ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՖԱՀՐԱԴՅԱՆ
«Թեև ծնվել եմ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում, բայց զտարյուն սասունցի եմ… Հենց դա էլ ստիպեց, որ ընտրեմ զինվորականի դժվարին, պատասխանատու ու պատվաբեր մասնագիտությունը»: Ու կեսկատակ-կեսլուրջ շարունակում է. «Լսած կլինեք, խոսքի մեջ մեր ժողովուրդը ասում է՝ ծուռ սասունցի: Ա՛յ, զինծառայողն էլ հենց պետք է սասունցու նման ծուռ լինի»:
Այսպես է սկսվում մեր զրույցը բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արթուր Ֆահրադյանի հետ։
Դեռ դպրոցում Արթուրը որոշել էր գիտությամբ զբաղվել, դառնալ ֆիզիկոս, սակայն հայկական բանակում երկու տարի ծառայելուց հետո սպայական պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստանում։ Բարեհաջող անցնում է սպայական դասընթացները և որպես դասակի հրամանատար ծառայության է նշանակվում առաջնագծում՝ ստանալով հրամանատարական մկրտությունը:
«Հայրենիքի պաշտպանի բարձր կոչումն էր, որ ինձ ստիպեց երկարացնելու պայմանագիրս ու շարունակելու ծառայությունս: Իհարկե, զինվորական դառնալու ճանապարհին դժվարություններ եղել են, և ոչ քիչ, սակայն տրտնջալը, ճանապարհից հետ կանգնելն ինձ բնորոշ չէ: Իմ խորին համոզմամբ, զինծառայողի, հատկապես՝ սպայի, հրամանատարի համար «դժվար է, չկա, չի ստացվում, չեմ կարող» և նմանատիպ արտահայտությունները չպետք է գործածական, առօրեական լինեն: Զինված ուժերը այն համակարգն է, որտեղ պետք է դու ցույց տաս քո ունակությունները, հրամանատարական գիտելիքները, ցանկացած հարցի, խնդրի, առաջադրանքի հետ կապված ունենաս հստակ դիրքորոշում: Հավատացնում եմ՝ դա գնահատվում է»,- անկեղծանում է փոխգնդապետ Արթուր Ֆահրադյանը:
Հրամանատարական ունակությունները կատարելագործելու և փոխգնդապետի որակավորման դասընթացներին մասնակցելու նպատակով էլ Արթուրը 2016 թ. ընդունվում է Ռազմական համալսարան, սակայն սկսվում են ապրիլյան կռիվները, եւ Արթուրն իր երկու ընկերների հետ կիսատ է թողնում ուսումն ու վերադառնում է զորամաս…
44-օրյա պատերազմի օրերին նա արդեն հմտացած էր ռազմական գործողությունների մեջ, փոխգնդապետ Ֆահրադյանի համար արդեն կանխատեսելի էին թշնամու ծրագրերը:
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան յոթն անց տասնհինգ րոպեին թշնամին հրետանիով թիրախավորեց մեր զորամասի ՄՏՎ-ն: Անմիջապես տագնապով անձնակազմը ոտքի հանեցինք և անցանք պաշտպանության: Կարճ ժամանակ անց, գնահատելով ստեղծված իրադրությունը, անցանք հակահարձակման, հաջողեցինք հետ վերցնել մի քանի կարևոր բարձունքներ… Հետո կռահեցինք, որ թշնամին փորձում է չորս կողմից օղակել մեզ: Գիշերը, շատ ուշ, ժամը երեքի կողմերը, մոլորության մեջ գցելով թշնամուն՝ կարողացանք դուրս գալ այդ գրեթե անելանելի թվացող վիճակից: Կարողացա ստորաբաժանումս դուրս բերել վերահաս շրջապատումից»,- հպարտորեն ասում է փոխգնդապետը:
Այս գործողությունից հետո հատուկ նշանակության ստորաբաժանումը փոխգնդապետ Արթուր Ֆահրադյանի հրամանատարությամբ տարբեր մարտական առաջադրանքներ է ստանում ու պատվով կատարում, ստանձնում մի շարք կարևոր բնագծերի պաշտպանությունը:
…Հոկտեմբերի 10-ին փոխգնդապետը վաթսունութ բեկորային վիրավորումներով անգիտակից վիճակում տեղափոխվում է հոսպիտալ։ Սակայն այստեղ էլ իր անձնակազմի հետ էր.
«Շուշիում իմ ստորաբաժանումը մնացել էր շրջափակման մեջ, ու ես հեռախոսով բացատրում էի, թե ինչ անեն»։
Պատերազմի ելքի մասին Արթուր Ֆահրադյանն իմանում է հիվանդանոցում. «Ծանր էր, ծանր է նաև հիմա»,- ասում է փոխգնդապետը:
Նա համոզված է՝ ուժեղ և բարեկեցիկ Հայրենիք ունենալու համար պետք է հզորացնել ու զարգացնել Հայկական բանակը, իսկ դրա համար յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով, անի ամեն ինչ Հայրենիքը շենացնելու համար:
«Իմ ամբողջ ծառայության ընթացքում ես երբեք չեմ ասել՝ ինձ էս կամ էն պաշտոնին նշանակեք: Ինձ միշտ առաջարկել են էսինչ պաշտոնում ծառայել, ես էլ պատասխանել եմ. «Լսո՛ւմ եմ…»։
Երեսուներեքամյա զինվորականը շատ նպատակներ ու երազանքներ ունի, բայց դրանցից ամենակարևորը այսպես է ձևակերպում.
«Ապրե՛նք երջանիկ, ազատ, անկախ ու հզոր Հայաստանում»:
ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ
Խորագիր՝ #38 (1409) 29.09.2021 – 5.10.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում