Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ…



ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ…Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում ենք: Մեր այցը համընկավ «տագնապի» հետ. հակառակորդի հարձակման մասին տեղեկանալուն   պես դիրքապահները վայրկյանների ընթացքում զինվում են ու շրջանաձև պաշտպանության անցնում:

Թեև այս հարձակումը պայմանական է, բայց հնարավորինս մոտեցված է մարտական իրավիճակին։ Այստեղ՝ դիրքում, թշնամուց հաշված կիլոմետրերի վրա, դիրքապահները ոչ մի վայրկյան զգոնությունը չեն թուլացնում:

-Պատրաստ ենք թշնամուն հակահարված տալու,- վստահեցնում է դիրքապահ Վիգեն Զարիմցյանը:

Առաջնագծի այս հատվածն ամբողջությամբ ժամկետային զինծառայողների պաշտպանության ներքո է: Նրանք հաստատակամորեն կանգնած են հայրենիքի սահմանին ու իրենց վճռականությամբ ու անսասան կամքով երաշխավորում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

-Սկզբում հերթափոխի ժամանակ շատ դժվար էր, հատկապես գիշերները, բայց սովորեցինք, ընտելացանք: Մի ընտանիք են դարձել, մեկս մյուսով գոտեպնդվում, քաջալերվում ու առաջնագիծը  ուս ուսի տված պահում ենք,- անկեղծանում է Ավետիք Քոսյանը:

Տղաները յոթ ամիսների ընթացքում լիովին հարմարվել են բանակային կյանքին, դիրքապահի ծառայությանը:

…Կրկին հերթափոխ է: Վերադասին զեկուցում են, որ հերթապահությունը խաղաղ է ընթացել, և դիտարկման է կանգնում հանգստից վերադարձած անձնակազմը:

-Ծառայությունը զգոն ու հստակ իրականացնում ենք, անձնակազմի ոգին մարտական է,- ասում է հերթափոխը նոր հանձնած Միքայել Հակոբյանը: Նրա խոսքերից ինքդ էլ վստահ  ես զգում:

Այս հենակետից ավելի վերև, ամենաբարձրում,  դարձյալ մեր դիրքապահներն են: Ժամկետայիններին անփորձանք հերթապահություն մաղթելով, շարժվում ենք առաջ՝ մյուս հենակետ, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում  տարիներով հայրենիքին անձնվիրաբար ծառայած ու  44-օրյա թեժ մարտերում կոփված պայմանագրային զինծառայողները:

-Խիտ անտառների ու թավուտների մեջ ավելի ուշադիր ենք: Աչքներս չորս արած օր ու գիշեր հսկում ենք հակառակորդին, հետևում նրա ամեն մի շարժին ու պատրաստ ենք կանխելու ցանկացած ոտնձգություն,- վստահեցնում է պայմանագրային զինծառայող Նարեկ Բաբայանը, որն արդեն 10 տարի ծառայում է առաջնագծում:

Դիրքապահների հետ հայրենիքի սահմանն է պաշտպանում նաև  Արջուկը՝ հենակետի շունը։ Իր ամենամտերիմ ընկերոջը՝ վաշտի հրամանատարին, հակառակորդի դեմ կանգնելիս երբեք մենակ չի թողնում:

-Մեզ հետ գիշեր ու ցերեկ դիրք է պահում,- ասում է վաշտի հրամանատար Տարոն Թորոսյանը:

Պատերազմից հետո էլ վաշտի հրամանատարը չի կորցրել  հավատը և իր անձնական օրինակով ոգեշնչում է ստորաբաժանման մարտիկներին:

-Հեշտ չի, բայց ծառայում ենք անտրտունջ ու նվիրումով: Պետք է հավատալ մեր բանակի բազկին, զինվորի կամքին ու ոգու ուժին. այստեղ բոլորի համար հայրենիքի պաշտպանությունը սրբազան հավատամք է,- ասում է նա:

ԼԱՈՒՐԱ  ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #41 (1412) 20.10.2021 – 26.10.2021, Ազգային բանակ


21/10/2021