Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵԱՆԵՐՆ ԱՎԵՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՍԿ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ



Հորդանան գետի արևմտյան ափին տեղակայված իսրայելական ռազմական բազան ենթարկվել է տեղացի շուրջ 50 վերաբնակների հարձակմանը, որոնք այդ կերպ բողոքել են անօրինական կառուցված իրենց կացարանները քանդելու դեմ: Ցուցարարներն այրել են անվադողեր, ճանապարհներին մեխեր շաղ տվել, քարկոծել բարձրաստիճան զինվորականներից մեկի ավտոմեքենան ու կազմալուծել երթևեկությունը:

Մինչ այդ, հարձակման էր ենթարկվել նաև Հորդանանի հետ սահմանի մերձակայքում տեղակայված մեկ այլ գաղտնի ռազմական բազա:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, խստորեն դատապարտելով ռազմական բազաների դեմ իրականացվող հարձակումներն ու հակաօրինական գործողությունները, երկրի անվտանգության ծառայություններից պահանջել է նման դեպքերի կանխման նպատակով ձեռնարկել խստագույն միջոցառումներ, իսկ ընդիմության առաջնորդ Ցիպի Լիվնին նրան մեղադրել է ծայրահեղականության բորբոքման համար:

Միաժամանակ երկրի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հաստատել է Հորդանանի աջ ափին հրեական բնակավայրերի ցանցի ընդլայնման ծրագիրը, որով, մասնավորապես, նախատեսվում է ևս 40 բնակելի տուն ու մեկ անասնապահական ֆերմա կառուցել` արդյունքում հրեական բնակավայրի սահմաններն ընդհուպ մոտեցնելով պաղեստինյան Բեթղեհեմի արվարձաններին:

Խորագիր՝ Նորություններ


14/12/2011