ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ ՔԱՇԱԹԱՂՆ Է
Քաշաթաղի՝ հազարամյակներ շարունակ Հայոց ոստան լինելու մասին են վկայում պատմաճարտարապետական բազում հուշարձանները, որոնց լուսանկարների ցուցահանդեսը սեպտեմբերի 22-ին բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում: «Հայկական Քաշաթաղը» խորագիրն է կրում ցուցահանդեսը, որն անցկացվում է «Յոթը սարի հետևում» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի շրջանակում և կազմակերպվել է Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի ջանքերով: Ցուցադրության բացմանը ներկա էին արվեստասերներ, Արցախից տեղահանվածներ, որոնք ժամանակավոր բնակվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, դպրոցականներ, ուսանողներ, Բերդաձորի և Քաշաթաղի տարածքների պաշտպանական ու ազատագրական մարտերին մասնակցած ազատամարտիկներ, ուսուցիչներ: Ներկա էին նաև Մարտունու մանկական արվեստի դպրոցի սաները: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո աշակերտները պատկերասրահում ցուցադրվող վարպետների աշխատանքներն էին արտանկարում։ Մարտունու պատկերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը, մասնավորապես ասաց.
-Քաշաթաղի պատմամշակութային արժեքների մեծ մասը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ: Սակայն, միևնույն է, դրանք հայկական են և հայկական են լինելու նաեւ ապագայում: Այդ են վկայում մեր բոլոր այցելուների, հատկապես դպրոցահասակ երեխաների հայացքները` իբրև պահանջատիրոջ:
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց, որ ներկա ցուցադրությունը կայացել է մայիս ամսին իր ղեկավարած մշակութային օջախում: Ներկայացրեց լուսանկարներն ու դրանց հեղինակներին՝ առավել կարևորելով այն, որ այժմ անհայտ է լուսանկարներում պատկերված կոթողների ճակատագիրը, և ներկայացված լուսանկարներն ունեն նաև արխիվային արժեք: Ազատամարտիկ Թաթուլ Կարապետյանը, որը եղել է Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի (ԲԻԽ) Մարտունու շրջանի համակարգողն ու ընդհանուր հրամանատարը, ողջունելով ձեռնարկը, ներկայացրեց լրագրող, լուսանկարիչ, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանին, որը 1989 թ. Մարտունու շրջանից կազմավորված ջոկատի կազմում մասնակցել է Բերդաձորի ինքնապաշտպանությանը:
-Ցուցադրվող լուսանկարները անհերքելիորեն վկայում են, որ Քաշաթաղի շրջանում, հատկապես լեռնային հատվածներում, Հակարիի վտակներ Աղավնոյի, Հոչանցի, Շալուայի, Որոտանի, ինչպես նաև Արաքսի վտակների հովիտներում վաղնջական ժամանակներից հայ մարդն է ապրել ու արարել, իսկ քրիստոնեական ժամանակներում վանք ու եկեղեցի, խաչքար ու խաչաքանդակ տապանաքարեր կերտել ու թողել որպես վկայություն:
Ցուցադրվող պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարների մի մասն էլ հեղինակել է Զոհրաբ Ըռքոյանը,- նշեց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:
Ցուցահանդեսում ներկայացված են նաև երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի լուսանկարներից՝ «Արցախի կամուրջները» և Արտակ Գնունու 10 և ավելի տարիների ընթացքում Քաշաթաղի շրջանի հարավային թևի՝ Ողջիի աջափնյա Կերեն գյուղի մոտակա դամբարանների պեղումներից հայտնաբերված նյութերի լուսանկարները:
ՎԱՐՍԵՆԻԿ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #38 (1409) 29.09.2021 – 5.10.2021, Բանակ և հասարակություն