Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«5-ՐԴ ԴԱՐԻ ԶԻՆՎՈՐ» ԹՈՒՄԱՆՅԱՆԸ



«5-ՐԴ ԴԱՐԻ ԶԻՆՎՈՐ» ԹՈՒՄԱՆՅԱՆԸ19-րդ դարի 80-ական թվականներն էին, հայոց ազգային զարթոնքի տարիները։ Հովհաննես Թումանյանը տվել է այդ շրջանի ընդհանուր նկարագիրը. «Մեր կյանքում ռազմական փողի նման թնդում էին Գամառ-Քաթիպայի ազատ երգերը, վարար գետի նման հոսում էին Րաֆֆու վեպերը` անընդհատ ու խորհրդավոր, մամուլի մեջ աջ ու ձախ շառաչալից մտրակում էր Գրիգոր Արծրունին, իսկ Թիֆլիսի թատրոնում զինվորական երաժշտությունը հնչեցնում էր «Զեյթունցիների մարշը», եւ որոտում էր Ադամյանը… Հայոց լեզուն տիրաբար հաղթանակում էր գրեթե ամբողջովին վրացախոս Թիֆլիսում, եւ մի նոր շունչ էր փչում։ Թիֆլիսի հայության վրա առանձնապես մեծ տպավորություն էր  թողել էն չտեսնված ու չլսված  հանգամանքը, որ գլխավորապես ռուս գեներալներն ու բարձր շրջանները իրենց ընտանիքներով լցվում էին հայոց թատրոնի օթյակները…»։

Ազգային իղձերի նոր ծլարձակման ժամանակներ էին, եւ Թումանյանը, որ Ներսիսյան դպրոցի աշակերտ էր, խանդավառ պատանի, միանգամից հայտնվեց իրադարձությունների հորձանուտում, դեռեւս շատ բան չհասկանալով՝ մի ներքին մղումով, իր ասելով՝ «երեխայական զայրույթով» մտովի կանգնեց այս ու այն տեղից քարկոծվող հայ երեւելիների կողքին։ Երազում էր տեսնել նրանց, շփվել նրանց հետ, ասել, թե որքան է սիրում եւ պաշտում իրենց։

Գամառ-Քաթիպային, նույն ինքը` Ռափայել Պատկանյանին, այդպես էլ չտեսավ։  Հանգամանքների բերումով տեսավ Րաֆֆուն, ավելին՝ նրա մոտ եղավ հենց այն օրերին, երբ գրում ու սրբագրում էր «Սամվելը»։ Տեսավ նաեւ Արծրունուն, եղավ նրա խմբագրատանը եւ դեռ «մի երկու անեկդոտանման բան» տվեց թերթին տպագրության։

Ավելի նշանակալից եղավ հանդիպումը իր կուռքի՝ Պետրոս Ադամյանի հետ։ «Ահա էս ժամանակ, Ադամյանի թունդ ժամանակ,- գրում է հիշողություններում,- Լոռուց Թիֆլիս եկավ իմ հին ուսուցիչ Տիգրան Տեր-Դավթյանը, որին պարտական են իմ հասակակից գրեթե բոլոր գրագետ լոռեցիները, եւ իր նախկին աշակերտներից մի քանիսին հավաքեց, թե` եկեք ձեզ տանեմ «Համլետի» ներկայացմանը, Ադամյանին տեսեք Համլետի դերում։ Տարավ։ Տեսանք։ Էդ գիշերն ինձ համար եղավ մի կախարդական գիշեր եւ գրեթե վճռական նշանակություն ունեցավ իմ ամբողջ գրական կյանքում»։

Չնայած արգելքներին ¥դպրոցի տեսուչի կամքն էր՝ երեխաները թատրոն չպետք է հաճախեն¤՝ պատանի Հովհաննեսը դարձավ մոլի թատերասեր եւ ձգտում էր բաց չթողնել Ադամյանի մասնակցությամբ ոչ մի ներկայացում։ Ո՞վ կմտածեր, որ շուտով այնպես է լինելու, որ նա ոչ միայն  նորից տեսնելու է իր այնքան սիրած Ադամյանին բեմում, այլեւ… ինքն էլ բարձրանալու է բեմ եւ խաղալու է նրա հետ։

Թումանյանը՝ դերասա՞ն։ Ադամյանի խաղընկե՞ր։ Այո՛։

Այդպես եղավ։ Կ. Պոլսից Թիֆլիս էր եկել այդ ժամանակ հայտնի դերասան Կյուրեղյանը մի փոքրիկ թատերախմբով՝ ներկայացնելու «Վարդան Մամիկոնյան» պիեսը։ Գլխավոր դերում ինքն էր՝ Կյուրեղյանը, իսկ Եղիշեի դերը «վստահվել էր» Ադամյանին։ Հովհաննեսը որոշեց, թեկուզ դպրոցից վռնդվելու գնով, անպայման ներկա լինել ներկայացմանը։ Ճակատագիրը, սակայն, մի ուրիշ բան էր վճռել։ Հիշողություններում այսպես է ներկայացնում այդ «մի ուրիշ բանը». «Մի բարի հոգի ինձ սովորեցրեց, թե էնպես մի կարճ ու ապահով ճանապարհ կա, որ հա՛մ Ադամյանին կտեսնես, հա՛մ Վարդան Մամիկոնյանին, դեռ նրանց հետ էլ կխաղաս, ու քեզ դպրոցից դուրս չեն անիլ։

-Ինչպե՞ս։

-Ներկայացումից առաջ կգնաս բեմի ետեւը, կհայտնես, որ ուզում ես զինվոր խաղաս, կընդունեն, շորերդ կփոխեն, բեղեր կշինեն, ու կլինես բեմի վրա, էլ ո՛չ կճանաչեն, ո՛չ դուրս կանեն»։

Պատանի Հովհաննեսի սրտովն էր այդ խորհուրդը, եւ նա թատրոն գնաց մի քանի ժամ շուտ։ «Մինչեւ իրիկնապահ սպասեցի,- գրում է հուշերում,- իրար ետեւից եկան, հարցուփորձ արին, վերջապես ինձ ընդունեցին հայոց զինվոր։ Շորերս փոխեցին, տրիկո հագցրին, գույնզգույն լանջապանակ հագցրին, մի ոսկեզօծ կարդոնե սաղավարտ կոխեցին գլուխս, մի փետրե սուր կախ արին կողքիցս, սուր ծերը արծաթի գույն թղթով պատած մի նիզակ էլ ձեռս տվին, եւ արդեն կազմ ու պատրաստ էի մեծ պատերազմի համար»։

Նայելով հայելուն՝ «հայ զինվոր» Հովհաննես Թումանյանը «լցվում է գործի լրջության գիտակցությամբ»։ Զանգվածային տեսարանի համար բերում են նաեւ իսկական զինվորներ, կերպարանափոխում, մի երկու անգամ պտտեցնում բեմում, այսպես ասած՝ փորձեր անում, ցույց տալիս, թե որտեղից պետք է բեմ մտնել, ինչ բացականչել։ Իսկ բացականչությունը հիմնականում մեկն էր՝ «Կեցցե՛ Վարդան, կեցցե՛ զորավար»։

Ահա այսպես ապագա մեծ բանաստեղծը հայտնվում է բեմում 5-րդ դարի հայ զինվորի դերում, Ադամյան-Եղիշեի կողքին։

Սկզբում ամեն ինչ գնացել է նախատեսված հունով, ոչ մի շեղում բեմադրիչի ցուցումներից։ Ամեն ինչ «փչացրել է» վերջին գործողությունը, երբ բեմում պետք է երեւային Ավարայրի դաշտում սպանված հայ զինվորները։ Հովհաննես Թումանյանը նրանցից մեկը պետք է լիներ, եւ, ինչպես ասել էին, պառկում է տախտակներին, իբր՝ լեռնալանջին, եւ սպանված ձեւանում, սաղավարտն ու նիզակն էլ՝ կողքին ընկած։

Բայց կարո՞ղ էր պատանի Թումանյանն աչքերը փակ պահել, երբ բեմում բուռն իրադարձություններ էին ծավալվում, սպանվում է նաեւ Վարդան Մամիկոնյանը։ Իբր աննկատ` այնպես է փոխում դիրքը, որ ամեն ինչ տեսնի՝ վիզը ծռելով, ու հենց այդ ժամանակ էլ պայթում է սկանդալը՝ սկսվում է «սպանված զինվորի» հազը։ «Ես ցնցվում եմ ամբողջ մարմնով, ինձ հետ շարժվում ու ճռճռում է ամբողջ դեկորացիան՝ բոլոր տախտակներն ու կտավները»,- պահն այսպես է հիշում Թումանյանը։ Իսկ դահլիճում իրարանցում է սկսվում, բարձրանում է ընդհանուր ծիծաղ։

Ադամյանը մի պահ քարանում է, մնում բեմի մեջտեղում կանգնած, բայց շուտով շարունակում է խաղը, ասես ոչինչ չի պատահել, մանավանդ՝ «չնախատեսված» հազն էլ դադարում է վերջապես, հանդիսատեսներն էլ հանգստանում են, շարունակում հետեւել ներկայացմանը։

«Դերասան» Թումանյանին փրկում է ներկայացման ավարտը։ Վարագույրն իջնում է, Ադամյանն շտապում է ետնաբեմ՝ զայրույթը թափելու ձախորդ «զինվորի» գլխին, բայց դահլիճը բուռն ծափահարություններով նրան նորից է բեմ կանչում` ասես ժամանակ տալով, որ նա խուսափի մեծ դերասանի «ահեղ դատաստանից» եւ, զինվորական հագուկապը թողած, աննկատ, վազելով հեռանա…

Հաջորդ օրերին Ադամյանի բարկությունից ոչինչ չի մնում, ծիծաղելով պատմում է այս դեպքը եւ նույնիսկ ցանկություն հայտնում տեսնել «մեղավորին»։ Թումանյանը գնում է տեսակցության, եւ, զարմանալի բան, Ադամյանը հյուրանոցում նրան ընդունում է «սիրով եւ քաղաքավարությամբ» ¥Թումանյանի խոսքերն են¤, նույնիսկ, ի հիշատակ, նվիրում իր գրքերից մեկը։

Դեպքը, իհարկե, զավեշտական էր, բայց մեծ խորհուրդ կա այն բանում, թե ինչպես էր Թումանյանը, դեռեւս պատանի, տարված ոչ միայն թատրոնով, Ադամյանով, այլեւ ազգային գաղափարներով, Վարդան Մամիկոնյանով եւ Ավարայրով։ Նա դեռ չգիտեր, որ ինքն էլ մի օր կանգնելու է հայոց մեծերի՝ Պատկանյանի, Րաֆֆու, Ադամյանի, Արծրունու կողքին եւ շարունակելու է նրանց սրբազան գործը՝ ծառայել ազգին։ Այդ ծառայությունը Թումանյանը կատարեց գերազանց, անմնացորդ նվիրվածությամբ եւ անձնազոհաբար՝ հիրավի դառնալով Ավարայրի ճակատամարտի քաջարի զինվորներից մեկը նոր ժամանակներում։

 

ՆՈՐԱՅՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #44 (1415) 10.11.2021 – 16.11.2021, Հոգևոր-մշակութային


11/11/2021