ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐԻ ԲԱՑՄԱՆԸ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Արմավիրի մարզի Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողների բացման և զոհված հայորդիների ոգեկոչման միջոցառումներին:
Հուշ-ցերեկույթների ընթացքում անդրադարձ է եղել մերօրյա հերոսների սխրանքներին ու քաջագործությանը, միասնական Տերունական աղոթք է հղվել առ Աստված զոհվածների հոգու հանգստության համար, խոնարհվել են ծաղիկներ հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիներին նվիրված հուշակոթողներին:
Այնուհետև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Արմավիրի ուսումնական զորամասում մասնակցել է անմահ հերոսների հավերժության խորհուրդն ամփոփող հոգեհանգստյան աղոթքին և մոմավառությանը: