Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ



ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐՍկիզբը՝ նախորդ համարներում

 

Արցախ. մայիսյան ժամանակագրություն

 

Մայիսի 7-ին ամբողջ Արցախում շարունակվում էին ռազմական գործողությունները: Հայտնի դարձավ, որ նախօրեին Աղդամից գնդակոծվել է Ասկերան շրջկենտրոնը: Նույն օրն Ադրբեջանի Ֆիզուլու շրջանից հարձակում է եղել ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ուղղությամբ: Գրոհը հետ մղելուց հետո հայկական ինքնապաշտպանության ուժերն անցել են հակահարձակման եւ ադրբեջանցիներին հարկադրել, որ նահանջեն դեպի Ֆիզուլի: Մարտում զոհվել է 1 մարդ: Ամբողջ օրվա ընթացքում Ամիրանլարի եւ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղից հրթիռահրետանային գնդակոծման է ենթարկվել Մարտունի քաղաքը. «Գրադ» կայանքից արձակվել է 100-ից ավելի արկ:

Մայիսի 7-ի գիշերը Շուշիից դարձյալ գնդակոծվել է Ստեփանակերտը: 14:00-ին գնդակոծումը վերսկսվել է: Դրանից հետո ադրբեջանական բանակը գրոհել է ԼՂՀ մայրաքաղաքի հարավարեւմտյան ծայրամասերը: Հարձակվողներին կրակով աջակցել են ԼՂՀ Ասկերանի շրջանի Ջանհասան եւ Քյոսալար գյուղերից:

Մայիսի 7-ի երեկոյան տեղի է ունեցել ԼՂՀ ԳԽ նախագահության արտակարգ նիստը, որի ընթացքում քննարկվել է Ստեփանակերտի բնակչության անվտանգության ապահովման հարցը: Որոշվել է անհապաղ հրավիրել Հանրապետության պաշտպանության խորհուրդ եւ զինվորական ղեկավարությունից պահանջել ադրբեջանական բանակի կրակակետերը ճնշելու ավելի ակտիվ գործողություններ: Այդ առթիվ տարածվել է ԼՂՀ ԳԽ մամուլի կենտրոնի հատուկ հայտարարությունը:

Մայիսի 8-ի առավոտյան հայկական ինքնապաշտպանական ուժերն անցել են հակագրոհի եւ թշնամուն հետ շպրտել Ստեփանակերտից: Ինչպես հայտնի դարձավ, մայիսի 8-ի ամբողջ գիշերը գնդակոծվել են Արցախի (արեւելյան ուղղության) համարյա բոլոր սահմանամերձ գյուղերը: Առավել զանգվածային գնդակոծման են ենթարկվել Ասկերան եւ Մարտունի շրջկենտրոնները: Մայիսի 8-ի ամբողջ ցերեկը մարտերը շարունակվել են Գայբալու բնակավայրի եւ Ջանհասանի մոտ: Օդ են բարձրացել «Մի-24» ռազմական ուղղաթիռները, որոնք գնդակոծել են մի շարք հայկական բնակավայրեր` Մարտունու եւ Ասկերանի գյուղերը: Խաղաղ բնակիչների մեջ կան զոհեր եւ վիրավորներ: Բնակավայրերում` բազմաթիվ ավերածություններ:

Ավելի ուշ օդում հայտնվել են «Սու-25» գրոհայինները, որոնք ռմբակոծել են Ստեփանակերտը, Շուշիի արվարձանները եւ այլ բնակավայրեր: Մայիսի 8-ին Աղդամի շրջանի Գյուլափլու գյուղից ադրբեջանական բանակը զրահատեխնիկայի, այդ թվում` տանկերի աջակցությամբ, փորձել է գրավել Մարտունու շրջանի Նորշեն գյուղը: Գյուղի պաշտպանները խփել են ադրբեջանցիների 1 զրահափոխադրիչ եւ հետ մղել գրոհը: Հայ մարտիկներից 3-ը զոհվել են: Նույն օրվա երեկոյան Ֆիզուլու շրջանից գնդակոծվել է Հադրութի շրջանի Քարագլուխ հայկական գյուղը: Զոհվել է 3 բնակիչ: Չի դադարել Ասկերանի գնդակոծումը, որը շարունակվել է նաեւ մայիսի 9-ի գիշերը:

