ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մինչև բուն զորավարժությունն սկսելը խաղաղապահները ուսումնական կետերում, վարժադաշտում պայմանական հակառակորդից պաշտպանվելու, թիրախավորելու եւ արդյունավետ կրակ վարելու հմտություններն են կատարելագործում ու զարգացնում:
Այսքանը մինչև հրաձգությունը, ընդ որում, ոչ միայն ամենօրյա ավանդական զինատեսակից։
Հնչում է հրամանը, և այն կատարելու, առաջին կրակն արձակելու և փոքրիկ շտկումներն անելուն պես խոցումները դառնում են անշեղ և դիպուկ։
Ընդ որում, թիրախները մշտական ու հիմնական չեն, և հրամանատարները տեղում են որոշում հավանական հակառակորդին ու կրակի հրաման արձակում։
Ահա նշանառության տակ զրահատեխնիկայի կուտակում է, հակառակորդի հարձակվող խմբավորում, ինչը կարելի է նաև համազարկով ոչնչացնել։
Հատուկ կահավորված և իրականին մոտեցված ուսումնական կետերից մեկում խաղաղապահների հատուկ նշանակության ստորաբաժանման տղաները արգելագոտիների հոգեբանական հաղթահարման, իսկ մեկ այլ կետում էլ դաշտային հարձակման, դիրքի վրա հարձակման, ծուղակում հայտնված յուրային խմբի դուրսբերման հմտություններն են կատարելագործում։
Վերջին խումբը համալիր գործողություններով է պատրաստվում առաջադրանքը կատարել։ Սցենարի համաձայն՝ պայմանական հակառակորդը մի քանի ուղղություններով մեծ քանակությամբ մարդկային ուժ և զինտեխնիկա է մոտեցրել և հարձակման է անցել։
Դիպուկ կրակով տապալվում են առաջին թիրախները, ու անմիջապես մեր խաղաղապահների տեսադաշտում խոշոր նշանակետ է հայտնվում, ինչն էլ ակնթարթորեն, հաշված վայրկյանների ընթացքում խոցվում է նռնականետի դիպուկ կրակով: Հընթացս հրաձիգները խոշոր տրամաչափի զենքերով շարունակում են ոչնչացնել ամեն գնով պայմանական առաջնագծին մոտենալ փորձող գրոհայիններին։
Խաղաղապահ զորակազմի ինտենսիվ մարզումների առաջին շաբաթն ավարտվեց։ Վարժանքները շարունակելի են, նախապես մշակված, հաստատված սցենարի համաձայն, սակայն բազմաթիվ նոր ու հանպատրաստից լրացումներով։
-Հաջորդ շաբաթ նույնպես զորամասը այստեղ կլինի, մեկ այլ գումարտակի կազմով կանցնեն դաշտային մարզումների։ Ընդ որում, ամբողջ ծրագիրը մշակվել է վերջին պատերազմից արած հետևությունների հիման վրա, իրենց ունեցած փորձի, իրենց մասնակցությամբ ստեղծված բարդ իրավիճակների, հակառակորդի հետ բախումների,- ասաց գնդապետ Վազգեն Վարդանյանը:
-Սցենարը խաղարկվում է նաև գիշերը, ամբողջությամբ իրականին մոտ պայմաններում՝ վերջին պահին խմբին փոխանցված կոորդինատներով, զորքին անծանոթ տեղանքում, անհայտ զարգացումներով։ Ամեն ինչ պարզ է դառնում մարտական գործողությունների պահին, և այստեղ զինվորական ամենակարևոր հատկանիշներն են ձևավորվում՝ խուճապի չմատնվելը, տեղում ճիշտ ու արագ որոշումներ կայացնելը եւ մարտական խնդիրը կատարելը,- նշեց գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը:
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #39 (1410) 6.10.2021 – 12.10.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում