ՎԱՌ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
11 տարեկան
Կապանի թիվ 7 դպրոց
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը: Առավոտյան արթնացա քնից և իմացա, որ թշնամին հարձակվել է Արցախի, իսկ մի քանի օր հետո նաև Սյունիքի վրա, որտեղ ես եմ ապրում: Մի օր երեկոյան տարօրինակ ձայն լսեցի, օդային տագնապի ազդանշան էր: Մորեղբայրս զանգահարեց և ասաց, որ շտապ ապաստարան իջնենք, թշնամու անօդաչու սարքը պտտվում է Կապանի երկնքում: Մենք արագ վազեցինք ապաստարան: Այնտեղ բազմաթիվ երեխաներ և ծերեր կային: Մինչ օրս հիշում եմ մանուկների լացի ձայնը… Իմ անվտանգության համար պատերազմի այդ օրերին տատիկիս հետ տեղափոխվեցինք Երևան: Պատերազմի օրերին մի առավոտ արթնացա, և մայրս ասաց, որ թշնամին գրավել է հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին:
Անցան այդ դաժան 44 օրերը, նահատակվեցին շատ հայորդիներ, շատ մայրեր կորցրին իրենց զավակներին, շատ մանուկներ` իրենց հայրերին, շատ քույրեր` իրենց եղբայրներին, և այսօր՝ 2021 թ. սեպտեմբերի 27-ին, բոլորս մեկ րոպե լռությամբ հարգում ենք մեր զոհված տղաների հիշատակը:
Իմ և իմ ընկերների սրբազան պարտքն է՝ վառ պահել մեր հերոսների հիշատակը և ամուր կանգնել նրանց արյան գնով պաշտպանված մեր հողի վրա:
Խորագիր՝ #39 (1410) 6.10.2021 – 12.10.2021, Հոգևոր-մշակութային