Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՐ ԱՐՅԱՄԲ ՍՐԲԱՑԱԾ ՀՈՂԸ ԹՇՆԱՄՈՒՆ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ



ՁԵՐ ԱՐՅԱՄԲ ՍՐԲԱՑԱԾ ՀՈՂԸ ԹՇՆԱՄՈՒՆ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին պատերազմի առաջին տարելիցի օրը ՀՀ ԵԿՄ վարչության շենքի մուտքի մոտ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ խաչքարի բացման և օծման արարողություն: Ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պետական ու զինվորական այրեր, երկրապահ կամավորականներ ՀՀ տարբեր մարզերից, Երևանից, զոհվածների հարազատներ, պատանի երկրապահներ, հյուրեր: Հնչեցին Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Երկրապահի օրհներգերը, եղավ լռության րոպե: Այնուհետև ելույթով հանդես եկավ ազատամարտիկ, «44 օր» ՀԿ նախագահ Ֆելիքս Պողոսյանը, որի որդին նույնպես անմահացել է Արցախյան վերջին պատերազմում: Իր խոսքում պահեստազորի գնդապետ Ֆելիքս Պողոսյանը  հորդորեց  չհուսահատվել, այլ դասեր քաղել պատմությունից, ջանասիրաբար ու մեծ նվիրումով  շենացնել մեր երկիրն ու հզորացնել բանակը:

«Մեր զինվորների, տղայիս թափած այրունը չեմ համարում, որ իզուր է: Դիմադրելով, կռվելով, հերոսություն ցուցաբերելով՝ նրանք փրկեցին մեր երկիրը, Արցախը: Եթե չլիներ այդ հերոսական դիմադրությունը, հավանաբար, կկորցնեինք մեր բանակը և մեր պետականության վերջին հույսը՝ Արցախը»,- ասաց Ֆելիքս Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԵԿՄ վարչությանը՝ հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման առթիվ:

ՁԵՐ ԱՐՅԱՄԲ ՍՐԲԱՑԱԾ ՀՈՂԸ ԹՇՆԱՄՈՒՆ ՉԵՆՔ ԹՈՂՆԻԵլույթ ունեցավ նաև մի աղջնակ՝ վստահեցնելով, որ իր սերունդը հետ է բերելու 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների արյամբ սրբացած Հայրենիքը: Այնուհետև հոգևոր հայրերը Տերունական աղոթքով կատարեցին խաչքար-հուշակոթողի օծման արարողությունը: Դիմելով ներկաներին՝ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորն ասաց՝ «Չկա ավելի բարձր արժեք, քան Հայրենիքը, որի շահը մեր հերոսները վերադասեցին ամեն ինչից: Նահատակ քաջորդիների սխրանքը մշտապես է գնահատվելու»:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում ցավով նշեց, որ մեր ազգը դարեր շարունակ սովորել է պատերազմներին և դրանց ընթացքում կորուստներ ունենալուն: Նա իր խոնարհումը բերեց Հայոց հերոսածին մայրերին:

«Ժողովուրդը չի պարտվել:  Համախմբվենք և պատրաստ լինենք Հայոց սահմանների պաշտպանությանը ամեն մեկս մեր տեղում, ով ինչպես որ կարող է: Մենք պետք է հզորացնենք մեր երկրի հույս ու ապավեն բանակը»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Հանդիսավոր մասից հետո ԵԿՄ վարչության դահլիճում ցուցադրվեց ֆիլմ 44-օրյա պատերազմի մասնակից երկրապահների մասին: Այդուհետ միջոցառման մասնակիցներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն:

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #38 (1409) 29.09.2021 – 5.10.2021, Բանակ և հասարակություն


30/09/2021