Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖԻԶԻԿՈՍ ԷՐ ԴԱՌՆԱԼՈՒ…



ՖԻԶԻԿՈՍ ԷՐ ԴԱՌՆԱԼՈՒ...Մելիքին ճանաչում էի դեռ դպրոցական հասակից, երբ շրջանում կազմակերպվող տարբեր միջոցառումներին էր մասնակցում և աչքի ընկնում իր գիտելիքներով, համեստությամբ և …մշտական ժպիտով։

Մելիք Սեյրանի Սողոմոնյանը ծնվել է 2001 թ. մայիսի 14-ին, Սիսիանի շրջանի Որոտնավան գյուղում։ Սկզբնական կրթություն ստացել է Ուռուտի միջնակարգ դպրոցում։ 2010 թ. Մելիքենց բազմազավակ ընտանիքը տեղափոխվել և բնակություն է հաստատել Արցախի Քաշաթաղի շրջանի Քարոտան գյուղում։ Սեյրանի 8 զավակներից 7-րդն էր Մելիքը։  Շատ գյուղացի պատանիների նման նա էլ օգնում էր ծնողներին գյուղատնտեսական աշխատանքներում, ձգտում հնարավորինս օգտակար լինել ընտանիքին։ Միաժամանակ լավ էր սովորում. նպատակներ շատ ուներ։ Միջին ու բարձր դասարաններում մասնակցում էր դպրոցական շրջանային ու հանրապետական մրցումների եւ հաճախ էր ճանաչվում հաղթող։

Գերազանց առաջադիմությամբ 2019 թ. ավարտեց Քարոտանի միջնակարգ դպրոցը։ Նույն տարի էլ ընդունվեց Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական բաժինը։ Գիտեր՝ ընտրած մասնագիտությունը շատ է պետք գալու հենց իր հարազատ դպրոցում։ Համալսարան ընդունվելուց հետո՝ 2019 թ. հունիսի 15-ին, զորակոչվեց Հայոց բանակ։ Սովորության համաձայն՝ Քաշաթաղի շրջանի բոլոր զորակոչիկները ծառայության անցնելիս կարճ ժամանակ անց արդեն արժանանում էին պատվոգրերի, գովասանագրերի, ծնողներն էլ զորամասերի հրամանատարների կողմից շնորհակալագրեր էին ստանում։ Մելիքն էլ դարձավ հայրենիքի լավագույն զինվոր։ Ծառայում էր Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամասում, որը մշտապես էր թշնամու թիրախ։ Շուտով արդեն կրտսեր սերժանտ էր ու մարտական հենակետի պատասխանատու։ Մարտական ընկերները կարոտով են հիշում ֆիզիկոս Մելիքին, որը պատրաստակամ օգնում էր բոլորին։ Հիշում են, թե ինչպես ամենածանր պահերին անգամ Մելիքը հույս էր տալիս ընկերներին, սովորեցնում էր հաշվարկներ կատարել, երբեմն բարդ հաշվարկներ կատարում մյուսների փոխարեն։ Մեկ տարուց ավելի էր ծառայել Մելիքը, արդեն փորձառու զինվորական էր, հայրենիքի պաշտպան…

2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի բոլոր սահմանապահ զորամասերում տագնապ հնչեց, սկսվեց պատերազմը, և մեր փոքր հայրենիքի վրա հարձակում գործեցին թուրքն ու վարձկանը՝ հազար-հազարներով։ Մելիքն ու իր ջոկի տղաները օրեր շարունակ, ուղիղ մեկ ամիս, կռվում էին քաջաբար ու փակում թշնամու ճանապարհը։ Մելիքի ավագ եղբայրը՝ Սասունը,  կռվում էր Վարանդայում։ Այդ օրերին շատ քաշաթաղցիներ էին մարտնչում Արցախի հարավային հատվածում, որտեղ մշտապես կատաղի մարտեր էին ընթանում, և որտեղ շատ քաշաթաղցիներ զոհվեցին։ Ծնողներին լուրեր էին հասել, թե Սասունը զոհվել է, բայց, փառք Աստծո, օրեր անց նա դուրս էր եկել շրջափակումից ու տուն վերադարձել: Մայրը չէր հավատում նաև, թե հոկտեմբերի 27-ին հերոսաբար զոհվել է Մելիք որդին, հույս ուներ՝ տուն է գալու…

Մելիքի մարմինը հարազատները գտան Արցախի Մարտունի քաղաքի դիահերձարանում 2020 թ. նոյեմբերի 20-ին: Հերոսին զինվորական կարգով հուղարկավորեցին Սիսիան քաղաքի Անմահ հերոսների պանթեոնում, որտեղ են նաև Արցախյան ազատամարտում, ինչպես նաև 44-օրյա պատերազմում մարտիրոսված շատ սիսիանցիներ։

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #42 (1413) 27.10.2021 – 2.11.2021, Ճակատագրեր


28/10/2021