Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ



Նոյեմբերի 28-ից ազգային բանակի զորամասերում սկսվել են ամփոփիչ քննությունները, որոնք կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 12-ը։ Որոշ տեղերում զինծառայողների գիտելիքներն ու հմտություններն ստուգում են ԶՈՒ ԳՇ հանձնաժողովները, մյուսներում՝ զորամիավորումների, լինում են դեպքեր, երբ անձնակազմի հնարավորություններն ստուգում-ճշտում է հենց զորամասի հրամանատարի հրամանով ձեւավորված հանձնաժողովը։ Գործընթացը կարեւոր է նաեւ նրանով, որ դրա ակտիվ նախապատրաստության եւ անցկացման ամբողջ ընթացքը նույնպես նպաստում է զինծառայողների եւ զինվորական ստորաբաժանումների մասնագիտական ունակությունների զարգացմանը։ Միաժամանակ տարեվերջյան ցուցանիշների հիման վրա կազմվում են հաջորդ ուստարվա ուսումնական ծրագրերը։

♦♦♦

Զորամիավորման կազմում առաջինը ստուգվեցին գնդապետներ Ա.Գրիգորյանի եւ Հ.Շահբազյանի հրամանատարությամբ գործող զորամասերը։ Քննություններն ընդունեց զորամիավորման հանձնաժողովը։

Դեկտեմբերի 5-ին սկսվեցին գնդապետ Բ.Մաթեւոսյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասի քննությունները։

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մինչ շարային ստուգատեսի սկսվելը, զորամիավորման շտաբի պետ գնդապետ Գ.Առաքելյանն անցկացրեց խորհրդակցություն զորամասի հրամանատարի, տեղակալների եւ ծառայությունների պետերի մասնակցությամբ։ Ճշտելով եւ վերջնական տեսքի բերելով օրակարգը։

-Հաճախ զինվորները հուզված են լինում եւ հարցերի էությունը ճիշտ չեն ընկալում, շատ դեպքերում էլ նրանք ձգտում են հետևել դասագրքային ձեւակերպումներին, բայց արդյունքում` ցայտնոտի մեջ են հայտնվում, չեն կարողանում լիարժեք արտահայտվել։ Դրա համար էլ դուք պետք է զինվորներին նախապատրաստեք։ Թող արտահայտվեն շատ պարզ, խոսակցական լեզվով, իսկ հոգեբանական պատրաստությունը, համարձակությունը չափազանց կարեւոր են,- ասաց գնդապետ Առաքելյանը։

ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

Ժամը 11-ին սպառազեն անձնակազմը շարային հրապարակում կանգնել էր տողանի։ Հրամանատարի հրամանով շարահրապարակ բերվեց զորամասի մարտական դրոշը։ Այնուհետեւ գնդապետ Բ.Մաթեւոսյանը զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Ա.Սարգսյանին զեկուցեց ամփոփիչ քննությունների առիթով շարային ստուգատեսի համար անձնակազմի շարված լինելու մասին։ Ողջույնի արարողությունից հետո գնդապետ Ա.Սարգսյանի հրամանով սկսվեց շարային ստուգատեսը։ Ի դեպ` գնահատվում էին անձնակազմի բոլոր գործողությունները՝ ողջույնի պատասխանը, շնորհավորանքի պատասխանը («ուռա՜»), հանրապետության օրհներգի կատարումը, մարտական դրոշը բերելու եւ տանելու արարողակարգը, շարային քայլքը՝ երգով եւ առանց երգի, բանակի օրհներգի, զորամասի երգի կատարումը:

