Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՆԹԱՍՊԱ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԱՆՈՍՅԱՆ



ԵՆԹԱՍՊԱ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԱՆՈՍՅԱՆ44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից ճակատում էին ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ, պահեստազորայիններ ու կամավորականներ։ Այդ օրերի ընթացքում շրջանից զոհվեցին ավելի քան 70 հոգի, կան նաև անհայտ կորածներ, վիրավորվեցին մոտ հարյուրը։ Զոհվածների թվում է նաեւ Արծվաշեն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Գարեգին Արտուշի Երանոսյանը՝ ծնված 1982 թ. դեկտեմբերի 9-ին, ՀՀ Շիրակի մարզի Երազգավորս գյուղում։

Արտուշ Երանոսյան և Վարդիթեր Կիրակոսյան ամուսիններն իրենց երկու զավակների՝ Գարեգինի և Գրիգորի հետ 1999 թվականին Երազգավորսից տեղափոխվել էին Արցախի Քաշաթաղի շրջանի վերաբնակեցվող Արծվաշեն գյուղ։

2000 թ. դեկտեմբերին 18-ամյա Գարեգինը զորակոչվել է Հայոց բանակ։ Զորացրվելուց երկու տարի անց կրկին դարձել է հայրենիքի զինվոր և ծառայության անցել արաքսամերձ տարբեր ստորաբաժանումներում։ Լավ ծառայության համար ստացել է ենթասպայի կոչում, արժանացել խրախուսանքների։ 2016 թ. Ապրիլյան պատերազմի առաջին օրվանից քաշաթաղցի շատ կամավորականների հետ Գարեգինն էլ հասավ առաջնագիծ և այնտեղ մնաց մինչև հունիսի վերջերը՝ հսկելով Ջրականի և Ասկերանի տարբեր հատվածներում։ Արժանացել է ՀՀ ԵԿՄ պատվոգրի, հուշամեդալի։ 2019 թ. օգոստոսից եղբոր՝ Գրիգորի հետ ծառայության է անցել N զորամասերից մեկում։ …Սեպտեմբերի 27-ի երեկոյան եղբայրների վաշտը՝ հրամանատար, մայոր Մայիս Մաթևոսյանի գլխավորությամբ տեղափոխվեց առաջնագիծ։ Հենց առաջին օրը նրանք մտան մարտի մեջ։  Առաջին օրվանից Գարեգինենց վաշտը թշնամու թիրախում էր։ Փակել էին թշնամու ճանապարհը, տեղանքին ծանոթ էին, գիտեին իրենց անելիքը։ Տղերքը դիմադրում էին՝ տալով ուժգին հակահարված։ Չէր լռում Գարեգինի գնդացիրը ու մահ էր սփռում հարձակվող թշնամու շարքերում։ Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, այնուամենայնիվ, թշնամուն հաջողվեց շրջապատել նրանց վաշտը։

Գարեգինը ծանր վիրավոր էլ շարունակել է կրակել մինչև լուսաբաց։ Թշնամուն պատճառելով զգալի կորուստներ՝  նպաստել է մարտական ընկերների շրջափակումից դուրս գալուն։

Կրտսեր եղբայրը՝ Գրիգորը, վերադառնալով մարտական գործողությունից, ծանր վիրավորված է գտել եղբորը։ Բազում տեղերից վիրավոր քաջորդին հենց Գրիգորի գրկում էլ փակել է աչքերը…

2020 թ. դեկտեմբերի 29-ին Գարեգինին զինվորական կարգով հուղարկավորեցին հայրենի գյուղի գերեզմանոցում՝ Ախուրյան գետի ափին։ Նույն հանգստարանում են հավերժ ննջում նաև երազգավորսցի մյուս քաջորդիները՝ Արկադի Շիրակի Հովհաննիսյանը, Մարտին Մայիսի Մարտիրոսյանը և Գոռ Սեդրակի Խաչատրյանը…

…Թշնամուն մնաց նաև Արծվաշենը։ Եվ վերստին Երազգավորս է վերադարձել Արտուշ Երանոսյանի ընտանիքը՝ Գրիգոր որդու երեք զավակների հետ։ Նորոգել են հայրական տունը, և տան մի անկյունը նվիրված է հերոս որդուն։ Գարեգինի և գյուղից հերոսաբար զոհված մյուս տղաների հիշատակին Արտուշ Երանոսյանը որդու շիրիմի մոտ խաչքար ու մետաղյա խաչ է պատրաստել տվել, ցայտաղբյուր ու հուշատախտակ կառուցել։ «Հավերժ փառք հայրենիքի նվիրյալներին» հուշատախտակին Անդրանիկի ու Նժդեհի, Կոմանդոսի ու Մոնթեի նկարների հարևանությամբ 44-օրյա պատերազմում Շիրակի մարզից զոհված հերոսների լուսանկարներն են։

ԵՆԹԱՍՊԱ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԱՆՈՍՅԱՆՀոկտեմբերի 9-ին կայացավ օծման արարողություն, որին ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ  Հովհաննես Հարությունյանը, Երազգավորսի համայնքապետ  Արտաշես Մխիթարյանը, դպրոցի տնօրեն Արամ Մխիթարյանը, ուսուցիչները, զոհված տղաների ծնողներն ու հարազատները, հյուրեր։ Արցախի նախագահի հանձնարարությամբ Երազգավորսում էին նաև ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Համլետ Ապրեսյանը, որոնք առաքելություն ունեին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը հանձնելու հերոսի ծնողներին։  Խաչքարն ու մետաղյա խաչն օծեց և օրհնեց Շիրակի թեմի քահանա Տեր Մակարը։ Իր խոսքում նա ասաց. «Ինչպես մեծ է Հիսուս Քրիստոսի զոհողությունը, նույնպես մեծ է մեր նահատակներինը։ Խաչը եղել և մնում է հաղթանակի և պայքարի խորհրդանիշ։ Մեր տղաները նահատակվեցին հանուն մեզ, ուրեմն մենք պարտավոր ենք մեր յուրաքանչյուր օրն ապրել այդ պայքարի գիտակցումով և ապագա հաղթանակը կերտելով: Հավերժ փառք և մեր խոնարհումը նահատակ քաջորդիներին»։ Հերոսներին նվիրված ասմունքով հանդես եկան Երազգավորսի դպրոցի սաները՝ փառաբանելով իրենց ավագ ընկերներին։

Այնուհետև ենթասպա Գարեգին Արտուշի Երանոսյանն Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ արիության ու քաջության համար հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Շքանշանը հերոսի հորը հանձնեց ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։ «Մենք այստեղ ենք ոչ միայն Արցախի նախագահի հրամանագիրը ներկայացնելու և պարգևատրելու համար, այլ նաև Արցախի կառավարության անունից մեր խոնարհումը բերելու, ցավակցելու և զորավիգ լինելու համար։ Բացի ցավից, մենք յուրօրինակ հպարտության զգացում ունենք, քանի որ այս տղաները, իրենց կյանքը չխնայելով, ապացուցել են, որ հայ ժողովուրդն ամեն գնով հասնելու է իր նպատակին։ Եվ նրանց պատգամն է՝ լինել ավելի միասնաբար ու նրանց կիսատ թողած գործը հասցնել նպատակին»,- իր խոսքում ասաց Ժ. Միրզոյանը:

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #42 (1413) 27.10.2021 – 2.11.2021, Ճակատագրեր


28/10/2021