ԱՆՊԱՅՄԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ
Շարքային Հովհաննես Խաչիկյանը զորակոչվել է 2010 թվականի հունիսին։ Բարեխիղճ, կարգապահ ծառայության համար ունի շնորհակալագրեր, հրամանատարության կողմից նամակ է ուղարկվել ծնողներին։ Գնդացրորդ է, հոկտեմբերին տեղի ունեցած զորավարժության ժամանակ ճանաչվել է զորամասի լավագույն զինծառայող։ Ամաչկոտ է, քչախոս, ժպտերես։
-Հովհաննես, պատմի՛ր քո մասին։
-Ծնվել եմ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ծնողներիս հետ տեղափոխվել եմ Մոսկվա, սակայն, երբ եկավ զորակոչի ժամանակը, վերադարձա եւ եկա ծառայության։
-Հիմա ո՞վ է տանը սպասում քեզ։
-Քույրս, եղբայրս նույնպես Մոսկվայում են, ծնողներիս մոտ։
-Եղբայրդ ծառայե՞լ է։
-Այո՛, նա նույնպես ծառայել է սահմանամերձ զորամասում, Իջեւանում։
-Երբ արտերկրում էիր, կարոտո՞ւմ էիր ձեր գյուղը. ի՞նչ կպատմես գյուղի մասին։
-Իհարկե, կարոտում էի։ Կարոտն այն բառը չէ, երեւի պետք է հեռու լինես ծննդավայրից, որ զգաս այդ բառի իմաստը։ Սովորել եմ մեր գյուղի դպրոցում, որը կոչվում է գյուղի հերոս Թաթուլ Խաչատրյանի անունով։ Կռվի տարիներին գյուղի ջոկատի հրամանատարը նա է եղել։ Գյուղը երեք զոհ է տվել։
-Հովհաննես, ի՞նչ է ըստ քեզ հայրենասիրությունը։
-Հայրենասիրությունը այն զգացողությունն է, երբ ամպոտ եւ անձրեւոտ օրերին սահմանին կանգնած միտք ես անում քո հարազատների, թիկունքում հանգիստ ու խաղաղ ապրող քո հայրենակիցների մասին։
-Իսկ երբ հարազատներդ հեռվո՞ւմ են։
-Ես երբեք նրանց հեռվում չեմ պատկերացնում։ Ինձ թվում է` մեր տանն են եւ սպասում են ինձ։
-Ի՞նչ ես մտադիր անել ծառայությունից հետո։
-Սիրում եմ զբաղվել ոսկերչությամբ։ Ծառայությունից հետո կաշխատեմ այդ մասնագիտությամբ եւ մերոնց անպայման տուն կբերեմ։
-Կվերադառնա՞ն։
-Անպայման, որովհետեւ ես այնտեղ եղել եմ եւ գիտեմ, թե ինչ բան է կարոտը։ Զգացել եմ մերոնց կարոտը մեր գյուղի, մեր տան, անգամ մեր այգու ծառերի հանդեպ։ Անպայման հետ կգանք։ Իմ երազանքն է, որ նորից մեր ամբողջ ընտանիքով հավաքվենք հայրենի հարկի տակ։
-Ծառայությունն ի՞նչ տվեց քեզ, որպես հիշողություն ի՞նչ կմնա։
-Հայրենիքի զգացողություն, հրաշալի ընկերներ՝ Խաչիկ Կիրակոսյան, Սարգիս Ցականյան, Հայկ Մկրտչյան եւ շատ շատերը, որոնց հետ ամբողջ կյանքում կհիշենք մեր ծառայության այս երկու տարիները։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