Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՄԱՆՑԻՆԵՐԸ



ԽՍՀՄ պաշտպանության նախարարի 1941թ. դեկտեմբերի 14-ի հրամանով ստեղծվեց 474-րդ հրաձգային դիվիզիան, որը դեկտեմբերի 26-ին վերանվանվեց 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի, որի կազմավորումը և համալրումը կատարվում էր միայն հայերով։ Մարտական գործողություններին պատրաստ լինելու կապակցությամբ հուլիսի 16-ին դիվիզիայի հրամանատարությանը հանձնվեց մարտական դրոշը, և մարտիկները կազմ-պատրաստ մեկնեցին ռազմաճակատ՝ Թերեք գետի ափ` Գրոզնու շրջան, որտեղ պաշտպանական ծանր մարտեր մղեցին մինչև դեկտեմբեր ամսվա վերջը՝ ձախողելով գերմանական բանակի առաջ շարժվելու ջանքերը։ 1942թ. դեկտեմբերի վերջին օրերին դիվիզիան մասնակցեց Հյուսիսային Կովկասի մի քանի տասնյակ քաղաքների և բնակավայրերի ազատագրմանը՝ անցնելով շուրջ 700 կմ։ 1943թ. փետրվարի 10-ին Կրասնոդարի երկրամասի Նովոջերելովկա-Գարբուզով բալկա բնակավայրում մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհվեցին դիվիզիայի հրամանատար գնդապետ Վասիլյանը և բազմաթիվ հրամանատարներ ու զինվորներ։

Փետրվարի 19-ին դիվիզիայի հրամանատար է նշանակվում մարտական գործողությունների փորձ ունեցող 295-րդ դիվիզիայի հրամանատար գնդապետ Նվեր Սաֆարյանը։ Դիվիզիան հաջողությամբ կատարում է Ազովի ծովի շրջանում Ազով եւ Եյսկ քաղաքների միջև ընկած 220 կմ տարածքի պաշտպանությունը, որից հետո մարտական գործողություններ է իրականացնում Նովոռոսիյսկ քաղաքի հարավային ուղղությամբ Սախարնայա Գոլովկա կոչվող Դոլգայա լեռների շրջանում Կապույտ գիծ կոչվող խիստ ամրացված տեղանքում։

Սեպտեմբերի 16-ին դիվիզիան անցավ հարձակման և ազատագրեց Նովոռոսիյսկը, որի ընթացքում Դոլգայա լեռան բարձունքը ազատագրելիս 390-րդ գնդի առաջին գումարտակի, առաջին վաշտի դասակի հրամանատարի օգնական, ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը իր մարմնով փակեց թշնամու հրակնատը, իր կյանքի գնով ապահովեց գումարտակի առաջխաղացումը։ Սեպտեմբերի 18-ին Նովոռոսիյսկ- Վերխնի Բականսկ Կուրբատսկայա բնակավայրերի բարձունքը ազատագրելիս 526 գնդի դասակի հրամանատար լեյտենանտ Մալխասյանը վիրավորվում է, դասակի հրամանատարությունը ստանձնում է նրա օգնական Սուրեն Առաքելյանը եւ դասակի առաջ գնալը ապահովելու համար նույն կերպ իր մարմնով փակում է գնդացրային կրակակետի հրակնատը։ Դիվիզիայի գրոհային խմբերը սեպտեմբերի 20-ի առավոտյան ազատագրեցին Վերխնի Բականսկ քաղաքը, խափանելով ֆաշիստական զավթիչների կողմից 5000 սովետական քաղաքացիների գերի տարվելը։ Հոկտեմբերի 4-ին դիվիզիայի զորամասերը ազատագրեցին Թաման քաղաքի ծովափը, իսկ հոկտեմբերի 8-ի երեկոյան ազատագրեցին Թամանյան թերակղզու վերջին բնակավայր Պրիմորսկ բնակավայրը։

ԽՍՀՄ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ստալինի հոկտեմբերի 9- ի հրամանագրով դիվիզիային շնորհվեց Թամանյան պատվավոր անունը, դիվիզիան պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով, իսկ դիվիզիայի հրամանատար գնդապետ Նվեր Սաֆարյանին շնորհվեց գեներալ-մայորի կոչում:

