ՀՐԱՆԵՏԻՑ՝ ԹՆԴԱՆՈԹ
Առաջին հրանոթը պատրաստվել է 1132 թվականին, վառոդի հայրենիք Չինաստանում, գյուտարար Չեն Հույի կողմից: Փողը պատրաստվել է սնամեջ բամբուկից, որի մի ծայրն ամուր խցանված է եղել, իսկ մյուս ծայրից վառոդ է լցվել և լրացուցիչ անցքի օգնությամբ այրվել: Փողից ժայթքել է կրակի բոցը, որը եթե չի էլ վնասել, սակայն սարսափահար է արել թշնամուն: Որոշ ժամանակ անց չին մեկ այլ գյուտարար կատարելագործել է հրանետը՝ վառոդի լիցքի առջև կապարե գնդակ դնելով: Հրանետի պատրաստման գաղտնիքը շուտով հասու է եղել մոնղոլներին, որոնք սնամեջ բամբուկը փոխարինել են մետաղյա խողովակով: Մոնղոլա-արաբական պատերազմներից մեկի ժամանակ արաբները հակառակորդից առգրավել են թնդանոթ հիշեցնող հրանետը, որի փողը ձուլված էր պղնձից: Այնուհետև արաբներն իրենք սկսեցին ձուլել մահաբեր զենքը, որի պատրաստման գաղտնիքը հետագայում անցավ եվրոպական ժողովուրդներին:
Սակայն դասական առաջին թնդանոթի մասին հիշատակումը արվել է 1313 թվականին. Ժամանակակիցների վկայությամբ՝ առաջին թնդանոթը ստեղծել է վանական Բերթոլդ Շվարցը:
Հայտնի է նաև, որ 1326 թ. ֆլորենցիայում հիմք է դրվել երկաթից ձուլվող թնդանոթների արտադրությանը: Հայտնագործությունն արագ տարածվել է ամբողջ Արևմտյան Եվրոպայում:
Առաջին ճակատամարտը, որի ժամանակ հրետանին վճռորոշ դեր է կատարել, տեղի է ունեցել անգլիացիների և ֆրանսիացիների միջև: Թնդանոթը, որը հետագայում ունեցավ իր բազմաթիվ վերափոխումներն ու զարգացումները, ժամանակի ընթացքում կոչեցին «պատերազմի աստված»: