Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«7-Ի ՖԵԼԴՇԵՐԸ»



«7-Ի ՖԵԼԴՇԵՐԸ»-Ես չէի անհանգստանում Դավիթիս համար, ամբողջ պատերազմի ընթացքում գոնե մեկ րոպե չեմ վախեցել, մտքովս չի անցել, որ Դավիթս կարող է զոհվել,- ասում է տիկին Լուսինեն:

Ես չեմ հասկանում նրան: Պատերազմը ոչ մեկին չի խնայում, մահաբեր զենքերը կրակում են ահեղ, և ոչ ոք ապահովագրված չէ կույր գնդակից:

-Նույնիսկ երբ լսեցի Դավիթիս զոհվելու լուրը, չհավատացի: Մտածեցի՝ որ որ է՝ կզանգի, հաստատ ինչ-որ թյուրիմացություն է եղել, կապը կտրվել է ծառայակիցների հետ:

-Երևի շատ լավ էր համոզել, որ իր տեղը ապահով է, ոչ մի կռիվ էլ չկա: Զինվորների մեծ մասը այդպես է ասել՝ հարազատներին հանգստացնելու համար,- ես վերջապես բացատրություն եմ գտնում:

-Դավիթը չի ասել՝ պատերազմ չկա, ասել է՝ ամեն ինչ լավ է, իմ մասին չմտածեք: Բայց եթե նույնիսկ ասեր, որ կռվի ամենաթեժ կետում է, ես էլի չէի մտածի, որ նա կարող է զոհվել:

Ես նայում եմ տարակուսած ու ոչինչ չեմ ասում:

-Ուղղակի, Դավիթը չէր կարող չլինել: Իմ ուղեղը հրաժարվում էր դրան հավատալ: Ո՞ւր պիտի կորչեին այդքան բարությունը, այդքան երազանքները, այդքան սերը…Եթե կյանքը, մարդիկ, աշխարհը կան, Դավիթս էլ պիտի լիներ, որովհետև նա այդ ամենի մեծ սիրահարն էր:

Ես պիտի ինչ-որ բան ասեմ, մի բան, որ կստիպի դուրս գալ փակուղուց ու առաջ շարժվել:

«7-Ի ՖԵԼԴՇԵՐԸ»-Դավիթս արև էր, որտեղ հայտնվեր, ջերմություն էր սփռում: Մանկապարտեզում ուշքը գնում էր դաստիարակչուհու համար, գնում, փարվում էր ոտքերին: Էդպես էլ մեծացավ՝ մարդասեր: Երկար չէր մտածում՝ արժանի՞ են սիրվելու, արժանի՞ են իր նվիրումին, սիրում ու նվիրվում էր ուրախությամբ: Երբ հիվանդանում էի, դեռ փոքրիկ տղա` ժամերով ձեռքս բռնած՝ նստում էր կողքիս: …Նրա հոգում անսպառ ուրախություն կար: Երբ իր սիրելի միջավայրում էր, ծաղկում էր ասես: Հումորներ էր անում, նմանակում էր մարդկանց: Դավիթս կազմակերպված էր, պարտաճանաչ, մաքրասեր: Առանց դասերը սովորելու ոչ մի ուրիշ գործով չէր զբաղվում: Նրա տետրերն ու գրքերը դասավորված էին ուղիղ շարքերով:

-Ո՞վ էր հայրենասիրություն սերմանել Դավիթի հոգում.- ես գիտեմ, թե ինչպես է զոհվել Դավիթը, և ուզում եմ հասկանալ, թե որտեղ է սկիզբ առնում հերոսության ու ինքնանվիրումի ակունքը, որտեղից է բխում…

Լուսինեն լռում է: Ինչ-որ բան է մտածում: Թվում է՝ փորձում է ինչ-որ պատմություն հիշել:

-Դավիթս իր ընկերներին պաշտպանելու համար էր կռվում, ընկերներին, հրամանատարներին, մարդկանց…

-Դա նույնն է…Հայրենիքը մեր հարազատներն են, մեր սիրելիները, մեզ շրջապատող մարդիկ,- ասում եմ:

-Ես չզարմացա, որ նա սիրեց ֆելդշերի մասնագիտությունը:Դպրոցում այնքան լավ չէր սովորում, որ կարողանար բժիշկ դառնալ: Բանակում ֆելդշերություն սովորեց, դարձավ «7-ի ֆելդշերը», նրան այդպես էին կոչում, քանի որ 7-րդ վաշտի ֆելդշերն էր: Գումարտակի հրամանատարի տեղակալն ասաց՝ «7-ի ֆելդշերը» զոհվեց վիրավորներին տեղափոխելիս:

-Սպասեք՝ ես պատմեմ,- ասում եմ: Հետո բառ առ բառ կրկնում եմ լսածս: Պատմում եմ ականատեսի նման:

«7-Ի ՖԵԼԴՇԵՐԸ»-Երբ հրետակոծությունն սկսվեց, 7-ի ֆելդշեր Դավիթ Գևորգյանը հերթական վիրավորին էր տարհանում մարտադաշտից՝ Աշոտին: Բոլորը, բնականաբար, վազեցին դեպի թաքստոցները: Դավիթը մնաց վիրավորի կողքին ու փորձում էր արկերի տարափի տակ նրան քաշելով դուրս բերել կրակի գոտուց: Տեսնելով, որ Դավիթը չի թաքնվում, այլ շարունակում է տեղափոխել վիրավորին, Գարեգինն ու Վանուշը դուրս եկան թաքստոցից ու մոտեցան Դավթին, որ օգնեն: Չհասցրին: Արկը շատ մոտ պայթեց: Դավիթը, Վանուշն ու Գարեգինը զոհվեցին, վիրավորը՝ Աշոտը, ողջ մնաց:

Մայրը գլխով է անում, ինքն էլ գիտի այդ պատմությունը:

-Իմ տղան չէր կարող վիրավորին մենակ թողնել:

…Ոչ մեկս էլ լաց չենք լինում, մի տեսակ հերոսացել ենք: Ես նայում եմ Լուսինեի դեմքին ու զգում եմ, որ երկուսս էլ նույն հոգեվիճակում ենք: Մենք բարձրացել ենք ինքներս մեզնից: Թվում է ՝ մենք ենք արկերի տարափի տակ մնացել վիրավոր զինվորի կողքին… ու մեր սիրտը պայթում է ինչ-որ հանկարծահաս հպարտությունից:

-Տղայիս «Արիության» մեդալը ծառայակից ընկերները բերեցին,- ասում է Լուսինեն: Ես ուզում եմ հարցնել, թե որտեղ է ամփոփված այդ լուսեղեն Արիությունը, բայց հայացքս ակամա գամվում է հայրենի հողին: Ու Սուրբ հող բառերը իմ կամքից անկախ տրոփում են երակներիս մեջ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #41 (1412) 20.10.2021 – 26.10.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


21/10/2021