Մայիսի 9-ի արեւածագին հայկական ինքնապաշտպանական ուժերը, զարգացնելով հաջողությունը, ազատագրել են Արցախի հնամենի պատմական մայրաքաղաք Շուշին: Նահանջելիս ադրբեջանական բանակը թողել է մեծ թվով զինամթերք, «Տ-72» խփված տանկ եւ «Գրադ» կայանք, որով ամիսներ շարունակ ավերվել է Ստեփանակերտը: Պարզվել է, որ ադրբեջանցիների հիմնական ուժերը լիակատար շրջապատման վտանգն զգալուն պես հեռացել են քաղաքից:

Սակայն պատերազմը շարունակվում է, եւ նույնիսկ Շուշիի հենակայանի անկումից հետո ադրբեջանցիները շարունակել են Ջանհասանից գնդակոծել Ստեփանակերտը: Դա հարկադրել է կրակակետերի ճնշման օպերացիա իրականացնել Քյոսալարում ու Ջանհասանում եւ այդ վայրերից դուրս մղել ադրբեջանական ստորաբաժանումները: «Սու-25»-ը դարձյալ փորձել է ռմբակոծել այս անգամ արդեն ազատագրված Շուշին` ջանալով խփել հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, որն ադրբեջանցիները վերածել էին զինամթերքի պահեստի: Զինամթերքը շտապ փոխադրվել է անվտանգ տեղ:

Մայիսի 9-ին ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ագրեսիվ գործողություն է ձեռնարկել Ասկերան շրջկենտրոնի եւ շրջանի գյուղերի դեմ` գնդակոծելով դրանք «Գրադ» կայանքով, ծանր հրետանիով ու ռմբահարելով 3 «Սու-25»-երից: Ռմբահարման է ենթարկվել նաեւ Ստեփանակերտը: Մայիսի 9-ի երեկոյան «Գրադով» հրետակոծվել են Շահումյան շրջկենտրոնն ու Ղարաչինար գյուղը:

Մայիսի 10-ի առավոտյան ադրբեջանական բանակի մի խոշոր զորախումբ գրոհել է Ասկերանի շրջանի հայկական գյուղերի պաշտպանական գիծը: Ադրբեջանական ստորաբաժանումները Աղդամից ներխուժել են հայկական Սառնաղբյուր եւ Դահրազ գյուղեր: Սառնաղբյուրում գազանաբար սպանվել է 6 խաղաղ բնակիչ, 5-ը ստացել ծանր վնասվածքներ: Փոքր-ինչ ուշ հայկական ինքնապաշտպանական ուժերը, համալրում ստանալով, անցել են հակահարձակման եւ ադրբեջանցիներին դուրս շպրտել Սառնաղբյուրից:

Մայիսի 11-ի գիշերը «Գրադով» դարձյալ հրետակոծման են ենթարկվել Շահումյանն ու Ղարաչինարը: Մայիսի 11-ի առավոտյան ադրբեջանցիները դարձյալ փորձել են գրոհել Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը: Ադրբեջանական բանակի զրահատեխնիկային հաջողվել է ճեղքել պաշտպանական գիծն ու ներխուժել գյուղ: Մարտերը տեղափոխվել են Լենինավանի մոտ: Այստեղ թշնամին կասեցվել է, ապա դուրս շպրտվել Մարտակերտի շրջանի սահմաններից: Զոհվել է ինքնապաշտպանական ուժերի 3 եւ վիրավորվել 4 մարտիկ: Սպանվել են նաեւ Մարաղայի 7 խաղաղ բնակիչներ:

Մայիսի 12-ի երեկոյան վերսկսվել է հարձակումը Ասկերանի շրջանի Սառնաղբյուր, Դահրազ, Վարազաբուն, Վարդաձոր եւ Նախիջեւանիկ գյուղերի վրա: Գնդակոծման է ենթարկվել Ստեփանակերտի օդանավակայանը: Միաժամանակ սկսվել է զորքերի առաջխաղացումը Աղդամի շրջանի Գյուլափլու գյուղից:

Մարտերը շարունակվել են գիշերը եւ մայիսի 13-ի առավոտյան: Առավելագույն առաջխաղացում է եղել Սառնաղբյուր եւ Դահրազ գյուղերի ուղղությամբ: Սակայն մայիսի 13-ի կեսօրին ադրբեջանցիների գրոհը կասեցվել է: Ինքնապաշտպանական ուժերը հակահարվածով թշնամուն հետ են շպրտել Ասկերանի շրջանի տարածքից եւ վերահսկում են իրավիճակը:

(Ս.Շաքարյանց, «Զով Արցախա», 1992 թ. մայիս,          N5 (39))

 

Փախչում են ջոկատներով…

 

Շրջափակման ամուր օղակը, որում ահա արդեն 4 տարի է, ինչ մաքառում  է Արցախի 180 հազարանոց բնակչությունը, վերջապես ճեղքված է: Լաչինի տեղացի բնակչությունը չի խոչընդոտում մարդասիրական բեռով ավտոտրանսպորտի առաջխաղացմանը:

Ինչպես արդեն հաղորդվել է, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի շտաբի տվյալներով, վերջին օրերին Լաչինում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի ժողճակատի (ԱԺՃ) զինված ջոկատների եւ տեղացի քրդերի միջեւ: Սակայն, երբ վերսկսվել է շարժումը Բերդաձոր-Գորիս շրջանցիկ ճանապարհով, ԱԺՃ-ի ջոկատներն սկսել են շտապ լքել Լաչինը` իրենց հետ տանելով տեղի բնակչությանը: Մայիսի 19-ի դրությամբ այդ բնակավայրը գործնականում դատարկ է. այստեղ կան միայն մի քանի քուրդ ընտանիքներ: Քաղաքում տեսանելի են քրդերի եւ ԱԺՃ-ի կողմնակիցների միջեւ ընդհարումների հետքերը:

Ադրբեջանական աղբյուրները բերում են ազգային բանակի զինվորների զանգվածային դասալքման բազմաթիվ փաստեր` նաեւ Ադրբեջանի` ԼՂՀ-ին հարող մյուս շրջաններից: Մայիսի 18-ի առավոտյան Բաքվի ռադիոն, հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, հաղորդեց, որ Ամիրանլարի մոտ տեղակայված Լենքորանի գումարտակից (որը համալրված է հիմնականում թալիշներով) փախել է 200 մարդ` թողնելով մարտական դիրքերը: Քելբաջարի գումարտակում համանման մտադրություն կա: Ոմանք արդեն թողել են դիրքերն ու դասալքել: Բազմաթիվ զորակոչիկներ փախել են կենտրոնական հավաքակայանից: Բաքվի ռադիոն հաղորդում է որոշ դասալիքների անուններ:

Խուճապային փախուստի դեպքեր են նշվում Զանգելանի եւ Ջաբրայիլի շրջանների ադրբեջանական գումարտակներում. այդ բնակավայրերից փորձել է Բաքու փախչել մի ամբողջ ջոկատ` մարտական մեքենաներով ու 2 զրահափոխադրիչով:

(«Ռեսպուբլիկա Արմենիա», 20.05.1992)

 

Լեռնային Ղարաբաղ. նոր պատերազմի սկի՞զբ

 

Հայկական զորքերի կողմից Ղարաբաղի վերջին քաղաքի` Շուշիի գրավումն արդեն դադարել է ինֆորմացիոն ծրագրերում թիվ մեկ լուրը լինելուց: Բայց տարածաշրջանից դուրս գտնվողներից շատ քչերը հասկացան երկու կողմերի համար այդ իրադարձության առանձնահատուկ նշանակությունն ու դրա հավանական հետեւանքների մասշտաբը: Ե՛վ Ադրբեջանում, եւ՛ Ղարաբաղում Շուշիի գրոհին վաղուց էին սպասում:

Ստեփանակերտի վրա խոյացող հինավուրց ամրոցը` Շուշին, Ղարաբաղում Ադրբեջանի ֆորպոստն էր: Ադրբեջանի տարածքից Ղարաբաղի դեմ արդեն 20 լայնամասշտաբ ճակատային հարձակումների անհաջող փորձերի ֆոնին Շուշիից կատարվող գնդակոծումները, որոնք ռազմական տեսակետից անիմաստ էին, Ղարաբաղի վրա ազդելու հիմնական հնարավորությունն էին: Դրանք խուճապ էին առաջացնում Ստեփանակերտի բնակչության շրջանում, միաժամանակ` մարդկանց զրկում դաշտային աշխատանքներ կատարելու հնարավորությունից եւ խանգարում ուղղաթիռներով պարեն հասցնելուն: Հայկական կողմին նույնպես ռազմական արդյունք չէին տալիս Ղարաբաղից Ադրբեջանի սահմանամերձ շրջանների դեմ մարտարշավները, ինչպես եւ Ստեփանակերտից Շուշիի զանգվածային գնդակոծումը, որի հետեւանքով հարկ եղավ տարհանել քաղաքի համարյա ամբողջ բնակչությունը: Շուշիի ճակատագիրը որոշեց նաեւ այն, որ հայերը ձգտում են Ղարաբաղը «Լաչինի միջանցքով» միացնել Հայաստանին:

…Շուշիի գրավումով հայերը գործնականում վերահսկում են Ղարաբաղի ամբողջ տարածքը, իսկ եթե գրավվի նաեւ «Լաչինի միջանցքը», ապա Ղարաբաղը կկարողանա գոյատեւել նաեւ տնտեսապես: Եթե մինչ օրս Ադրբեջանը գործ ուներ իր իրավասությունից տարածքի մի մասի դուրսբերման փորձի հետ, ապա այժմ Ղարաբաղը կարող է դառնալ դե ֆակտո անկախ: Խռովությունը դառնում է պատերազմ: Այժմ ռազմական գործողություններն ունեն ոչ թե փոխադարձ ահաբեկման, այլ` ռազմաստրատեգիական նպատակ: Դա որակական տեղաշարժ է, որն ակնհայտ դարձավ հենց նոր, թեպետ կատարվել է փոքր-ինչ ավելի շուտ: Հայերի կողմից Շուշիի գրավումով պատերազմը խոստանում է դառնալ երկարատեւ ու դիրքային:

Մայիսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարին ուղարկվել է ԱՄՆ գործերի հավատարմատար Թոմ Փրայսի դեմարշը, որում մտահոգություն է արտահայտվում, որ Շուշիի գրավումը կարող է «ի չիք դարձնել խաղաղարար գործունեության արդյունքները եւ խանգարել բանակցային գործընթացի զարգացմանը»: Իսկապես, բանակցությունները եթե սկսվեն, պետք է սկսվեն զրոյից: Բայց եթե իրավիճակը քննենք ոչ թե արդարության, այլ կողմնակի դիտորդի տեսանկյունից, ապա, միեւնույն է, թե կողմերից որ մեկն է տիրում վիճելի տարածքին: Կարեւորն այն է, որ կողմերից ոչ մեկը հակառակորդի կապիտուլյացիայի հույս չունենա: Ռազմական հավասարակշռությունն ավելի շուտ է հանգեցնում բանակցությունների, քան ռազմական հաղթանակի հույսը: Այլ հարց է, որ մինչեւ բանակցությունների սկսվելը կարող են անցնել արյունահեղ անօգուտ պատերազմի տասնամյակներ:

(«Ռոսսիյսկիյե վեստի», 1992 թ. մայիսի 13)

 

Շարադրեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #39 (1410) 6.10.2021 – 12.10.2021, Ազգային բանակ


07/10/2021