ԼՈՒՅՍԻ ՄԱՐՏԻԿԸ
Մեկ տարի առաջ, հոկտեմբերի 29-ին, 44-օրյա Արցախյան պատերազմում հերոսաբար զոհվեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը:
…Նվիրյալ, չափից դուրս աշխատասեր, անսահման բարի, անվերջ հոգատար, սկզբունքային, զինվորի ցավով ու հոգսերով ապրող, քաջարի, մահին հաղթած, մերօրյա Ղևոնդ Երեց… Այս բնորոշումները 44-օրյա պատերազմում նահատակված Նարեկ սարկավագ Պետրոսյանին ճանաչած մարդկանց շուրթերից հնչում են մե՜ծ սիրով, բնականորեն, անկեղծորեն, քանի որ բոլորի սիրելի հոգևոր սպասավորը իրոք այս բոլոր հատկանիշների նախանձախնդիր կրողն էր, հավատարիմ որդին Աստծու: Այսօր էլ նրա հարազատները, մտերիմները, ընկերները Նարեկի վաղաժամ կորստի կապակցությամբ ոչ թե հուսահատություն են ապրում, այլ անհուն կարոտ՝ նրա խոսքին, նրա ներկայությանը, մարդկային ջերմությանը, նրա խորհուրդներին ու ոչ երկրային, անսահման սիրուն: Կարոտ մի մարդու հանդեպ, որը շատերի համար հոգևոր ուղենիշ էր դարձել…
Նարեկ սարկավագի երկրային կյանքն ավարտվեց 44-օրյա պատերազմի երեսունհինգերորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին: Նա կրկին շտապում էր առաջնագիծ՝ Մարտունու պաշտպանական դիրքերից մեկը՝ զինվորներին օգնություն հասցնելու:
Պատերազմի ամբողջ ընթացքում ընդամենը երկու անգամ թողեց մարտադաշտը, եկավ Երևան, այն էլ՝ կրկին որոշ կազմակերպչական հարցեր լուծելու: Նարեկ սարկավագն այսօր հանգչում է «Եռաբլուրում»՝ իր սիրասուն զինվորների կողքին…
Նարեկ սարկավագ Պետրոսյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում:
Չորս տարեկան էր, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը: Կորցրեց ազատամարտիկ հորը: Նախնական կրթությունն ստացել է Շուշիում, ավագ դպրոց է հաճախել Էջմիածնում: 2004-2010 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, որն ավարտել է գերազանցությամբ: Նախնական շրջանում ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում: Այնուհետև նշանակվել է ՀՀ ԶՈՒ գնդերեց՝ ծառայության մեկնելով հայրենի Արցախ: Հոգևոր գործունեության առաջին քայլերն արեց Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցում: Այստեղ էլ նրա նվիրյալ տեսակը ճանաչեց ու գնահատեց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նա հետագայում երիտասարդ սարկավագին առաջարկեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի՝ իր օգնականի պաշտոնը:
ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Տեր Ենովք քահանա Եսայանը հուզմունքով ու ժպիտով է հիշում. «Նարեկի հանդեպ բոլորիս վստահությունն այնքան մեծ էր, որ եթե անգամ գործուղման մեջ էինք լինում, կապի հնարավորություն չկար, լիովին վստահ էինք, որ նա ցանկացած իրավիճակում ամենաճիշտ լուծումը կգտնի:
Շրջելով դիրքերով՝ հարցուփորձ էր անում՝ ինչի՞ կարիք կա: Երբեմն զանգում, այնպիսի բաներ էր ուզում, որ միայն նրանից կլսեիր. «Հազար հատ խաչ, դիրքերից մեկի համար երկու մոնիտոր, հնարավորինս շատ լիցքավորման մարտկոցներ…»:
Հերթական օգնությունը Մարտունու դիրքեր տեղափոխելիս էլ ԱԹՍ-ն թիրախավորեց նրա մեքենան… Լուսադեմին՝ 3-ի 4-ի կողմերն էր, անհամբեր էր. կարող էին մինչև առավոտ սպասել, բայց ցանկացել էր րոպե առաջ տղաներին հասնել: Շտապում էր, միշտ շտապում էր, ասես զգում էր, որ իր երկրային ուղին երկար չէ…
Անչափ զգայուն էր հոգևորի, եկեղեցու նշանակության հարցում: Ինչպես մեր բոլոր նվիրյալ հոգևորականների, այնպես էլ նրա համար խաչն ու սուրը միասնություն էին: Մեր համեստ ու բարի Նարեկը շատ էր բորբոքվում, անհանդուրժող էր դառնում, երբ որևէ ծնող չէր ուզում որդուն բանակ ուղարկել: Նա իր օրինակով էր ապացուցում, որ Հայրենիքը բարձր է ամեն ինչից, և սրանք միայն խոսքեր չեն»:
Նարեկ սարկավագի մասին պատմելիս ժպիտը չի իջնում Տեր Ենովքի դեմքից.
«Նաև շատ ուրախ մարդ էր, կյանքով լեցուն: Ինքն էր միշտ նախաձեռնողը. «Ժամանակ գտնենք, մի օր գնանք, նստենք մի տեղ, խորոված անենք»: Քարվաճառում, լեռների ներքո՝ Թարթառ գետի ափին, գեղեցիկ, կանաչ բացատը նրա ամենասիրած վայրն էր: Իր մեքենայում ամեն ինչ ուներ: Ինձ ասում էր. «Ժամանակ չկորցնենք: Ես ամեն ինչ արդեն պատրաստել եմ…»: Հրաշալի երգում էր… Քրիստոնյա մարդը ուրախ մարդն է: Եթե ճիշտ ես ապրում, ուրեմն ուրախ ես: Մեր եկեղեցու հայրերից մեկն ասում է, թե՝ ողբում են անդարձ կորածի համար: Իսկ մենք Նարեկին կորցնելով վերագտանք…Նարեկն իր կյանքը տվեց հանուն Հայրենիքի: Աստծու սիրելի զավակը գնաց Իր մոտ: Ցորենի հատիկն ընկավ հողի մեջ: Ամեն մեկի վերաբերյալ չես կարող այս բանն ասել: Նրա գործը տվել է իր պտուղները, այսօր էլ է տալիս ու վաղն էլ կտա:
…Նարեկ սարկավագ Պետրոսյանը մասնակցել էր նաև Ապրիլյան քառօրյային: Այդ օրերին Մարտակերտի ու Թալիշի մարտական հենակետերում քաջալերում էր զինվորականներին: Մեր պատմության դասերն էր հիշեցնում. «Ձեզնից ո՞ր մեկը ամեն անգամ ապրիլի 24-ին չի զայրացել, թե՝ ինչո՞ւ չեն կռվել մեր նախնիները: Ես էլ եմ ամեն անգամ զայրացել… Հիմա ոչ պակաս օրհասական օրեր են, քան Ավարայրն ու Սարդարապատը: Իմացե՛ք, որ ապագայում դուք կենդանի լեգենդներ եք լինելու, այս ամենի մասին գրվելու է…»:
2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից, կրկին առանց երկմտանքի, Նարեկը շտապել էր Արցախ՝ առաջնագիծ: 11 օր Հադրութի մարտական հենակետերում զենքը ձեռքին էր: Այնուհետև գնում էր տարբեր ուղղություններով, քաջալերում զինվորականներին, կամավորականներին. «Որքան էլ ինքներս միայնակ փորձենք ինչ-որ մի բան անել, չի ստացվելու, քանի որ մարդը, անգամ ամենաարդարն էլ, ինչպես գիտենք Աստվածաշնչից, չի կարող ամեն ինչ արդար ու օրինակելի անել: Բայց երբ նա դիմում է Աստծուն, փորձում է ամբողջ կյանքը Աստծո հետ անցկացնել, տիեզերքը, հավիտենականությունը պարուրող Աստված՝ Հիսուս Քրիստոս, դառնում է մեր կյանքի ընկերը»:
Նարեկը տեսակով զինվոր էր, մարտիկ: Պատերազմի ժամանակ զինվորական համազգեստ էր կրում: Կրծքին Աշոտ Երկաթի պահապան սուրբ խաչն էր, ձեռքի խաչով օրհնում էր մարտիկներին: Սիրում էր կրկնել. «Քաջ հովիվն իր անձը դնում է իր ոչխարների համար»: Միայն խոսքեր չէին դրանք…»:
Ահա և Նարեկ սարկավագ Պետրոսյանի մտերիմ ընկեր, ՊԲ ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանի մտածումներն ու հուշերը.
«Հոկտեմբերի 29-ին, երբ Նարեկն ստացավ նոր՝ երկնաքաղաքացու անձնագիր, և այնտեղ գրվեց նրա նոր հասցեն, այդ օրվանից երկար մտորումներ ունեցա, թե արդյոք ո՞րն է այս կյանքում կարևոր՝ ապրե՞լը, թե՞ մեռնելը, ո՞րն է ավելի հեշտ: Նարեկ սարկավագն ու մեր մյուս նահատակները ինձ բերեցին այն համոզման, որ ո՛չ ապրելը, ո՛չ մեռնելը չեն ամենահեշտը, դժվարը և կամ ամենակարևորը: Ամենակարևորը սիրո կյանք ապրելն է, իսկ մեռնելն ու ապրելը հարցեր են, որ պետք է Աստված որոշի: Մեր խնդիրը նվիրառատ ու սիրառատ կյանք ապրելն է, ինչպիսին Նարեկ սարկավագինն էր: Երկրորդ համոզումը, որ ունեմ Նարեկի շնորհիվ, այն է, որ նա անցյալ չի կարող դառնալ, նա ներկա է մեր մեջ, իր կնոջ ու դստեր մեջ, և եթե մենք Քրիստոսի խոսքերի համաձայն՝ ականջ ունենանք, ապա կարող ենք անընդհատ լսել Նարեկին, եթե աչք ունենանք, անընդհատ կարող եք տեսնել նրան, և կարևորը՝ շարունակել նրա գործը…
Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայում էի Մատաղիսում, իսկ նա՝ պաշտպանության նախարարությունում: Պատերազմի առաջին իսկ օրվանից եկավ Արցախ: Ասաց՝ քո կողքին պետք է լինեմ: Պատճառաբանությունն էր. «Ես չեմ կարող իմ ընկերոջը մարտի դաշտում մենակ թողնել»: Միասին տարբեր դիրքերով տարբեր ուղղություններով շրջում էինք, ծառայություն մատուցում:
…Ես այս ընթացքում ծառայություն էի իրականացնում ՊԲ-ում՝ որպես ավագ գնդերեց: Եվ Նարեկ սարկավագը նորից նույն պատճառաբանությամբ՝ «Ձեզ հո մենակ չե՞մ թողնելու ռազմի դաշտում»: Էլի առաջին իսկ օրվանից շտապեց Արցախ: Միշտ ասում էր Ավետարանական խոսքը. երբ գայլը գալիս, հարձակվում է հոտի վրա, խիզախ հովիվն իր հոտի կողքին է լինում: Իրեն համարում էր զինվորների հովիվ: Առաջին օրվանից շրջում էինք զորամասերով, դիրքերով: Ժամերով նստում զրուցում էր զինվորների հետ. պատմում էին իրենց դժվարությունները, հետո ինքն էր խոսում, իր հանդարտ ձայնով նրանց էր փոխանցում կարևոր գաղափարներ: Անընդհատ պայքարի կոչ էր անում, որպեսզի ցեղասպանություն այլևս չլինի: Ու միշտ ասում էր. «Ես ձեր կողքին եմ»:
Հյուսիսից հարավ շրջել ենք բոլոր դիրքերով: Հատկապես կարևոր էր կամավորների հետ տարվող աշխատանքը, վիրավորներին էր գոտեպնդում, աղոթում նրանց համար:
Մի դիրքից մյուսը գնալիս ճանապարհին մեր խոսակցությունների թեման բանակում մեր ծառայության բարեփոխումներն էին: Տեղում տեսնում էինք, թե ինչ թերություններ կան, ու որոշումներ էինք կայացնում:
Փորձում էր զինվորների կենցաղային բոլոր խնդիրները լուծել: Ամեն առավոտ լույսը դեռ չբացված՝ ասում էր. «Թեյ դնենք տղաների համար»: Զինվորներին խոստացել էր խորոված: Մոտակայքից սագեր էր որսացել: Անտրտունջ ամբողջ գիշեր ջրի սուղ պայմաններում մաքրեց այդ հինգ սագերը: Առավոտյան 7:00-ից մինչև ցերեկվա 14:00-ը մարմանդ կրակի վրա խորովեց, որ ծուխը չերևա, թշնամին չնկատի: Վերջին օրերին էլ երկու հավ էր մորթել, եփել, բերել դիրքապահ զինվորների համար»:
ՌՈ գնդերեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը պատերազմի օրերին Նարեկի հետ Արցախում է եղել.
«…Նարեկի ցանկացած խոսք գործ էր: Նա գիտեր, որ ամեն մի վայրկյանը կարող էր շրջադարձային լինել նաև իր կյանքի համար: Մի անգամ ասացի. «Նարե՛կ, չե՞ս վախենում մահվանից»: Պատասխանեց. «Հավատա, Տե՛ր Հայր, ես արդեն մահին հաղթել եմ իմ մեջ: Մահն ինձ համար այլևս արժեք չունի, քանի որ Քրիստոսի համար զոհվելը շահ է»: Եվ նա նահատակվեց հանուն իր դավանած արժեքների: Նարեկ սարկավագը հիրավի մեր ժամանակների Ղևոնդ Երեցն է: Գնդերեցը երկու համազգեստ ունի՝ հոգևորականի սև սքեմի տակ զինվորականի համազգեստն է: Անհրաժեշտության դեպքում նա իր Հայրենիքի զինվորն է, իսկ խաղաղ ժամանակ հոգու զինվորն է՝ սպասարկելու իր հոտի հոգևոր կարիքները: Նարեկ սարկավագն այս երկուսի ներդաշնակ միաձուլումն էր»:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #43 (1414) 3.11.2021 – 9.11.2021, Ճակատագրեր