Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱԳ ՍԵՐԺԱՆՏ ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ



ԱՎԱԳ ՍԵՐԺԱՆՏ ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԱրտակ Ավետիսի Խաչատրյանը ծնվել է 1993 թվականի ապրիլի 23-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։ Արտակը տան առաջնեկն էր: Ծնողները՝ Ավետիսն ու Սրբուհին, ջանք և եռանդ չէին խնայում իրենց առաջնեկին ջերմությամբ և սիրով պարուրելու համար։ Արտակը հինգ տարեկան էր, երբ ընտանիքը փոխեց բնակության վայրը և հաստատվեց Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում, որտեղ էլ Արտակը հասակ առավ, դպրոց հաճախեց:

Նույն դպրոցում սովորում էին նաև նրա երեք եղբայրները՝ Արսենը, Արմենը և Ալեքսը։ Եղբայրների համար նա սյուն էր, թիկունք, հենարան։ Որպես տան ավագ զավակ՝ կրտսեր եղբայրների դաստիարակության գործում օգնում էր ծնողներին, հատկապես փոքր եղբոր՝ Ալեքսի դաստիարակության գործում, որին հենց ինքն էր անվանակոչել։

2010 թ. ավարտելով դպրոցի 11-րդ դասարանը՝ Արտակն ընդունվեց Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջի ռազմաբուժական ֆակուլտետը։ Նա շատ էր սիրում իր մասնագիտությունը, մեծ սիրով էր ուսանում ցանկացած առարկա և լիարժեք ընկալում, հասկանում էր, մեծ հետաքրքրությամբ էր ուսումնասիրում մարդու անատոմիան:

…2013 թվականին Արտակը պետք է ավարտեր քոլեջը: Դասախոսներն ու տնօրինությունը պնդում էին, որ նա պետք է շարունակի բժշկական ուսումը Երևանում, քանի որ դրա համար ուներ համապատասխան գիտելիքներ և բացառիկ տաղանդ: Սակայն Արտակին այլ ճակատագիր էր կանխորոշված:

Նույն տարում զորակոչվեց բանակ: Հադրութի զորամասի վաշտերից մեկի բուժակն էր։ Բարեխիղճ և նվիրված ծառայության համար նրան շնորհվում է նախ կրտսեր սերժանտի, ապա սերժանտի կոչում:

2015 թ. ավարտելով ժամկետային զինվորական ծառայությունը, անցել է պայմանագրային ծառայության Մարտակերտի զորամասում՝ ստանձնելով զորամասի դեղատան պետի պաշտոնը: Ստանում է ավագ սերժանտի կոչում։

Արտակը մասնակցել է 2016 թ. ապրիլյան պատերազմին։ Քառօրյա պատերազմի ընթացքում նրան հաջողվել է փրկել տասնյակ վիրավորների կյանքեր։ Ծառայել է նաև Իվանյանի զորամասում։ Սակայն 2020 թ. փետրվարին նորից վերադարձել է արդեն Մարտակերտի զորամաս և ստանձնել գումարտակի ռազմաբուժակի պաշտոնը։ Ծառայակից ընկերների խոսքով՝ զորամասում նրան շատ էին սիրում, բոլորը ճանաչում և հարգում էին թե՛ որպես մարդ ու լավ ընկեր և թե՛ իր գործի գիտակ:

…2020 թ. սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Արտակը Երևանում էր՝ վերապատրաստման դասընթացների։ Պատերազմի լուրն առնելուն պես անմիջապես վերադարձավ Արցախ ու մեկնեց առաջնագիծ։ Մասնակցել է Մարտակերտի ծանր մարտերին։ Նա չէր լքի իր դիրքը, եթե չլսեր հարազատ եղբոր՝ Արմենի զոհվելու բոթը: Հոկտեմբերի 20-ին Արտակը գնաց տուն՝ եղբոր հուղարկավորությանը մասնակցելու։ Հուղարկավորությունից հետո մայրը՝ Սրբուհին, խնդրեց Արտակին, որ մնա մինչև եղբոր զոհվելու յոթ օրը լրանա: Սակայն նա չէր կարող մնալ և, ի պատասխան բոլոր հորդորների, հստակ և վերջնական պատասխան տվեց.

-Զինվորներս իմ կարիքն ունեն, ոնց թողնեմ վիրավոր զինվորներիս, պիտի գնամ։

Ասաց ու… գնաց։ Հոկտեմբերի 23-ին բարձրացավ դիրքեր և հաջորդ օրը տեղափոխվեց Մարտունի։ Եղել է Մարտունու ամենաթեժ կետերում՝ Շեխեր, Կարմիր շուկա, Ճարտարից ոչ հեռու գտնվող Ուլյան լեռան տեղամասում։ Այդտեղ էլ հոկտեմբերի 27-ի գիշերը, վիրավորներին շտապ օգնության մեքենայով ռազմադաշտից դուրս բերելու ժամանակ, ԱԹՍ-ն թիրախավորում է մեքենան…: Արտակը ծանր վիրավորվում է։ Նրան օգնության է հասնում մեկ այլ շտապ օգնության մեքենա: Սակայն հոսպիտալի ճանապարհին այդ մեքենան ևս թիրախավորվում է…

Արտակի մարտական ընկերները նրա զոհվելուց ամիսներ անց պատմեցին, որ նա ցուցաբերել է աննկարագրելի արիություն։ Լինելով ռազմաբուժակ՝ կատարել է ոչ միայն իր, այլ նաև շտապ օգնության մեքենայի վարորդի պարտականությունները. ինքն էր վարում մեքենան։ Ցուցաբերելով առաջին բժշկական օգնություն, նա փամփուշտների և թափվող արկերի տարափի տակ իր մեջքին դրած ռազմի դաշտից հանել է հարյուրավոր վիրավորների և զոհվածների, տեղափոխել է նրանց ապահով տեղ: Արտակի նշանածը՝ Ռուզաննան, պատմում է, որ նա ապագայի մեծ ծրագրեր ուներ։ Մեծագույն երազանքն էլ ընտանիք կազմելն ու երեխաներ ունենալն էր։ Երազում էր, որ առաջնեկն աղջիկ ծնվի, որ իր մոր անունը դնի:

-Արդեն մեր երազանքին հասնելու ճանապարհին էինք, մեր ապագա տունն էինք նորոգում։ Ուզում էինք 2021 թ. ամուսնանալ, սակայն պատերազմն ամեն ինչ փոշիացրեց, թողեց միայն կսկիծ ու կարոտ,- ասում է Ռուզաննան:

Ավագ սերժանտ Արտակ Խաչատրյանը հանգչում է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի զինվորական պանթեոնում, իր եղբոր՝ Արմենի կողքին։

Ցուցաբերած արիության և սխրագործությունների համար պարգևատրվել «Արիություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով:

 

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #42 (1413) 27.10.2021 – 2.11.2021, Ճակատագրեր


28/10/2021