պարսից ծոցի արաբական երկրների Համագործակցության խորհուրդի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, համարում է, որ Իրանը միջուկային տեխնոլոգիաները զարգացնում է ոչ միայն խաղաղ նպատակներով, այլև ռազմական խնդիրների լուծման համար։ Բացի դրանից, նրա կարծիքով, Իրանի պահվածքը մատնում է տարածաշրջանում առաջատար դառնալու նրա մտադրությունը։ 2003 թվականից ի վեր Իրանը տարբեր միջոցներով, այդ թվում դրամական եւ ռազմական, միջամտում է տարածաշրջանի երկրների ներքին գործերին։

Այս ամենը Իրանին հաջողվում է` ունենալով ավանդական սպառազինություն։ Ի՞նչ տեղի կունենա, եթե Իրանը միջուկային զենք էլ ձեռք բերի, հարցնում են արաբները։ Իրանի միջուկային ձգտումների վերաբերյալ արաբների մտահոգությունը, հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում, հանգեցրեց նրան, որ Սաուդյան Արաբիան ևս ձեռնամուխ եղավ միջուկային ծրագրի իրականացմանը։ Անցյալ տարի Ալ Ռիադը հայտարարեց ԱՄՆ – ի աջակցությամբ իր առաջին միջուկային էլեկտրակայանի կառուցման մասին: Սաուդյան Արաբիայի այս որոշումը փորձագետները դիտարկում են որպես պատասխան Իրանի միջուկային նախաձեռնություններին։

Միջուկային զարգացման իր այս ծրագրով Իրանն ակամա հրահրում է տարածաշրջանի այլ երկրներին, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Եգիպտոսը, ստանալու նույն տեխնոլոգիաները և միջուկային էներգիան։ Միջուկային տեխնոլոգիաների մրցավազքը հղի է միջուկային սպառազինությունների մրցավազքի վերածվելու վտանգով։

Սաուդյան թագավորությունում լարվածությունը Իրանի հանդեպ ձևավորվեց այն բանից հետո, երբ երկրում հաստատվեց շիա հոգևորականության իշխանությունը։ Մասնավորապես, իրանական հեղափոխությունից հետո իրանցիների համար դժվարություններ առաջացան դեպի Սաուդյան Արաբիայի իսլամական սուրբ վայրեր ուխտագնացություններ իրականացնելիս, ինչը, մի կողմից, հաջի ավելորդ քաղաքականացման հետևանք էր (հենց իրանցիներն էին քաղաքականացնողը), իսկ մյուս կողմից` Իրանի շիա ուխտավորների նկատմամբ սաուդյան կրոնական ոստիկանության կոշտ վերաբերմունքի։

Քաղաքական հակասությունները Ալ Ռիադի և Թեհրանի միջև է՛լ ավելի խորացան Լիբանանում ռազմական հակամարտությունների ժամանակ: Բացի դրանից, Իրանը Պաղեստինյան շարժման` Համասի կողմնակիցն է, այնինչ Ալ Ռիադը իր օգնությունն է տրամադրում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի իշխանությանը։ Իրանը, փաստորեն, խրախուսում է անկախ պաղեստինյան պետության ստեղծումը։ Թեհրանի այսպիսի դիրքորոշումը շատ արաբական երկրների դժգոհությունն է առաջացնում, այդ թվում նաև պաղեստինցիների։ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը վերջերս քննադատեց Իրանին` մեղադրելով նրան Համասին աջակցելու մեջ, ինչը, նրա կարծիքով, խոչընդոտում է խաղաղության գործընթացին: Որոշ փորձագետների կարծիքով, Թեհրանը հովանավորում է սուննիների Համասին և շիաների Հիզբալլահին, որոնց ամրապնդումից վախենում են նաև Իսրայելին սահմանամերձ արաբական երկրները։

Հարկ է ընդգծել, որ Իրանի միակ համեմատաբար հավատարիմ դաշնակիցը Արաբական երկրների մեջ Սիրիան է, որը դարձել է կամուրջ Թեհրանի և պաղեստինյան ծայրահեղական խմբերի միջև։ Հետևաբար, Իրանի նկատմամբ Սիրիայի վերաբերմունքը խոչընդոտ է Սիրիայի և մի շարք արաբական երկրների փոխհարաբերություններում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այն Կահիրեի և Դամասկոսի միջև լարված հարաբերությունների հիմնական պատճառն է։