Սակրային գումարտակի ջոկի հրամանատար Ջահան Կարախանյանը Նովոռոսիյսկ քաղաքի և Թաման թերակղզու ազատագրման ընթացքում տեղադրեց եւ ականազերծեց 3000 ական եւ զոհվեց հրանոթային արկի պայթյունից։

Հունան Ավետիսյանը, Սուրեն Առաքելյանը և Ջահան Կարախանյանը հետմահու արժանացան Սովետական Միության հերոսի բարձր կոչման, ինչպես նաեւ շուրջ 2500 զինվոր և հրամանատար պարգևատրվեցին մարտական շքանշաններով ու մեդալներով։

1943թ. նոյեմբերի կեսերին դիվիզիայի զորամասերը թշնամու չդադարող կրակի տակ դեսանտ իջան Կերչ քաղաքին հարող Ապասնի եւ Հաջի Մուշկա կոչվող տարածքում։ Դեկտեմբերի 4-ին դիվիզիան սկսեց Կերչ քաղաքի ազատագրման գործողությունները եւ համառ ու երկարատեւ մարտերով ազատագրեց այն, որից հետո Սեւաստոպոլի ազատագրումն էր, որը պայմանավորված էր Սապուն գարա լեռնաշղթայի հարավային վերջնակետում Գորնայա լեռան գրավմամբ՝ 1944թ. մայիսի 9-ին։ Նույն օրը ազատագրվեց Սևաստոպոլ քաղաքը, դիվիզիան շարունակեց ազատագրական մարտերը Օմեգա բնակավայրի ուղղությամբ՝ ոչնչացնելով ծովով փախչող ֆաշիստներին: Մայիսի 12-ին 390-րդ եւ 400-րդ գնդերի գրոհային ջոկատները գրավեցին Սևաստոպոլից ձախ գտնվող Խերսոնես հրվանդանի Կազաչի բուխտ ծովածոցը՝ գերելով շուրջ 4000 ֆաշիստի, որով եւ ավարտվեց Ղրիմի ազատագրումը։

Սևաստոպոլի ազատագրման համար առանձնակի խիզախության համար հրաձգային վաշտերի դասակների հրամանատարներ Խորեն Խաչատրյանը, Սիմոն Բաղդասարյանը, Այդին Հարությունյանը եւ ջոկերի հրամանատարներ Հարություն Մկրտչյանն ու Վարդգես Ռոստոսյանը արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1944թ. մայիսի 24-ի որոշմամբ` դիվիզիան պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով, իսկ Գերագույն գլխավոր հրամանատար Ստալինի մայիսի 26-ի հրամանով 390 և 400-րդ գնդերը արժանացան Սևաստոպոլյան պատվավոր անվանը։

Այնուհետև դիվիզիան ընդգրկվեց առաջին Բելոռուսական ռազմաճակատի 33-րդ բանակի կազմում եւ տեղափոխվեց Բելոռուսիա, որից հետո՝ Լեհաստան եւ պատրաստվեցին մարտական հարձակողական գործողությունների:

1945թ. հունվարի 2-ից Կարմիր բանակը սկսեց Վիսլա-Օդերյան հարձակողական գործողությունը, շարժվեց Պուլավյան պլացդարմ եւ հունվարի 12-ին չդադարող կրակի պայմաններում անցավ Վիսլա գետի 450 մետր երկարությամբ կամուրջը՝ հունվարի 16-ին մասնակցելով Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի ազատագրմանը։ 390-րդ Սևաստոպոլյան գունդը Ռուսկի բրուդ բնակավայրում հունվարի 19-20-ը ջախջախեց ֆաշիստական 6000-անոց զորամասը։ Դիվիզիան շարունակեց հարձակողական-հաղթական գործողությունները, ազատագրելով լեհական Տոմաշեկա, Բաբիանի, Շադեկ, Վարատ, Կալիչ, Կոստեն, Կազիմիր քաղաքները։ Հունվարի 31-ին դիվիզիան անցավ ֆաշիստական Գերմանիայի սահմանը եւ փետրվարի 1-4-ը գրավեց սահմանային Բոմստ, Ցուլիխաու, Սեզերտից, Շվիբուս քաղաքները։ Դիվիզիան փետրվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածում մարտեր մղեց Ֆրանկֆուրտի մատույցներում և ապրիլի 23-ին գրավեց Ֆրանկֆուրտ քաղաքը, իսկ ապրիլի 26-ին ընդգրկվեց 3-րդ հարվածային բանակի կազմում՝ արդեն ապրիլի 28- ին փողոցային մարտեր մղելով Բեռլինում։

