Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԻԾԸ



ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԻԾԸՌուս լրագրողուհին եկել էր Ղարաբաղ,  հասել առաջին գիծ, մեկ շաբաթվա ընթացքում մտերմացել բեղ-մորուքի ջունգլիներում հազիվ երեւացող տղերքի հետ։ Նրանց լուռ ու լուրջ բնության մեջ անհասկանալի, անբնական, վերերկրային ինչ-որ բան կար, որ ոչնչացնում էր հարաբերությունների սահմանները եւ տարածության զգացողությունը։ Մեկ շաբաթվա ընթացքում հասցրել էր մտերմանալ բոլորի հետ։ Տղերքը վաղուց կին արարածի համ չէին տեսել, եւ Տոման բոլորի աչքին գեղեցկուհի էր երեւում։ Սակայն հրամանատարը խիստ կարգադրել էր։ Եվ տղերքը պարտավորված, Տոմային սրբության նման էին նայում։ Երբ նկարահանման խցիկն առած խրամատներն էր մտնում, երկուսի փոխարեն չորս հոգով էին պաշտպանում, որ հանկարծ մի բան չպատահի։ Դե, ի՞նչ իմանաս, կռիվ է։

Յոթ օրվա ընթացքում, ամիսներով կնկա երես չտեսած տղերքը սիրահարվեցին գեղեցկուհի Տոմային։ Այդ պատճառով հիասթափությունն էլ մեծ էր, երբ ասաց, որ ուզում է անցնել թուրքերի մոտ` նրանց էլ նկարելու։ Առաջին պահին չէին կարողանում հասկանալ անծայրածիր Ռուսաստանից եկած լրագրողուհուն, ում համար հայրենիքի հասկացողությունը տարբեր էր իրենցինից։ Բայց երբ Տոման ասաց` ի՞նչ տարբերություն, ինձ համար բոլորդ էլ զինվոր եք, տղերքը հիասթափվեցին։ Իրենք իրենց մեջ, ամեն մեկն առանձին, տրտմում էին, կատաղում։ Այնպիսի տպավորություն էր, կարծես, Տոման բոլորին առանձին-առանձին դավաճանել էր։

Չնայած դեմ էին, բայց Տոման գնաց։ Առաջին օրը բոլորը խռոված էին` միմյանց հետ քիթ-մռութով էին խոսում։ Բայց պատերազմի դաշտում ամեն ինչ հեշտ է մարսվում։ Երկրորդ օրն արդեն կատակում էին. «Հրամանատա՛ր, չգնա՞նք տեսության… Գուցե ինչ-որ բանի կարիք ունի…»։ «Էշություն չանեք,- լուրջ-լուրջ բարկանում էր հրամանատարը,- թուրքերը ձեզնից լավ կհոգան էդ բանի կարիքը»։

Մի քանի օր հետո հետախույզները հանձնարարությամբ անցան հակառակորդի թիկունք։ «Տոմայից մի լուր կբերեք»,- ասացին տղերքը։ Առաջադրանքը կատարած` վերադարձին ճանապարհը շեղեցին։ Իրենք իրենց խաբում էին, թե դրա կարիքը կար։ Անտառի փեշից զգուշորեն դուրս սողացին, քողարկվեցին դաշտային ճանապարհի եզրին ու սկսեցին զննել տեղանքը։ Քիչ հեռվում թուրքերի դիրքերն էին։ Զինվորները ծուլորեն ներսուդուրս էին անում։ Հրետակոծությունից թեքված հեռագրասյան ծայրին պպզած ագռավը համաչափ պարբերությամբ կռավում էր։ Ավագ հետախույզը հեռադիտակն աչքերին պահած փնտրում էր Տոմային։ Հանկարծ մոտակա թփերից դուրս թռչող կանացի ճիչը տագնապի ազդանշանի նման ճեղքեց համատարած կանաչը, հարվածեց անտառի մեջ, խառնվեց թռչունների աղմուկին, խլացրեց ագռավի կռավոցը։

-Տոման է,- ասաց կրտսեր հետախույզը` ցանկանալով առաջ նետվել։

-Սպասի՛ր,- սաստեց ավագը,- նախ՝ համոզված չենք, հետո էլ…

-Եթե կին է, օգնության է կանչում, կա՛մ հայ է, կա՛մ Տոման է,- ասաց մյուս հետախույզը։

