Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ



Գողթն գավառից բաժանող՝ ծովի մակերեւույթից 2500մ ավելի բարձր լեռնագագաթներին այժմ մարտական հերթապահության են կանգնած մեր զինվորները։ Զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա.Ադամյանի ուղեկցությամբ բարձրանում ենք հենակետեր։ Եղանակը պարզ է, բարենպաստ։ Ոլորապտույտ ճանապարհը մաքրված է։ Ճանապարհներն անընդհատ մաքրում են, որովհետեւ, եթե ձյուն էլ չգա, քամին, բուքը սարերի ձյունը լցնում են ճանապարհին։ Շեներն ապրում, շնչում են խաղաղության մեջ, որտեղ ամեն օր մայր մտնող եւ հրաշեկ լեռներից նորից դուրս եկող արեւի հետ բնակիչներն իրենց հայացքներն ուղղում են բարձրիկ լեռներին, որտեղ կանգնած են հայոց բանակի զինվորները։ Անցած դարասկզբին ազերի հրոսակները թուրքական բանակի հետ փորձել են մտնել գավառ հենց այս բարձունքից, սակայն Գ.Նժդեհի եւ իր զինակիցների կողմից ստացել են արժանի հակահարված։ Պատմությունը կրկնվեց նաեւ դարավերջին։ Ա.Ադամյանը պատմում է.

«1992-ի օգոստոսի 16-ին ազերի հրոսակները մեծաքանակ ուժերով հարձակվում եւ գրավում են բարձունքը։ Անհավասար մարտում զոհվում է կուրիսցի Գեւորգ Խաչատրյանը։ Կարեւոր նշանակության այս բարձունքը անհապաղ հարկավոր էր հետ վերցնել։ Ու հենց հաջորդ առավոտ դեռ արեւը չծագած՝ Ղեւոնդ Հովհաննիսյանի հրամանատարությամբ ջոկատի տղաները նորից գրավում են բարձունքը։ Բարձունքը գրավելիս քաջաբար զոհվում է եւս մեկ հայորդի՝ Հրաչիկ Մկրտչյանը»։

Ու մենք բարձրանում ենք պատմական այդ հենակետը։

Բարձունքի մյուս կողմում մի պահ երեւում են բնակավայրեր, ու նորից մշուշը ծածկում է այն, ու մառախուղը վեր սողալով բարձրանում է մեր պատմական քաղաքի ուղղությամբ, որտեղ ժամանակին 12 կանգուն եկեղեցիներ են եղել, որոնք, ցավոք, այսօր ավերվել են, ջնջվել աշխարհի երեսից, ինչպես վերջերս ջնջեցին տասնյակ հազարի հասնող Ջուղայի խաչքարերն ու եկեղեցիները։

ՀԵՆԱԿԵՏԻ ՓԱՌԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

… Կացարանի առջեւ կազմ ու պատրաստ շարված են բարձունքը պաշտպանող զինվորները։ Մտնում ենք կացարան, այն հարմարավետ է, տաք։ Զգացվում է, որ ամեն ինչ արվում է՝ զինվորի կենցաղային պայմանները բարելավելու համար։ Հենակետի ավագ կապիտան Հ. Շամամյանը Ճամբարակից է։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Վ.Սարգսյանի անվան ՌԻ։ Ավարտելով այն որպես մոտոհրաձիգ՝ սահմանային տարբեր զորամասերում ծառայել է որպես դասակի հրամանատար, ավագ սպա, իսկ 2010թ. այստեղ նշանակվել է վաշտի հրամանատար։

Կապիտանը ներկայացնում է հենակետի զինվորներին։

Ջերմ, մտերմիկ զրույցի ենք բռնվում տղաների հետ։ Զգացվում է, որ իրոք գոհ են իրենց ծառայությունից, եւ ամենակարեւորը՝ գովեստի խոսքեր են ասում իրենց հրամանատարների հասցեին։ Մեզ հյուրասիրեցին սուրճ, քաղցրավենիք։ Պարզվեց, որ նախորդ օրը նշել էին շարքային Կարո Բաղդասարյանի ծննդյան օրը։

– Մարտական հենակետում չգրված օրենք կա՝ հոբելյարի ծննդյան օրվա համար պետք է տորթ պատրաստեն զորացրվող զինվորները,- ասում է խոհարար, շարքային Արամ Սմբատյանը,- տորթը կոչվում է «Տոնական-դեմբելսկի»։ Մեր հենակետից 4 զորացրվող ունենք՝ նրանք էլ պատրաստեցին։

– Իսկ բաղադրատո՞մսը, եթե գաղտնիք չէ,- հարցնում ենք խոհարարին։

– Թխվածքաբլիթները շարում ենք, վրան խտացրած կաթ քսում, ապա մնացած փշրանքները ցանում ենք վրան եւ որոշ ժամանակ անց կտրում ու վայելում,- ծիծաղում է խոհարարը։

Արամը Եղեգնաձորից է, դպրոցն ավարտելուց հետո սովորել է արտակարգ իրավիճակների ակադեմիայում։ Զորակոչվել է երկրորդ կուրսից։

Կրտսեր սերժանտ Մակիչ Գեւորգյանը Վերին Արտաշատ գյուղից է։ Զորամաս է եկել ուսումնական կենտրոնից։ Հումորով է, կատակասեր։ Անեկդոտներ է պատմում արտաշատցիների մասին, ապա խոսելով ծառայությունից` ասում է.

-Սա իմ վերջին հերթափոխն է։ Իջնելու ենք զորամաս, ու սպասելու եմ իմ զորացրման հերթին։ Գոհ եմ իմ ծառայությունից։ Զորամիավորման հրամանատարն ինձ պարգևատրել է պատվոգրով՝ իմ պարտականությունները իմանալու, ճիշտ կիրառելու համար։

Կրտսեր սերժանտ, երեւանցի Վահան Խաչատրյանը նույնպես զորացրվելու է։ Կապավոր է, եկել է ուսումնական զորամասից։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի Երեւանի մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանող է։

– Բազմիցս եղել եմ մարտական հենակետերում։ Հետաքրքիր է կապավորի ծառայությունը, հատկապես, երբ լավ լուր ես լսում եւ այն փոխանցում քո ծառայակից ընկերներին։ Մեր հենակետի տղաներից շատերին առաջինը ես եմ հաղորդել, որ արձակուրդի են ներկայացված կամ էլ մեկ այլ խրախուսանքի,- ասում է Վահանը։

Շարքային Սուրեն Զարգարյանը Ճամբարակի Վահան գյուղից է։ Զորակոչվել է միջնակարգն ավարտելուց հետո։

– Մարտական հենակետում ծառայությունը ինձ ծանոթ է։ Մեր գյուղը 14 զոհ է տվել ազատագրական կռվին։ Իմ երկու հորեղբայրները՝ Մամիկոնն ու Կամոն էլ են զոհվել մեր գյուղի մարտերում։ Ես հորեղբայրներիս չեմ տեսել, սակայն լսել եմ նրանց քաջագործությունների մասին։ Ամեն մի հայ երիտասարդ պետք է գոնե մեկ հերթափոխ իր ծառայությունն անցկացնի մարտական հենակետում, որ զգա հայրենիքի, ծննդավայրի քաղցրությունը,- ասում է նա։

– Իսկ կրակոցներ լինու՞մ են։

– Լսում ենք, սակայն հեռավորությունը մեծ է,- ասում է կրտսեր սերժանտ, արթիկցի Գոռ Մողրավյանը։

– Պատահում է` օրերով թանձր մառախուղ է նստում,- շարքային Անդրանիկ Հարությունյանն է,- հատկապես այդ օրերին աչալուրջ ենք, ուշադիր։

– Ճիշտն ասած՝ հեշտ չէ աշխարհից կտրված այս լեռնագագաթներին ծառայելը, սակայն, սա է մեր հայրենիքը, եւ թշնամու նկատելի ներկայությունից գիտակցում ես, որ քո բաժինը, քո մասն ունես երկրիդ պաշտպանության գործում,- ասում է հենակետի ավագի օգնական կրտսեր սերժանտ Սրապիոն Հունանյանը։

Խրամուղիներով, դիրքերով անցնելուց հետո փոխգնդապետ Ա.Ադամյանը մարտական հերթապահության ստուգման մատյանում գրանցում է. «Հերթապահությունը իրականանում է ըստ պաշտպանության նախարարի հրամանի։ Անձնակազմը գիտի իր պարտականությունները, մարտական խնդիրը։ Ապահովված է անհրաժեշտ ու սահմանված չափաբաժնի սննդամթերքով, վառելանյութով։ Դիտորդները ծառայությունը իրականացնում են ըստ գրաֆիկի։ Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է։ Չկան ծառայությանը խանգարող հանգամանքներ։ Կապը գործում է անխափան։ Հանձնարարական՝ մշտապես մաքրել խրամուղիները տեղացող ձյունից, խստիվ պահպանել անվտանգության կանոնները եւ ցուրտ եղանակներին հերթափոխը կազմակերպել ժամը մեկ։ Հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Ադամյան»։

… Սկսում է ձյուն տեղալ։ Ճերմակ մշուշը հանդարտ ընթացքով շարունակում է իր ուղին։ Հրաժեշտ ենք տալիս հայոց սահմաններին կանգնած ժպտերես, խիզախ տղաներին, հայրենիքի իսկական պաշտպաններին՝ Արայիկ Վարդանյանին, Հրայր Ավագյանին, Գեւորգ Սահակյանին, Արթուր Ղազարյանին, Սիսակ Զաքարյանին։ Մարտական հենակետում մեր եղած ժամանակ անընդհատ կապի մեջ էր պահպանության շրջանի պատասխանատու, գումարտակի շտաբի պետ, մայոր Խ. Խաչատրյանը։ Հրաժեշտին տղաները խնդրեցին գովեստի խոսքեր ուղղել նրա հասցեին։ Իսկ երբ հենակետում կանգնած զինվորն է դա ասում՝ նշանակում է, ամեն ինչ ասված է։

Հենակետից իջնելիս փոխգնդապետ Ա. Ադամյանը ոգեւորված էր.

-Տղաներն ամբողջ էությամբ այնպես են կապվել այս բարձունքներին, որ երբ հերթափոխն ավարտվում է, ու ցած են իջնում, կարոտում են իրենց մարտական հենակետը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/12/2011