ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐ
Քարերի երկիր Հայաստանում հիմա ամեն քար մի հուշաքար է, ամեն աղբյուր՝ հուշաղբյուր…
Հոկտեմբերի 14-ին Երեւանում՝ Դավիթ Անհաղթ 23/1 հասցեում, բացվեց հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսացած Էդգար Մհերյանի հիշատակին…
Էդգարը փոքր տարիքից զբաղվում էր սպորտով՝ թեթև ատլետիկա, ձյուդո, լող, մարտական սամբո, ձեռնամարտ։
«Իրական դպրոցում» էր սովորում՝ մասնագիտանալով ՏՏ ոլորտում: Ուսումնառության ընթացքում, դպրոցի նախաձեռնությամբ, մասնակցում էին նաեւ ՈՄԱ-ի՝ ողջ մնալու արվեստի ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության դասընթացներին, որտեղ զարգացնում էին ռազմական, ֆիզիկական, հոգեբանական պատրաստվածության ամենատարբեր հմտություններ։ ՈՄԱ-ի մարզումներն անցկացվում էին Քարվաճառի անտառներում, լեռներում՝ մագլցում էին ժայռեր, պարանով գետանցում կատարում, քայլարշավներ…
2020 թ. ամռանը, երբ բանակ զորակոչվեց, արդեն պատրաստի զինվոր էր: Երկու ամսվա ծառայող էր ընդամենը, երբ սկսվեց պատերազմը։
Էդգարը տնեցիներին զանգելիս միշտ խաղաղեցնում էր՝ «Ամեն ինչ լավ է, մենք անվտանգ, ապահով վայրում ենք, անհոգ եղեք»։
Հետո միայն ընտանիքը կիմանա, որ կռվի հենց առաջին օրվանից ամենաթեժ հատվածներում է եղել, մասնակցել մարտական գործողությունների։
Էդգարն ականանետորդ էր, հմուտ տիրապետում էր իր զենքին եւ այնպես վարժ ու աներկյուղ էր կռվում, ասես կռիվների բովում հազար տարի թրծված լիներ. մարտերից մեկի ժամանակ էլ հրամանատարի և զինակիցների դիպուկ հաշվարկի շնորհիվ կարողացել էին ոչնչացնել թշնամուն և փրկել շրջափակման մեջ հայտնված 11 հոգու կյանք:
Շրջափակումից փրկված տղաներից մեկը՝ Էդգար Ջանիբեկյանը, նույնպես ներկա էր հուշաքարի բացմանը. «Էդգար Մհերյանն իմ ամենամոտ մարտական ընկերն էր: Ինչ նպատակներ էինք միասին ծրագրել, ամեն ինչ անկատար մնաց….Էդգարը անպատմելի խիզախ էր, համարձակ, կռվում էր հերոսաբար, հերոսավայել….»։
Հերոսի հայրը՝ Արմեն Մհերյանը, հպարտությունն ու հուզմունքն իրար խառնած, լրացնում է. «Որդիս 33 օր կռվել է ամենաթեժ հատվածներում, երբ զանգում էր, ձայնի մեջ վախի, տագնապի փոքր նշույլ իսկ մի անգամ չզգացի, կռվի դաշտից ինքն էր մեզ «դուխ» տալիս, ոգեւորում, հուսադրում՝ «Ի՞նչ կա, պա՛պ ջան, մա՛մ ջան, ես շատ լավ եմ, դուք ձեզնից պատմեք…»:
Արցախի տարբեր ուղղություններում է կռվել 18-ամյա երիտասարդը՝ Ջրական, Վարանդա, Հադրութ, Կարմիր Շուկա, Իշխանաձոր…
Զոհվել է հոկտեմբերի 30-ին՝ Մարտունու շրջանի Քերթ գյուղի մոտակայքում՝ անօդաչուի հարվածից։
Խիզախ, աննկուն ոգով քաջորդին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» եւ այլ մեդալներով։
Երբ փոքր էր Էդգարը, ու հարցնում էին՝ ի՞նչ ես դառնալու, ասում էր՝ զինվոր:
Հիմա հավերժ զինվոր է…
Մանկության ընկերը՝ Սերգեյ Խաչատրյանը, փոքրիկ մի բանաստեղծություն է ձոնել Էդգարին:
Դու՝ իմ ընկեր հզոր, կանգուն,
Դու՝ մեր հերոս ամբողջ կյանքում,
Դու քո արյան վերջին գնով
Անմահացար հավերժ փառքով։
Մաքառեցիր քո մեծ ուժով,
Պահեցիր մեզ խոստում տալով՝
«Ես կռվում եմ, լավ իմացեք,
Թե պետք լինի՝ կյանքս էլ կտամ,
Միայն լինեմ հավատացած,
Որ բոլորդ այս չարամիտ, մեծ աշխարհում
Կապրեք խաղաղ ու անվարան…»:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
եւ ԷԴԳԱՐ ՄՀԵՐՅԱՆԻ ընտանեկան արխիվից
Խորագիր՝ #41 (1412) 20.10.2021 – 26.10.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում