ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արմեն Ավետիսի Խաչատրյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 10-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։
Դեռ դպրոցական տարիքից Արմենի մոտ ի հայտ է գալիս սերը ռազմական գործի, զինվորական մասնագիտության հանդեպ, և պատանին հստակ որոշում է կայացնում՝ դառնալ զինվորական: Միջնակարգի 9-րդ դասարանը ավարտելուց հետո ընդունվում է Ստեփանակերտի գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան։
2015-ին ավարտելով վարժարանը, նա ընդունվում է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտոհրաձգային ֆակուլտետ։
Չորս տարի Արմենը ջանասիրաբար, ջանք ու եռանդ չխնայելով, սովորեց ռազմական գործի այբուբենը՝ մասնագիտանալով մոտոհրաձիգի մասնագիտության մեջ: Եվ հենց իր նպատակասլացության և աշխատասիրության շնորհիվ դարձավ ռազմական գործի արհեստավարժ մասնագետ։
2019 թ. ավարտելով ռազմական համալսարանը՝ երիտասարդ լեյտենանտը, որպես հրաձգային դասակի հրամանատար, ծառայության նշանակվեց Մարտաղիսի զորամասում։ Արմենը մեծ նվիրումով էր ծառայում՝ պատասխանատվությամբ մոտենալով ծառայության հետ կապված ցանկացած հարցի։ Խստապահանջ հրամանատարը մեծ սեր և հարգանք էր վայելում զինվորների և սպայական անձնակազմի շրջանում: Արմենն այն հրամանատարներից էր, որոնց զինվորը կարող էր դիմել ցանկացած հարցով, վստահ լինելով, որ նա կօգնի, կաջակցի։
Հերոսի մայրը՝ տիկին Սրբուհին, հիշում է, որ տղան իր զինվորներին երեխաներ էր ասում և ծնողի պես հոգ էր տանում նրանց մասին: Հիշում է, թե ինչպես էր տղան հատուկ իր զինվորների համար, սեփական միջոցներով, տաք գլխարկներ գնել և տարել առաջնագիծ, որ «երեխաները» չմրսեն։
Հիշում է նաև, որ պատերազմից օրեր առաջ՝ սեպտեմբերին, ինչպես է Արմենը դիրքերում կազմակերպել միջոցառում՝ իր զինվորներից մեկի ծննդյան օրը վերածելով անմոռաց տոնի:
Փոքրամարմին լեյտենանտը նաև քաջ հրամանատարի համարում ուներ եւ իր քաջությամբ ու խիզախությամբ աչքի ընկավ նաև վերջին պատերազմի ժամանակ։ Երիտասարդ հրամանատարը պատերազմի հենց առաջին պահերից դիրքերում էր՝ իր զինվորներին կողքին։ Նա իր ստորաբաժանումով շատ մարտերի է մասնակցել, աչքի ընկել հատուկ մարտական առաջադրանքների ժամանակ: Ջախջախել է թշնամու հատուկ ստորաբաժանում՝ ոչնչացնելով թշնամու մեծաքանակ կենդանի ուժ ու տեխնիկա:
Հոկտեմբերի 10-ի գիշերը, հերթական հատուկ մարտական առաջադրանքը կատարելիս, Արմենը ստանում է մահացու բեկորային վիրավորում և իր հերոս եղբոր՝ ավագ սերժանտ Արտակ Խաչատրյանի նման բռնում անմահության ճանապարհը…
Օրեր շարունակ ընտանիքը ոչ մի տեղեկություն չուներ Արմենից: Նրանք հույս ունեին, որ Արմենը կզանգի, կապի դուրս կգա, ոմանք ասում էին, թե հատուկ մարտական առաջադրանք է կատարում… Զոհվելուց օրեր անց՝ հոկտեմբերի 18-ին, ընտանիքը գտավ իր զավակին…
…Արմենը երազում էր Ստեփանակերտում տուն կառուցել, ընտանիք կազմել: Պատերազմը խլեց նրա բոլոր երազանքները։
Լեյտենանտ Արմեն Խաչատրյանը հանգչում է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի զինվորական պանթեոնում, իր եղբոր՝ Արտակի կողքին։
Քաջության, անմնացորդ նվիրումի և սխրագործությունների համար նա պարգևատրվել է «Արիություն», «Մարտական ծառայություն» և «ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով։
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Խորագիր՝ #44 (1415) 10.11.2021 – 16.11.2021, Ճակատագրեր