Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՐՏՔ ՈՒ ՊԱՏԻՎ



Եռամսյա վարժանքների մասնակիցներն այս օրերին շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել հանրապետության սահմանագոտիներում: Մարտական հենակետում 14 օր շարունակ պատվով և բարձր պատասխանատվությամբ հսկելով հայրենիքի սահմանը՝ առաջին փուլի պահեստազորայինները հերթափոխը հանձնել են հավաքի հաջորդ մասնակիցներին: Մարտական բնագծում՝ հակառակորդից հաշված կիլոմետրերի վրա, զորահավաքի մասնակիցները զգոն են և մեծ պատասխանատվությամբ են կատարում առաջադրված խնդիրները: Նրանք գիտակցում են, որ հայրենիքի պաշտպանության գործում պետք է առավելագույնն անել և զինվորականների հետ միասնաբար անառիկ պահել սահմանը: Սահմանի այս հատվածում հայրենիքի ու իրենց ընտանիքների անդորրն են պաշտպանում տարբեր մասնագիտությունների տեր 20-ից 50-ն անց պահեստազորայինները։

Դիրքապահներից Արա Գրիգորյանը մասնագիտությամբ ուսուցիչ է.

-Տարիքը կապ չունի,- ասում է,- 50 տարեկան մարդը եկել է այստեղ ու 18 տարեկան ժամկետային զինծառայողի հետ նույն խնդիրն է կատարում:

Էդուարդն էլ մարտական դիրքի ամենակրտսեր պահեստազորայինն է։ Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողը խոստովանում է՝ անակնկալի էր եկել, երբ ուսման ընթացքում ստացել էր եռամսյա հավաքին ներգրավվելու ծանուցագիրը, այդուհանդերձ, անմիջապես հավաքել է իրերն ու ներկայացել զորակոչային տարածքային ստորաբաժանում.

-Հայրենիքի պաշտպանությունն այս պահին ավելի կարևոր էր, ու մենք եկել ենք ծառայելու:

Ի տարբերություն Էդուարդի՝ մարտական հերթափոխը ուղեկցող դիրքի ավագ Ռոման Մկրտչյանն արդեն իսկ երկու զավակի հայր է։ Ասում է՝ հենց զավակներն են գոտեպնդում ու իմաստավորում 24-ժամյա ծառայությունը.

-Միայն դա բավական է, որ ուժ ստանաս, ավելի մեծ պատասխանատվությամբ իրականացնես մարտական հերթապահությունը:

Հարևան մարտական դիրքում անակնկալ հանդիպեցինք նաև Սերյոժա Գրիգորյանին, որի հետ ծանոթացել էինք դեռևս մեկ ամիս առաջ՝  զորավարժարաններից մեկում եռամսյա վարժական հավաքի մասնակիցների համար անցկացվող պարապմունքները լուսաբանելիս։

-Մտովի համեմատում եմ ինքս ինձ 25 օր առաջ և այսօր. էական փոփոխություն եմ զգում: Կարելի է ասել, որ արդեն լիովին ներգրավվել եմ ծառայողական կյանքի մեջ: Եթե սկզբնական շրջանում դեռ ինձ պատրաստ չէի զգում սահմանային ծառայություն իրականացնելուն, հիմա արդեն զգում եմ, որ պատրաստ եմ ցանկացած առաջադրանք կատարելու, որը կնպաստի մեր երկրի պաշտպանությանը: Այստեղ՝ սահմանին, ամեն օր ու ակնթարթ պատիվ ունեմ ապրելու հայրենիքի լիիրավ պաշտպան լինելու հպարտության զգացումը:

Պահեստազորի սպա, մայոր Սմբատ Դանիելյանը 44-օրյա պատերազմի մասնակից  է։ Լսելով եռամսյա վարժական հավաքների մեկնարկի մասին՝ ձեռքն է առել զենքն ու կրկին կանգնել է սահմանին.

-Եթե հայի տանը արու զավակ է ծնվում, պետք է ասել՝ զինվոր է ծնվել,- նկատում է փորձառու սպան:- Եվ այդ զինվորը, երբ ժամանակը գա, կկանգնի իր խրամատում, կպահի իր հայրենի եզերքը: Հայրենիքն սկսվում է խրամատից և ավարտվում քո ընտանիքում:

-Արդեն տեսանք՝ ինչ եղավ… Չորս զոհված աշակերտ ունեմ, նաև՝ եղբայրս զոհվեց այս պատերազմում…,- Իր մտորումներով է կիսվում հավաքների մասնակից, լեյտենանտ Արա Գրիգորյանը: Արան  դպրոցում է աշխատում, նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ է, եւ ուսուցչի մասնագիտական տոնը սահմանին դիմավորող Արան նկատում է՝  հայրենիքի պաշտպանության գործում մասնագիտությունը, սեռն ու տարիքը կարևոր չեն։

-Բոլորը պետք է պատրաստ լինեն հայրենիքի պաշտպանությանը: Մենք ունեցել են 1918 թ., Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա: Հայդուկային կռիվներ ենք մղել: Մեր պատմությունը մեզ միշտ ուսուցանել է, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի՝ անկախ մասնագիտությունից, անկախ ամեն ինչից: Ես 1991թ.-ին եմ ծնվել: Առաջին Արցախյան պատերազմը չեմ տեսել, բայց տեսա 44-օրյա պատերազմն ու հասկացա ամեն ինչ… Ես պարտք ունեմ տալու: Իմ մեջ վրեժն է խոսում կորցրած եղբորս, աշակերտներիս համար: Ուսուցչի աշխատանքին զուգահեռ՝ տարին 3 ամիս նաև սահման կպահեմ ու այսպես իմ լուման կունենամ Հայրենիքի պաշտպանության գործում:

Տղաները միակարծիք են. ցանկացած մարդ, որի թիկունքում իր ընտանիքն ու Հայրենիքն են, հետ գնալու տեղ չունի։  Կան մնայուն արժեքներ, հիմնարար գաղափարներ  ու տված երդումներ, որոնց տեր կանգնելն ամենից վեր է։

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՀԱՐՈՒԹ ՍԱՖԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #40 (1411) 13.10.2021 – 19.10.2021, Ազգային բանակ


14/10/2021