Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ի ՀԻՇԱՏԱԿ 18-ԱՄՅԱ ՀԵՐՈՍԻ



Ի ՀԻՇԱՏԱԿ 18-ԱՄՅԱ ՀԵՐՈՍԻՕրերս Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում կայացավ խաչքարի օծման արարողություն, որին ներկա էին նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, տարբեր բնակավայրերի բնակիչներ։

…Անցած տարվա հուլիսին էր բանակ զորակոչվել Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղի բնակիչ 18-ամյա Ժիրայր Գագիկի Մարգարյանը, որը 6 քույրերի միակ եղբայրն էր ու ավագը։ Հպարտ էր, որ արդեն զինվոր է և իր քույրերի պաշտպանն է դառնալու և ժպիտը դեմքին մնացած զորակոչիկների հետ նստեց Ստեփանակերտի հավաքակայան մեկնող մեքենան։ Նույն օրն էլ մասնակցեց վիճակահանությանը և ծառայության անցավ Ջրականի զորամասում։

…2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին ընդամենը 2 ամիս ծառայած Ժիրայրն էլ մասնակցեց ու թրծվում էր ռազմի դաշտում։ Հոկտեմբերի կեսերից ծնողներն այլևս չկարողացան կապ հաստատել իրենց միակ որդու հետ։ Սակայն հույս ունեին՝ միգուցե տուն կգա։ Սակայն 9 ամսվա սպասումները չարդարացրին ծնողների ու քույրերի հույսը։ Բանակ զորակոչվելուց մեկ տարի անց գտնվեց քաջորդու աճյունը։ 2021 թ. հուլիսի 21-ին զինվորական կարգով Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի գերեզմանոցում հուղարկավորեցին անմահ հերոսին։

Ժիրայր Գագիկի Մարգարյանը ծնվել է 2002 թ. հունվարի 7-ին Վահրամաբերդում։ Նույն թվականի մարտին Գագիկ և Նաիրա Մարգարյան ամուսինները որդու հետ տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին Վակունիս գյուղում, որը Քաշաթաղի հյուսիսային թևում է։ Գյուղն ազատագրվել էր 1993 թ. մարտի 31-ին «Սիսական» գնդի մի ջոկատի կողմից։ 11 քաջորդի, այդ թվում նաև ջոկատի հրամանատար Վուրգ Ոսկանյանը, զոհվեցին գյուղն ազատագրելիս։

Ի ՀԻՇԱՏԱԿ 18-ԱՄՅԱ ՀԵՐՈՍԻՎակունիսը վերաբնակեցվեց 1995 թվականին, և շուտով այստեղ բացվեց դպրոց, որն անվանակոչվեց ի պատիվ Վուրգ Ոսկանյանի։ Վակունիսում հասակ առավ Ժիրայրը, այստեղ ծնվեցին քույրերը։ Գյուղի դպրոցում սովորեց ու ավարտեց միջնակարգը։ Վուրգի ու մնացած հերոսների ոգով էին դաստիարակվում դպրոցականները, նրանց հետ նաև Ժիրայրը, որը միշտ գլխավոր դերում էր, նաև ծնողների օգնականն էր տնտեսությունում, ձգտում էր հնարավորինս աջակցել հորը, որ բազմազավակ ընտանիքը բարեկեցիկ կյանքով ապրեր։ Քույրերի հպարտությունն էր, պաշտպանը… Բայց հոկտեմբերի 15-ին Վահրամաբերդում հոգևոր հայրը մյուռոնով օծված ջրով ու գինով օծեց ու օրհնեց հուշաքար-խաչքարը՝ նվիրված Ժիրայրի և բոլոր հերոսների հիշատակին։ Ներկա էին ծնողները, քույրերը, հարազատ-բարեկամներ, զինվորականներ, Վահրամաբերդի գյուղական համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, բոլոր վահրամաբերդցիները։ Հերոսի փոքրիկ քույրերը՝ Ալիսան, Մարիամը, Ալվարդը, եղբոր նկարով շապիկներ հագած էին մասնակցում արարողությանը։ «Տերունական» աղոթքով ու շարականներով հոգևոր հայրը կատարեց Խաչի օծման ու օրհնանքի արարողությունը։ Ավարտին հայ եկեղեցու ներկայացուցիչը փառք տվեց բոլոր նահատակներին, նշելով՝ հանուն հայրենիքի ընկածները հերոսներ են և ընդունելի Աստծո կողմից, եւ Խաչը միշտ է եղել զորավոր, ու նոր օծված ու օրհնված հուշաքարն այսուհետ սրբատեղի է։ Միջոցառմանը ներկա էր Շիրակի մարզային զինկոմիսարիատի Ախուրյանի բաժանմունքի պետի տեղակալ, կապիտան Աբգար Ապինյանը, որը Ժիրայրի ծնողներին Արցախի նախագահի կողմից հանձնեց «Մարտական ծառայություն» մեդալը։ ԱՀ նախագահի հրամանագիրը՝ պարգևատրման մասին ընթերցեց հոգևոր հայրը։ Հնչեց երգ՝ նվիրված հերոսին։ Արարողությունից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն իր խոսքում նշեց, որ կործանարար պատերազմի ընթացքում ունեցանք հազարավոր զոհեր, և թշնամուն մնաց մեր հայրենի Քաշաթաղը՝ Վակունիսով հանդերձ։ Քաշաթաղի շրջանն այս պատերազմում տվեց 78 զոհ, այդ թվում՝ անհայտ կորածներ։ Զոհվեց նաև Վակունիսի դպրոցի զինղեկ Հարութ Ալեքսանդրի Պետրոսյանը։

Այդուհետ մասնակիցները այցելեցին Ժիրայրի շիրիմին, ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին… Մեզ հետ զրույցի ընթացքում Վահրամաբերդի համայնքապետը նշեց, որ տարածքի 16 բնակավայրերից 44-օրյա պատերազմին մասնակցել են 370 կամավորական ու պահեստազորայիններ՝ չհաշված ժամկետային զինծառայողներին։ Համայնքը տվել է 13 զոհ, 1 անհայտ կորած, 36 վիրավոր։

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #41 (1412) 20.10.2021 – 26.10.2021, Ճակատագրեր


21/10/2021