ԲԱՆԱԿՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ
-Իմ ծննդավայր Վարդենիսում մերոնք՝ Բարսեղյանները, հայտնի են իրենց հազվագյուտ զինվորական մասնագիտությամբ, որ փոխանցվել է սերնդեսերունդ,- ասում է ականանետային մարտկոցի ջոկի հրամանատար, սերժանտ Վարդան Բարսեղյանը: Նրա հայրը՝ Արտեմ Բարսեղյանը, Արցախյան ազատամարտի ժամանակ կռվել է կամավորական ջոկատի կազմում, այնուհետև շարունակել է ծառայությունը հայկական բանակում մինչ օրս: Գյուղատնտեսական բարձրագույն կրթություն ստանալիս նրա մտքով չէր էլ անցնի, որ մի օր զինվորական համազգեստ է կրելու, կանգնելու հայրենի երկրի սահմաններին, ու դա դառնալու է իր կյանքի գործը: Բայց պատերազմը շատերի ճակատագիրը փոխեց: Արտեմ Բարսեղյանը և՛ մարտական հերթապահության ժամանակ, և՛ որպես ՊՆ գերատեսչական ռազմականացված պահակախմբի հերթափոխի պետ, ծառայել է նվիրումով: Ինչպես ինքն է ասում՝ բանակին տվել է իր ամբողջ ուժերն ու սերը: Պարգևատրվել է գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով: Վարդան Բարսեղյանը կրկնել է հոր անցած ուղին՝ ժամկետային զինծառայությունից հետո չի հեռացել բանակից, շարունակել է պաշտպանել հայրենիքի սահմանները՝ արդեն որպես պայմանագրային զինծառայող: Հայր ու որդի Բարսեղյանները մասնակցել են 44-օրյա պատերազմին: …Ու ահա հենց զրույցի սկզբում պարզվում է, որ նրանք ունեն «սերնդեսերունդ փոխանցվող զինվորական մասնագիտություն», այն էլ՝ հազվագյուտ:
-Էդ ի՞նչ մասնագիտություն է,- հարցնում եմ անհամբերությամբ:
-Իմ պապերը էս տարածաշրջանում միակ ձիու թամբ կարողներն են եղել:
Ես չեմ կարողանում թաքցնել հիասթափությունս ու ժպտում եմ ներողամիտ:
-Կաշվից,- ավելացնում է սերժանտը:
-Ձիու թամբ կարելը զինվորական մասնագիտությո՞ւն է:
-Իմ Հայկազ պապը Անդրանիկի զորքի ձիերն է թամբել,- ասում է Վարդանը, ձայնի ակնհայտ դժգոհություն կա:- Իմ ապուպապի՝ Խաչատուրի անունով մեր գյուղում եկեղեցի կա, սուրբ մարդ է եղել, աղոթքով բժշկել է մարդկանց: Իսկ Ներսես պապս մուղսի է եղել…
Ես շրթունքներով սեղմել եմ ժպիտս ու գլխով եմ անում:
-Շատ լավ տոհմածառ ունես:
Ինձ դուր է գալիս իր նախնիներին մեծարելու երիտասարդ զինվորականի ձգտումը, նրա ամուր կապը արմատների հետ:
-Հպարտանալու բան է՝ հայրդ Արցախյան երկու պատերազմների մասնակից է, դու քո բաժին կռիվն ես տվել հայրենիքի համար: Իսկապես, պատվելի կենսագրություն ունես:
23-ամյա հրամանատարի դեմքին գոհունակ ժպիտ է հայտնվում:
-Հայրենիքը պաշտպանելը յուրաքանչյուր տղամարդու պարտքն է: Այս նախադասությունը ես լսել եմ ծնված օրվանից: Հայրս պատմում էր Արցախյան ազատամարտի մասին. «Քանի դեռ մեր հողերը, մեր Վանն ու Մուշը, Սասունն ու Արդահանը, Նախիջևանն ու Բայազետը գերի են, մենք չենք հաշտվելու թուրքերի հետ: Խորհրդային կարգերի ժամանակ ես ու հայրս 8 տարի Քարվաճառում ենք ապրել-աշխատել: Ձիու թամբ էինք կարում: Քարվաճառում գործը շատ էր, որովհետև գյուղերում ադրբեջանցիների փոխադրամիջոցը ձին էր: Արտաքուստ ամեն ինչ լավ էր, կարծես թե ապրում էինք խաղաղ, բայց ներքուստ, մեր հոգիներում կռիվ ունեինք թուրքի հետ… Մի թեթև կայծ էր պետք, որ հին վերքերը տնքային, հին ցավերը նորոգվեին: …Պատերազմի ժամանակ մենք անձնուրաց էինք կռվում թուրքերի դեմ, 100 տարվա կուտակված ասելիք ունեինք նրանց: Թուրքերը տասնապատիկ շատ էին, տասնապատիկ գերազանցում էին մեզ զենքերի քանակով, բայց մենք համախմբված էինք, համերաշխ էին, սիրում էինք իրար ու մեր Արցախը, անսահման նվիրված էինք մեր պայքարին: Այդ պատճառով էլ հաղթեցինք:
Սերժանտը լռում է: Նա հայացքը հառել է սեղանին, միտքն զբաղված է: Ես համոզված եմ՝ երկուսս էլ նույն բանն ենք մտածում: Ի՞նչը մեզ չհերիքեց այս պատերազմում…
-Թուրքը նույն թուրքն էր՝ վախկոտ, նենգ…
-Էդ «վախկոտները» հիմա Շուշիում են, Հադրութում: Արցախի 75 տոկոսը…,- ես խոսքս կիսատ թողած՝ լռում եմ, որովհետև տղան չի բարձրացնում հայացքը: Էնքան տխրություն կա դեմքին: Հուզմունքը սեղմում է կոկորդս: Երբ նա 22 տարեկանում իր զորքի հետ կռվում էր ադրբեջանա-թուրքական մինչև ատամները զինված հատուկջոկատայինների դեմ՝ մահն աչքի առաջ, պատրաստ կյանքը զոհելու հայրենիքի համար, ես ապահով նստած էի Երևանում:
-Բոլոր ճակատներում, բոլոր դիրքերում մենք 10-12 հոգով դիմակայում էինք թշնամու 100-200 հոգանոց զորքին,- տղայի ձայնը խաղաղ է, անհույզ, իսկ հայացքը չի բարձրացնում,- հենց պատերազմի առաջին օրը դիրքեր բարձրանալիս «կամիկաձեները» թափվեցին մեզ վրա, ստիպված մեքենայից իջանք ու ոտքով շարունակեցինք ճանապարհը, իսկ մեքենաներից մեկը մեզնից քիչ հեռու պայթեց անօդաչուի հարվածից: Օդային սահմանը բաց էր, երկնքից մեզ վրա կրակ էր թափվում, բայց հողի վրա մենք ջախջախում էինք թուրքերին: Սեպտեմբերի 27-ի երեկոյան ես հեռադիտակով տեսա, թե ինչպես է 100 հոգանոց խումբը առաջանում դեպի մեր դիրքերը: Մեր հրետանին անվրեպ կրակեց, ոչ մեկը չկարողացավ փրկվել:
-Քո հաշվարկո՞վ էր կրակում հրետանին:
-Հա՛, բայց դա կարևոր չէ: Ուրիշ բան կա: Հայրս պատմում էր, թե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ինչպես են թուրքերը խուճապահար փախել մեկ անվրեպ կրակոցից, մի քանի զոհ տեսնելուց հետո, առանց հիշելու, որ իրենք տասնապատիկ շատ են: Նույնը ես տեսա այս պատերազմի ժամանակ: Ու ես իրավունք ունեմ ասելու, որ թուրքը նույն վախկոտն է մնացել: Ես տեսել եմ, թե ինչպես են մեր 18-20 տարեկան զինվորները հաղթում թուրք հատուկջոկատայիններին, դիմանում են սովին, չեն նահանջում երկնքից կրակ թափող անօդաչուների առաջ: Ու ես իրավունք ունեմ ասելու, որ հայ զինվորը աշխարհի ամենաքաջ զինվորն է:… Չէ, դու իրավունք ունես ասելու, որ ես պարտվել եմ պատերազմի դաշտում, ես չեմ կարողացել պաշտպանել իմ հայրենիքը, ու այսօր թուրքը Շուշիում է, բայց ես թուրքին չեմ պարտվել, ես պարտվել եմ օդային պատերազմում, պարտվել եմ զինտեխնիկային, չեմ կարողացել ավտոմատով հաղթել անօդաչուներին…
Արտեմը, որ մինչ այդ լուռ լսում էր որդուն, ասում է.
-Քարվաճառում աշխատելիս ես ադրբեջաներեն սովորեցի: Երբ Արցախյան ազատամարտի ժամանակ ինձ զանգեցին գործկոմից ու ուղարկեցին գեներալ Հրաչյա Անդրեասյանի մոտ: Պատկառելի մարդ էր, խորհրդային գեներալ, զինվորականի կատարելատիպ…
30 տարի հայրենիքին ծառայած, երկու պատերազմների մասնակցած Արտեմ Բարսեղյանը սահուն փոխում է «ծանր» զրույցի թեման:
-Ինձ՝ որպես ադրբեջաներենին տիրապետողի, ընդգրկեցին հետախուզական խմբում: Ինչեր ենք արել, լսես՝ ականջներիդ չես հավատա: Բախտ եմ ունեցել Շուշիի ազատագրությանը մասնակցելու.. Հույս ունեմ էդ ուրախությունը մի անգամ էլ զգալ: Ես հավատում եմ երիտասարդ սերնդին: Ես նրանց տեսել եմ պատերազմի դաշտում ու վստահ եմ, որ մեր անհաջողությունները ժամանակավոր են:
Սերժանտ Վարդան Բարսեղյանը բարձրացրել է հայացքը, նայում է հորն ու լսում ուշադիր:
-Ոնց եղավ, որ որոշեցիր զինվորական դառնալ,- հարցնում եմ Վարդանին:
-Ժամկետային ծառայության ժամանակ սիրեցի զինվորական գործը: Սիրեցի բանակի մթնոլորտը, հարաբերությունները, ոգին: Սահմանին հոգով հզորներն են: Զորքը թիմ է, թույլեր չկան, չպիտի լինեն, ուժեղը պիտի կանգնի թույլի կողքին ու զորացնի նրան:
Վարդանը ոգևորվել է, նախկին հուզմունքի հետքն անգամ չկա:
-Ես սիրում եմ, երբ հաղթում են թիմով. երբ ընկերոջդ հաղթանակը քո հաղթանակն է… Ես հավատում եմ մեր զորքի հաղթանակին: Եթե չհավատայի, ի՞նչ գործ ունեի բանակում: Եթե բանակում եմ, ուրեմն… հաղթելու համար:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #40 (1411) 13.10.2021 – 19.10.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում