ՄԵԾԱՐՈՒՄԻ, ՈԳԵԿՈՉՄԱՆ ՈՒ ԽՈՍՏՄԱՆ ՕՐ
Սեպտեմբերի 27-ին մեր հանրապետության բոլոր դպրոցներում հիշատակման, ոգեկոչման ու խոստման օր էր… 44-օրյա պատերազմի հերոսներին անուն առ անուն հիշում, նրանց կատարած սխրանքների մասին պատմում ու նրանց գործը շարունակելու՝ Հայրենիքի պաշտպանությանն ըստ ամենայնի պատրաստ լինելու խոստումն էին տալիս մեր դպրոցականները՝ մեծից փոքր: Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում աշակերտների ու ուսուցչական կազմի համատեղ ջանքերով հիշատակման յուրահատուկ միջոցառում անցկացվեց: Առաջինից 9-րդ դասարանների աշակերտներից յուրաքանչյուրն ընտրել էր իր հերոսին, որին այդ օրը ներկայացրեց: Հերոսներից յուրաքանչյուրը հավաքական կերպարն էր հայ զինվորի՝ աննկուն, Հայրենիքին անմնացորդ նվիրված, անձնազոհության պատրաստ, հանուն բոլորի սեփական կյանքը չխնայած՝ իր կենսագրությամբ, ներաշխարհով, գործով ու սխրանքի պատումով: Յուրաքանչյուր դասարանի աշակերտները կրում էին իրենց հերոսի լուսանկարով վերնաշապիկներ: Նրանք հերթով ներկայացնում էին իրենց հերոսին. «Վահագնը ե՛ս եմ…», «Մխիթարը ե՛ս եմ…», «Սամվելը ե՛ս եմ…»… Իսկ մյուս բոլոր աշակերտները արձագանքում էին. «Մե՛նք ենք…»:
Այդ օրը դպրոց էին այցելել նաև 44-օրյա պատերազմին մասնակցած նախկին սաները, որոնք շրջեցին դասարաններով, անկեղծ ու անմիջական զրույցի բռնվեցին երեխաների հետ, պատմեցին պատերազմի մասին իրենց հիշողությունները, պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող ու հուզող հարցերին:
Կորուստները չեն շրջանցել նաև դպրոցի սաներին՝ մեկի հայրն է զոհվել, մեկի եղբայրը, բարեկամը, հարազատը… Դպրոցի սաներից է Ազգային հերոս Վահագն Ասատրյանի որդին՝ Վազգեն Ասատրյանը, որի դասարանը հենց նրա հերոս հայրիկին էր ներկայացնում:
44-օրյա պատերազմի հերոսներից ոչ ոք չի մոռացվի, նրանցից յուրաքանչյուրի սխրանքը, վառ հիշատակը կմնա սերունդների սրտում ու հոգում՝ որպես պատգամ ու պահանջ. Հայրենիքն այն արժեքն է, հանուն որի անհրաժեշտ է ապրել ու պայքարել թե՛ զենքով և թե՛ կրթությամբ:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ՏԱԹԵՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ
Խորագիր՝ #38 (1409) 29.09.2021 – 5.10.2021, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում