Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ՏԱՆԿԻՍՏՆԵՐՆ ԵՆ



ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ՏԱՆԿԻՍՏՆԵՐՆ ԵՆՈւսումնական կենտրոններից մեկում տանկային գումարտակի անձնակազմի հետ Տ-72 տանկից գործնական հրաձգության ու մեքենավարման պարապմունքներն են։

Տանկի անձնակազմում են հրամանատարը, նշանառու օպերատորն ու մեխանիկ վարորդը: Յուրաքանչյուրն ունի հստակ պարտականություններ ու գործառույթներ, ամեն մեկը մարտի ժամանակ իր խնդիրն ունի, եւ դրանց ճշգրիտ կատարման դեպքում միայն մարտական առաջադրանքը հաջողությամբ կկատարվի։

-Մեքենավարման ու կրակային վարժություններից կատարելագործում ենք մեր հմտությունները,- ասում է տանկի հրամանատար, սերժանտ Վահագն Սարգսյանը:

Վարժադաշտում գործողություններին հետևում ու անձնակազմին վերջին հրահանգավորումներն է տալիս զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Ռազմիկ Բաղդասարյանը։ Առաջին հերթին պետք է հետևել պայմանական մարտադաշտում ծավալվող գործողություններին, կարողանալ արագ նկատել հայտնվող թիրախները, դրանց մասին զեկուցել հրամանատարին, հրամանի դեպքում՝ անմիջապես խոցել:

-Գործնական պարապմունքների ժամանակ մշտապես ուշադրություն ենք դարձնում տեղանքում անձնակազմի արագ կողմնորոշվելուն, պայմանական հակառակորդին արագ հայտնաբերելուն և դիպուկ կրակային խոցում կատարելուն: Տանկերի անձնակազմները ժամկետային զինծառայողներ են և արդեն իսկ ունեն բարձր արդյունքներ,- ասաց զորամասի հրամանատարի տեղակալը:

Կառլեն Հովհաննիսյանը քսանմեկ ամիս է, ինչ ծառայում է: Նա մեխանիկ վարորդ է և պատասխանատու է նաեւ մարտական մեքենայի տեխնիկական վիճակի համար:

-Արդեն հասցրել է լիարժեք հմտանալ իր մասնագիտությանը: Վստահ է գործում, վարպետորեն է կատարում վարժությունները, գիտի  իր անելիքը,- իր ենթակային է ներկայացնում մայոր Բաղդասարյանը:

Ե՛վ Կառլենը, ե՛ւ Վահագնը սեպտեմբերին հայկական զորախմբի կազմում մասնակցել են Ռուսաստանում անցկացված «Արևմուտք-2021» բազմազգ ռազմավարական զորավարժությանը եւ ճանաչվել լավագույն տանկային վաշտերից մեկը։

Մարտական մեքենան պահանջում է մշտական ուշադրություն ու խնամք, հատկապես մարտական ելքից առաջ անհրաժեշտ է ստուգել, համոզվել, որ մեքենան սարքին է, իսկ անձնակազմը վստահ ու պատրաստ գործնական առաջադրանքը կատարելուն:

Ավտոհավաքակայանում վաշտի հրամանատարի հետ հետևում ենք  մարտական տեխնիկայի իրականացվող սեզոնային սպասարկման աշխատանքներին։

-Ձմռանն ենք նախապատրաստվում: Առայժմ զինծառայողների ցուցաբերած արդյունքներից գոհ են թե՛ իրենք, թե՛ հրամանատարները։ Մեկ անգամ չէ, որ մեր տանկիստները աչքի են ընկել իրենց գիտելիքներով ամենատարբեր զորավարժություններում ու ստուգատեսներում։ Բայց մասնագիտականը հղկելու, թերությունները շտկելու ու մարտական տեխնիկան սարքին պահելու կարիք մշտապես կա։ Մոտ ապագայում նոր զորախաղին պետք է պատրաստվել,- ասում է վաշտի հրամանատար Արամ Բեգլարյանը:

 

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #43 (1414) 3.11.2021 – 9.11.2021, Ազգային բանակ


04/11/2021