Ապրիլի 30-ի գիշերը գրավվեց Ռայխստագը, դիվիզիան մայիսի 2-ին գրավեց Բեռլինի կենտրոնի բերդ-ամրոցը` 5200 ֆաշիստի վերցնելով գերի եւ մեծ քանակի ռազմավար։ Մայիսի 3-ին հաղթանակած թամանցիները Ռայխստագի հրապարակում պարեցին հայկական քոչարին՝ ցույց տալով հայ զինվորի մարտական անկոտրում ոգին։ Մայիսի 4-ի առավոտյան, թողնելով Բեռլինը, շարունակեցին ռազմերթը դեպի արևմուտք եւ անցնելով 150 կմ, հաղթանակը նշեցին Էլբա գետի ափին։

Օդեր-Բեռլին ճակատամարտի մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության եւ խիզախության համար մայիսի 28-ին դիվիզիան պարգեւատրվեց Կուտուզովի 2-րդ աստիճանի երրորդ մարտական շքանշանով, իսկ 400-րդ գնդի առաջին գումարտակի հրամանատար Հրանտ Բաբայանը արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։

Մարտական գործողությունների ամբողջ ընթացքում մեր մարտիկների կողքին էին շուրջ 250 բուժաշխատողներ, որոնցից 200 հայ կանայք և աղջիկներ։

1945թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հաղթական դիվիզիան, հայ ժողովրդի պատվիրանը կատարած, վերադարձավ Հայաստան եւ 7-րդ գվարդիական բանակի կազմում գործեց մինչեւ 1956թ. հունիս ամիսը։

Ավարտելով իր մարտական ուղին, դիվիզիան մարտերով անցել էր 7250 կմ, գերել 20 հազար ֆաշիստ զինվոր եւ սպա։ Մասնակցելով 1000 քաղաքների եւ բնակավայրերի ազատագրմանը եւ գրավմանը՝ դիվիզիայի 12000 սպաներ եւ զինվորներ պարգևատրվեցին մարտական շքանշաններով եւ մեդալներով, իսկ 9-ը արժանացան Սովետական Միության հերոսի կոչման, 8-ը պարգեւատրվեցին փառքի երեք աստիճանի շքանշանով։ Միակ ազգային դիվիզիան էր, որ մասնակցեց ֆաշիզմի խորհրդանիշ հանդիսացող Ռայխստագի գրավմանը։

Դիվիզիայի լուծարումից հետո ընտրվեց վետերանների խորհուրդ՝ գեներալ Սաֆարյանի նախագահությամբ, որը գործում է մինչ օրս։

Թամանցիները զորացրվելուց հետո էլ ակտիվ մասնակցություն ունեցան անկախ Հայաստանի պետականության և Հայոց ազգային բանակի կայացման գործում։ Թամանցիների մարտական ոգին պահպանվեց նաեւ Արցախյան ազատամարտի օրերին։ Առաջացած տարիքում էլ 17 թամանցիներ մասնակցեցին նորօրյա ազատամարտին եւ կրկին հերոսացան։

Հաշվի առնելով թամանցիների դերն ու նշանակությունը, երիտասարդության եւ զինվորների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում՝ Հանրապետության նախագահի 20.06.2001թ. հրամանագրով մայրաքաղաքում տեղակայված հատուկ գնդի իրավահաջորդ 5-րդ բանակային կորպուսի թիվ 68617 զորամասը վերանվանվեց՝ կոչվելով Թամանյան, եւ զորամասին հանձնվեց դիվիզիայի մարտական դրոշը։

ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Թամանյան դիվիզիայի վետերան,
վետերանների խորհրդի
նախագահ, պաշտոնաթող գնդապետ

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Պատմության էջերից


14/12/2011