Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՐՈՖԵՍՈՐԸ` ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ



Օրերս պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամաս էինք հրավիրել բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, երեւանաբնակ Սերգեյ Կիրակոսյանին։

Հարգարժան պրոֆեսորը նախ շեշտեց, որ ինքն էլ, առաջացած տարիքով հանդերձ, իրեն զինվոր է համարում։ Վաստակաշատ բժշկի այս խոսքերը զինվորները անկեղծ ծափահարություններով դիմավորեցին։ Այնուհետեւ բանախոսը պատմեց բժշկի դժվարին ու մարդասիրական աշխատանքի մասին եւ նաեւ այն մասին, թե Արցախյան պատերազմում քանի-քանի երիտասարդ ու ալեհեր բժիշկներ պատերազմի դաշտ են նետվել իրենց փորձն ու կարողությունը հայրենիքին ծառայեցնելու համար։ «Սիրենք միմյանց, հարգենք միմյանց, մտածենք միմյանց մասին եւ այնպես անենք, որ մեր զինակից ընկերոջ, մեր եղբոր գլխից անգամ մազ չպակասի, եւ ոչ մի ուժ, ինչքան էլ հզոր լինի, մեզ չի կարողանա ծնկի բերել»,- այսպիսի կոչով զինվորներին դիմեց պրոֆեսորը։ Բժիշկը հասկանալի եւ մարդկային լեզվով խոսեց նաեւ արժանապատվության եւ արժանապատիվ պահվածքի մասին. «Մի՞թե առաջինը սափրվելը, կամ առաջինը լվացվելը արժանապատվության խնդիր է, երբ թշնամին ձեզնից ընդամենը երկու քայլ հեռավորության վրա է. վեր կանգնեք տղայական կեղծ ու դատարկ, շինծու ինքնասիրությունից եւ արժանապատվությունից, եւ հիշեք, որ դուք զինվոր եք, եւ պատերազմը դեռ ավարտված չէ։ Եթե թշնամին վախենում է, ապա վախենում է ոչ թե ձեզնից որեւէ մեկից, այլ բոլորիցդ միասին»։

Զինվորներին հատկապես հուզեցին պրոֆեսոր Կիրակոսյանի պատմությունները իր ծննդավայրի՝ հայրենի Վահան գյուղի մասին… Թերեւս այն պատճառով, որ դրանք զինվորների հոգում ու սրտում թանկ հուշեր արթնացրին իրենց սեփական տան մասին։ Գնահատելով Վահան գյուղի աննկուն բնակչության կրած զրկանքները Արցախյան պատերազմի տարիներին, հերոսական դիմադրությունը՝ զինվորները հոտնկայս ծափահարեցին։ Սակայն բժիշկը չսահմանափակվեց միայն Արցախյան պատերազմով, նա պատմեց հայ ժողովրդի կրած այն բազմաթիվ ու ծանր տառապանքների մասին, որոնք բաժին ընկան Հայրենական մեծ պատերազմի տարիներին. դա պատմության դաս էր եւ հերոսության դաս։ Համոզված եմ, որ զինվորները երբեք չեն մոռանա պրոֆեսորի պատերազմական մանկությանը վերաբերող այն հուշը, երբ մեկ հատ մանդարինը մաս-մաս անելով բաժանել էր մանկապարտեզի երեխաներին` որպես ամանորյա նվեր։ Եթե մի բառով բնորոշելու լինեմ հանդիպումը, ապա պետք է ասեմ, որ այն շիտակ ու ազնիվ կեցվածքի, անկեղծ հայրենասիրության եւ զինվորի ծանր ու պատասխանատու դերի մասին էր։

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Սոցիալ-իրավական աշխատանքների գծով հրամանատարի օգնական, կապիտան

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Բանակ և հասարակություն


14/12/2011