-Առաջադրանքը կձախողենք,- տնքաց ավագը, բայց ինքն էլ հազիվ էր զսպում առաջ վազելու պոռթկումը։

-Հետո մեզ չենք ների,- ասաց կրտսերը։

-Լա՛վ,- համաձայնեց ավագը,- զգուշությամբ առաջանում ենք։

…Չորս թուրք բռնաբարում էին Տոմային։ Ճղճղված շրջազգեստի ծվենների արանքից պեծին տվող սպիտակությունն աչք էր կուրացնում։ Տոման ամբողջ ուժով գոռում էր, հայհոյում, օգնության կանչում, փորձում կծել, ինչից թուրքերն ավելի էին գրգռվում, կատաղած ցուլերի նման պոզահարում եւ հռհռալով փսլինքները շաղ տալիս գեղեցկուհի Տոմայի` համատարած կանաչի մեջ պեծին տվող կրծքին, պորտին, երեսին։ Չորս աժդահա թուրք հանգցնում էին համատարած կանաչի մեջ անընդհատ բորբոքվող հրդեհը։

-Միանգամից երեք կողմից, առանց աղմուկի…- շշնջաց ավագ հետախույզը։

Թուրքերը գերագույն երանության մեջ անզգայացած, այդպես էլ գլխի չընկան, թե ինչ կատարվեց։ Նույնիսկ ժամանակ չունեցան զարմանալու, թե իրենց թիկունքում ե՞րբ եւ որտեղի՞ց հայտնվեցին հայերը։ Հաջորդ ակնթարթին խռխռացնում էին հոգեվարքի մեջ։ Իսկ Տոման շարունակում էր ճչալ։ Ավագ հետախույզը ձեռքի ափով փակեց բերանը։ Մյուսներն աշխատում էին վրա բերել հագուստի ծվենները, ծածկել կանաչի մեջ բոցավառվող մերկությունը։

-Մենք ենք, Տո՛մա… Մենք ենք,- կանչում էր սիրահարված կրտսեր հետախույզը։ Բայց Տոման սարսափից չռված աչքերով նայում էր հետախույզներին ու գերբնական ճիգ անում ազատվելու ավագ հետախույզի ձեռքերի աքցանից։ Ապա սեւեռվեց հոգեվարքի մեջ ցնցվող թուրքերի վրա եւ կորցրեց գիտակցությունը։

Հեռագրասյան ծայրին պպզած ագռավն անտարբեր, նույն համաչափությամբ կռռում էր։ Երբ Տոման ուշքի եկավ, արդեն անտառում էին։ Ծվեն-ծվեն շրջազգեստի ճոթերի արանքներից աչք ծակող մերկությունը ծածկելու համար հագցրել էին կրտսեր հետախույզի զինվորական բլուզը։ Փաթաթվեց բլուզի մեջ, կծկվեց ու սարսափահար հայացքով նայեց հետախույզներին։

-Մի՛ վախեցիր… Մենք ենք,- ասաց կրտսեր հետախույզը,- Տո՛մա, մենք ենք…

Տոման փաթաթվեց նրան ու սկսեց հեկեկալ։

Երբ արդեն վերադառնում էին, եւ Տոման խաղաղվել էր, ռուսերեն ասաց.

-Անասուններ… Ոչ մի մարդկային բան չկա մեջները…

-Ասում էիր` ի՞նչ տարբերություն,- խայթեց մյուս հետախույզը, եւ երեքն էլ ծիծաղեցին։ Իսկ Տոման տխուր նայում էր անորոշության մեջ։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել քիչ առաջ կատարվածի տպավորությունից։

Հեռվում լսվում էր հրետակոծությունից կողքի թեքված հեռագրասյան ծայրին պպզած ագռավի համաչափ կռավոցը։ Գարնան համատարած կանաչը խնամքով ծածկել էր քիչ առաջվա կատարվածը։

 

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #42 (1413) 27.10.2021 – 2.11.2021, Հոգևոր-մշակութային


28/10/2021