Եգիպտոսում գտնում են, որ Սիրիայի սերտ դաշինքը Իրանի հետ վնասում է արաբների շահերին։ Լարվածության հերթական ուժեղացումը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, երբ տապալվեցին պաղեստինյան հակադիր շարժումների` Ֆաթհի և Համասի միջև հաշտություն հաստատելու եգիպտացիների ջանքերը։ Եգիպտոսը Համասի դիրքորոշման վրա ազդելու մեջ մեղադրեց Սիրիային, որը խորհրդակցությունների բազմաթիվ փուլերից հետո վերջնականապես մերժեց (ենթադրաբար` Իրանի ազդեցությամբ) եգիպտացիների առաջարկած` միջգերատեսչական պաղեստինյան հակամարտության կարգավորման ծրագիրը։

Արաբները է՛լ ավելի են զգուշանում իրանցիների հավակնություններից, որոնք ակտիվանում են Թեհրանի միջուկային ոլորտի հաջողություններին զուգահեռ։ Վերջին տարիներին արաբներին Իսրայելը սկսել է նույնիսկ ավելի քիչ մտահոգել, քան Իրանի միջուկային ծրագիրը։ Ավելորդ է ասելը, որ Իսրայելի համար Իրանի միջուկային ծրագիրը նույնպես սպառնալիք է։

Այսպիսով, Իսրայելի եւ Ծոցի երկրները կարող են միասնական ճակատ ձևավորել Իրանի դեմ։ Իսկ Ալ Ռիադը այնքան է թշնամանքով լցվել Թեհրանի նկատմամբ, որ նույնիսկ բանակցություններ է վարում ԱՄՆ – ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ։ Սա անշուշտ անհանգստացնում է իրանական կողմին։ Պատահական չէ, որ Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին այս տարվա փետրվարի 21-ին խստիվ դատապարտեց ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը: Պարոն Լարիջանին զգուշացրեց Սաուդյան թագավորական տանը, որ նա էլ կարժանանա Իրանի Շահի ճակատագրին, որին Վաշինգտոնը թողեց բախտի քմահաճույքին։

Ուշագրավ է նաև, որ ԻԻՀ նախագահ Ահմադինեժադը, այս տարվա փետրվարին գտնվելով Սիրիայում, ուրբաթ օրվա աղոթքը կատարեց սուննիների մզկիթում` հետագայում հայտարարելով, որ իր համար իսլամը մեկն է, և նա տարբերություն չի տեսնում սուննիների և շիաների միջև: Իրանի ղեկավարությունը պատրաստ է ստեղծել Պարսից ծոցի արաբական երկրների հետ համատեղ հավաքական անվտանգության մի համակարգ և նույնիսկ կնքել միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր։ Սակայն Ալ Ռիադը սուննիների և շիաների միջև երկխոսության և «միայն մեկ իսլամ» ճանաչելու վերաբերյալ Իրանի նախագահի կոչերը համարում է ոչ այլ ինչ, քան խաղ, որի նպատակն է մեղմել կրոնական և գաղափարախոսական լարվածությունը Իրանի և արաբական երկրների միջև և դառնալ առաջնորդ ոչ միայն շիաների, որոնք մահմեդական աշխարհի մոտ 10% են կազմում, այլև բոլոր մահմեդականների։ Դրա հետ համակերպվել Սաուդյան Արաբիան, իհարկե, չի կարող:

Այդ իսկ պատճառով Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ամռ Մուսայի` «Իսրայելի միջուկային սպառնալիքի» աճի դեպքում Իրանի հետ երկխոսություն սկսելու կոչին արաբական երկրները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, բացասաբար պատասխանեցին։ Փաստորեն, իր քաղաքական և կրոնական մեկուսացումը կանխելու նպատակով արաբական աշխարհի հետ հարաբերություններ հաստատելու Իրանի ջանքերը դեռևս ապարդյուն են։

ՆԵԼԼԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
արաբագետ

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Ռազմաքաղաքական


14/12/2011