ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Ճամբարային այս հավաքի ընթացքում զինծառայողները խաղարկում էին հնարավոր բոլոր սցենարները՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու, ինչպես նաև հարձակում գործելու համար։ Դրանցից մեկն էլ պայմանական հակառակորդի ավտոշարասյունը պայթեցնելն էր։
Ճամբարային մեկամսյա հավաքին մասնակցում էր խաղաղապահ զորամասը։ Ներգրավված էին բոլոր ստորաբաժանումները, որոնց հիմնական մասը մասնակցել է 44-օրյա պատերազմին, և այս հավաքը հնարավորություն էր ընձեռել մասնագիտական գիտելիքներն ու ստացած փորձը ցուցադրելու և ավելի արդյունավետ լուծումներ առաջարկելու։
-Յուրաքանչյուր շաբաթ մեկական գումարտակ մարզվեց, կրակային պատրաստություն անցավ, օրվա տարբեր ժամերին իրականացվեցին վարժանքներ, որոնց նպատակը ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելն էր և առաջնագծում կիրառելի սցենարներ խաղարկելը,- մեզ հետ զրույցում ասաց փոխգնդապետ Մեսրոպ Թովմասյանը:
Ճամբարային հավաքը ղեկավարում էր գնդապետ Վազգեն Վարդանյանը, որը պատերազմի ժամանակ ուղղություններից մեկի հրամանատարն էր։ Եվ հենց մարտական գործողություններն էլ թելադրել են այս հավաքի սցենարն ու հնարավոր ռիսկերը, որոնց հիման վրա ստորաբաժանումները մի շարք խնդիրներ են իրականացրել։
-Ճամբարային հավաքներն ավարտվեցին: Անձնակազմը վերադարձավ մշտական տեղակայման վայր։ Տեսական ու գործնական պարապմունքները այսքանով չեն ավարտվում։ Նախատեսում ենք վարժանքներ իրականացնել նաև ցածր ջերմաստիճանի պայմաններում՝ անձնակազմին առավել կոփելու, դիմացկուն դարձնելու նպատակով,- ասաց գնդապետ Վարդանյանը:
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #41 (1412) 20.10.2021 – 26.10.2021, Ազգային բանակ