Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՐԲԱԶԱՆ ԵՐԴՈՒՄ



ՍՐԲԱԶԱՆ ԵՐԴՈՒՄՎաղուհաս գյուղը, որտեղ ծնվել ու մեծացել է Վազգենը, շնորհիվ մեր քաջորդիների, այսօր էլ շարունակում է անառիկ մնալ: Լեռները բոլորել են գյուղը չորս կողմից, կապտականաչ սարերն ի վեր բազմած տները կարծես ինչ-որ մեկի անտես ձեռքով նկարված կտավ լինեն: Հիմա եմ հասկանում այն մեծ սերն ու կապվածությունը հարազատ գյուղին, որի մասին միշտ անթաքույց հիացմունքով ու կարոտով պատմում էր Վազգենը:

Դեռ տասնչորս տարեկանում «գծագրվեց» Վազգենի զինվորական ուղին. 2012 թ. ընդունվեց Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, որից հետո կրթությունը շարունակեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ հրետանային դասակում: 2019 թ. ավարտելով Ռազմական համալսարանը, վերադարձավ Արցախ՝ ծառայության անցնելով Ներքին Հոռաթաղի զորամասում: Վազգենն ստանձնեց դասակի հրամանատարի պաշտոնը, դարձավ սիրված սպա, ավագ ընկեր իր զինվորների համար:

2020 թ. սեպտեմբերի 25-ին ավագ լեյտենանտ Միխայելյան Վազգենն իր դասակով Մատաղիսի դիրքերում էր: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սկսեց լայնածավալ հարձակում, իսկ թշնամու առաջին հարվածներն իրենց վրա վերցրին Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղերը:

Ծնողների հետ վերջին անգամ Վազգենը զրուցեց սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան… Գիշերը թշնամին ԱԹՍ-ով հարվածեց արկերի պահեստին: Կրակը աստիճանաբար կլանում էր տարածքը, իսկ արկերի պայթյունը կարող էր տասնյակ զոհերի պատճառ դառնալ: Վազգենը զինվորներին հրամայեց մտնել թաքստոց, իսկ ինքը փորձեց հանգցնել այն….Սեպտեմբերի 28-ին ՊԲ-ի հրապարակած զոհվածների առաջին ցուցակի վերջին տողում գրված էր՝ «Միխայելյան Վազգեն Լևոնի»…

Վաղուհաս տանող ճանապարհին՝ բլուրի վրա մի ճերմակ հուշաքար է դրված՝ 1998-2020 թվագրումով… Վազգենը թաղված է գյուղի համայնքապետարանի բակում, շարքային զինվոր՝ 19-ամյա Մխիթարի կողքին, որը նույնպես զոհվել է վերջին պատերազմում:

-Տղաս շատ երազանքներ ուներ, ամեն ինչ կիսատ մնաց,- ասում է Վազգենի մայրը:

…Իմ հիշողության մեջ դեռ թարմ է Վազգենի երկրորդ կուրսում գրված շարադրությունը՝ «Հաղթանակի հերոսները» վերտառությամբ:

«Ես շատ եմ սիրում իմ երկիրը, իմ հողը, և այս ամենն իմ հոգին լցնում է հպարտությամբ: Համազգեստ կրել պատվով, համազգեստ կրել հանուն Եռագույնի: Մեծագույն հիացմունք եմ ապրում, երբ կարդում եմ Հաղթանակի հերոսների մասին. նրանք են կերտում հայ ժողովրդի պատմությունը: Ես Հայոց բանակի կուրսանտ եմ: Ես սրբազան երդում եմ տվել՝ ծառայել հայրենիքիս, ինչպես նախկինում ուխտյալ զինվորները: Թշնամին դեռ հատուցելու է, մենք տեր ենք կանգնելու մեր արժեքներին:

 

ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #38 (1409) 29.09.2021 – 5.10.2021, Ճակատագրեր


30/09/2021