♦♦♦

Գնդապետ Ա.Սարգսյանն անձամբ ստուգեց վարչակազմի սպաներին՝ արտաքին տեսքը, փաստաթղթերը, զինվորական պայուսակների պարունակությունը` նախատեսված մարտական տագնապների, հնարավոր գործողությունների, երթերի համար։ Բոլորի մոտ էլ կային հրամանով նախատեսված նվազագույն պարագաները՝ հիգիենայի պարագաներ, համազգեստի փոխնորդ սպիտակեղեն, նպարեղեն, դեղորայք, դանակ, լապտեր, թել ու ասեղ, չոր սպիրտ, վայրկյանաչափ եւ այլն։ Շատերը, նախատեսված նվազագույնից բացի, վերցրել էին նաեւ այլ պարագաներ, որոնք, հնարավոր է, պետք գան դաշտային պայմաններում։

Գնդապետներ Ա. Սարգսյանը, Վ. Ավագյանը ստուգեցին նաեւ ծառայությունների պետերին, գումարտակների հրամանատարներին, նրանց տեղակալներին։ Փոխգնդապետ Հ.Ամրամյանն ստուգում էր գումարտակներից մեկի ջոկերի հրամանատարներին, միաժամանակ հարցերի միջոցով պարզելով, թե վերջիններս ինչ չափով են տիրապետում իրենց պարտականություններին։

♦♦♦

Փոխգնդապետ Ա.Բաբայանն ստուգում էր կապիտան Գ.Ղադիմյանի վաշտի զինվորներին։ Նկատված թերությունների մասին նա իր մոտ նշումներ էր անում եւ պահանջում, որ դասակի հրամանատարը` ավագ լեյտենանտ Պ.Սարգսյանը, նույնը անի։

-Թերություններ կան, դա բնական է, ոչ մեկս էլ մեր աշխատանքի մեջ անթերի չենք։ Կպահանջենք, որ թերությունը վերացնեն, իսկ հաջորդ ստուգատեսին նույն սխալը թույլ չեն տա։ Երիտասարդ զինվորներ են, եւ մենք պետք է օգնենք, սովորեցնենք,- ասաց փոխգնդապետ Ա.Բաբայանը եւ իր դիմացի առաջին շարքի համար տվեց «գազեր» հրամանը։ Այս գործողությամբ նա ոչ միայն ստուգեց կատարման արագությունն ու ճշտությունը, այլեւ հակագազերի պիտանիությունը եւ մաքրությունը։

Գնդապետ Ա.Սարգսյանը մարտական դրոշի վիճակն ստուգելուց հետո անցավ ներկայացված զինատեսակների, տարբեր ստորաբաժանումների հրամանատարների մասնագիտական արկղերի պարունակությունների ստուգմանը։ 80մմ-ոց ականանետները ներկայացնում էր հաշվարկի հրամանատար շարքային Անդրանիկ Հովհաննիսյանը։ Մեր խնդրանքով գնդապետը հընթացս «մասնագիտորեն քննեց» հաշվարկի հրամանատարին։ Վերջինս ամենայն մանրամասնորեն ներկայացրեց զենքի կառուցվածքը, նշանակությունը, հնարավորությունները, օգտագործման ձեւերը։ Վերջում պարզվեց, որ վարդենիսցի այս կոկիկ զինվորը պարգեւատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով եւ քսան օրից զորացրվելու է։

«Մետիս» եւ «Ֆագոտ» հակատանկային զենքերի մոտ շարքային Նվեր Գրիգորյանն էր։ Ֆագոտի մասին նրա պատասխանները սպառիչ էին։

Շարային ստուգատեսն ավարտվեց հանդիսավոր երթով՝ երգով եւ առանց երգի։ Կատարվեցին ՀՀ, ազգային բանակի օրհներգերը, զորամասի երգը։ Հրամանատարի հրամանով դրոշակակիր դասակը զորամասի դրոշը տարավ զորամաս։

Ընդհանուր առմամբ շարային ստուգատեսից «լավ» գնահատականի էր արժանացել մոտոհրաձգային գումարտակներից մեկը։ Նույն գնահատականին էին արժանացել կապավորները, ականանետային եւ հակատանկային դասակները։

ՖԻԶՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Սպաները եւ զինվորները քննություն պետք է հանձնեին նաեւ զորահավաքային, տեխնիկական, գաղափարադաստիարակչական, հասարակական-պետական, մարտավարական և կրակային, շարային պատրաստվածությունից, կանոնադրությունից։ Առաջին օրը սպաների համար նախատեսված էին ֆիզիկականը, շարայինը եւ զորահավաքայինը։

Ֆիզպատրաստության քննությունն ընդունում էին փոխգնդապետ Վ.Գրիգորյանը եւ մայոր Ս.Աբրահամյանը։ Գումարտակի կապիտան Հ.Հակոբյանի վաշտի զինվորներն սկսեցին ձգումներից։ «Լավ» ու «գերազանց» ստանալու համար զինվորները պետք է ձգվեն 13 անգամ։ Այդպիսի բարձր արդյունքներ ցույց տվեցին սերժանտ Տարոն Թադեւոսյանը, շարքայիններ Արծրուն Ղարիբյանը, Ռոման Մաթեւոսյանը, Արտյոմ Բայադյանը, Ավագ Հարությունյանը եւ Մարտուն Պռազյանը։ Բացի վերոնշյալ զինվորներից, «ձգում» վարժությունից «լավ» գնահատականի սահմանագիծը հատեցին նաեւ շարքայիններ Հովհաննես Գասպարյանը, Պավլիկ Սալնազարյանը, Արտակ Գալստյանը, Բենո Էլոյանը, Նարեկ Ներսիսյանը եւ Իշխան Գալստյանը։ Շատ էին «բավարար» գնահատական ստացողները։

-Ֆիզպատրաստությունից, ձգումից բացի, պետք է հանձնեն նաեւ 100մ վազք, ձեռնամարտ եւ 5կմ-ոց երթարշավ։ Այս վաշտը ձեռնամարտից զորամիավորման կազմում գրավել է առաջին, իսկ համաբանակային մրցումներում` երկրորդ տեղը,- ասաց փոխգնդապետ Վ. Գրիգորյանը։

100 մ վազքից «բավարար» ստանալու համար զինվորները պետք է ցույց տային 15.06 վրկ ժամանակ, իսկ «լավ» ու «գերազանց» ստանալու համար՝ 14,06 վրկ։

ՇԱՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Գումարտակի կապիտան Ա.Մանուկյանի վաշտն սկսել էր քննության հանձնումը։ Փոխգնդապետ Կ.Հակոբյանը խրախուսում, ոգեւորում էր զինվորներին։

– Ստուգում ենք շարային վարժանքները առանց զենքի, շարային վարժանքները զենքով եւ ստորաբաժանումների ներդաշնակումը,- ասաց նա։

Առանց զենքի վարժանքները շատ լավ կատարեցին դասակի հրամանատար ավագ Հ. Հայրապետյանը, ջոկի հրամանատարներ շարքային Տիգրան Մարտիրոսյանը, կրտսեր սերժանտ Ստեփան Նիկողոսյանը, շարքայիններ Արամ Ամիրխանյանը, Զորիկ Մելիքյանը եւ ուրիշներ։

Զենքով վարժանքներն անհամեմատ լավ էին կատարում փորձառու զինվորները։

♦♦♦

Զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Ա.Սարգսյանը, մեկնաբանելով ամփոփիչ քննությունները, ասաց, որ մինչեւ այժմ արդյունքները եղել են գոհացուցիչ, բոլոր զորամասերն էլ ցույց են տվել լավ արդյունքներ կրակայինից, մարտավարական պատրաստությունից։ Նա նշեց, որ հաջորդ շաբաթվա սկզբին կամփոփվեն ուսումնական տարվա արդյունքները, իսկ դեկտեմբերի 15-ից կսկսվեն եկող ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները։ Կկազմակերպվեն հավաքներ, խորհրդակցություններ, կկատարելագործվեն ուսումնական կետերի հնարավորությունները։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Ազգային բանակ


14/12/2011