ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ, ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԱՆՁՆՎԻՐՈՒԹՅՈՒՆ
-Մենք իրեն «Ֆելդշեր» էինք ասում։ Իր գործի գիտակն էր, առաջին կանչից մեր կողքին էր, երբեք խուճապի չէր մատնվում։- Կրտսեր սերժանտ Արա Բաբաջանյանի մասին պատմում է Արայիկ Հովակիմյանը, որը մեկ տասնամյակից ավելի ծառայել է Արայի հետ։
-Բարի, համեստ, նվիրված ընկեր էր մեր Արան,- սա էլ մյուս ընկերն է հավելում,- հոգատար, բոլորի մասին մտածող, վերջին ունեցածն ընկերոջը կտար։
Սանհրահանգիչ, կրտսեր սերժանտ Արա Բաբաջանյանը 44-օրյա պատերազմի ընթացքում ամենաթեժ կետերից մեկում էր՝ Ջրականի մատույցներում։ Հասցրել էր հինգ տասնյակից ավելի վիրավորի օգնություն ցույց տալ, բայց հիմա տեղը չէր գտնում։ Ստորաբաժանումը նահանջել էր։ Կապի միջոցով «Ֆելդշերը» լսել էր, որ վիրավոր ունեն հակառակորդի կողմից դիտարկվող տարածքում։ Հրամանատարը հորդորել էր, որ վտանգը չափազանց մեծ է, բայց Արան համառել ու շտապել էր վիրավորին ընդառաջ…
Ավա՜ղ… մարտական խնդիրը կատարելիս 2020 թ. հոկտեմբերի 25-ին հերոսի մահով ընկավ կրտսեր սերժանտ Արա Բաբաջանյանը…
-Սիսիանում ձմեռը շատ խիստ է լինում։ Արաս դեռ փոքր էր, հազիվ 3-4 տարեկան։ Մանկապարտեզի ճանապարհին փորձում եմ ձեռնոցներ հագցնել ձեռքերին, ասում է՝ ինձ պետք չեն, ես «քաջ» եմ,- հերոսածին մայրն է պատմում:- Էդպես քաջ էլ ապրեց իր կյանքը։ Ապրեց բոլորի համար, ինքնամոռաց…,- բառերը խեղդվում են անդադար հոսող արցունքներից։ – Աղավնիներ շատ էր սիրում իմ Արան,- արցունքների միջից ժպտալով շարունակում է մայրը:- Ժամերով հետևում էր նրանց ճախրանքին։ Հիմա էլ եղբոր տղան է սիրով խնամում նրանց. չէ՞ որ հորեղբոր սիրելիներն էին։ Այգում իր տնկած ծառերով էր հիանում, ժամանակին ջրում, էտում, ինձ էլ բացատրում էր՝ ինչպես է ճիշտ մշակել ծառերը։ Խոստացել էր տարվա վերջին ամուսնանալ…
-Արայի խոսքն իմ կյանքում որոշիչ էր։ Եղբայրներս միմյանց թև ու թիկունք էին։ Միասին մեր տունն էին կառուցել։ Անհամբեր սպասում էինք տարվա ավարտին. Արան խոստացել էր ընտանիք կազմել։ Միևնույն է, չեմ կարողանում եղբորս մասին անցյալով խոսել։ Նա միշտ ներկա է, ներկա է նաև որդուս շարժ ու ձևի մեջ։ Որդիս շատ նման է եղբորս,- Բառերը կանգնել են կոկորդում, աչքերը լճացել … Հերոսի քույրը փորձում է իրեն ուժեղ պահել։
Արդեն հուշակոթողի մոտ հանդիպում ենք զորամասի ներկայացուցչին.
-Ռազմաճակատ մեկնելուց առաջ առանձնազրույց ունեցա Արայի հետ։ Խոսք տվեց, որ անվնաս կվերադառնա ու հաղթանակի համար կոնյակ կխմենք,- փոխգնդապետ Նազարեթյանն է, զորամասի հրամանատարի տեղակալը:- Իր պարտականությունները բարեխիղճ կատարող զինծառայող, լավագույն ընկեր, իր գործին նվիրյալ էր կրտսեր սերժանտ Բաբաջանյանը։ Խոնարհումս Բաբաջանյանների հերոսածին ընտանիքին։
Արտաշատ քաղաքի ամենաբանուկ հատվածում 2021 թ. հոկտեմբերի 30-ին բացվեց Արայի հուշակոթողը՝ որպես հարգանքի տուրք, հիշեցում սերունդներին հոգատարության, քաջության և անձնվիրության մասին։
Պատվախնդիր, կարեկից, իր գործի գիտակ Արան լրացրեց հերոսների շարքերը երկնքում՝ իրենից հետո թողնելով բարի անուն…
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Խորագիր՝ #43 (1414) 3.11.2021 – 9.11.2021, Ճակատագրեր