«ՄԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ԱԶԳ ԵՆՔ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՇԱՏ ԽՈՐ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԵՆՔ ԱՆՑՅԱԼՈՒՄ»
Զրույց զինղեկ ՄԻԽԱՅԻԼ ԾԱՏՐՅԱՆԻ հետ
-Ձեր կենսագրության մեջ այնքան հետաքրքիր փաստեր կան, որ ես չգիտեմ՝ որտեղի՞ց սկսեմ զրույցը, Ձեր ծննդավայրի՝ Տաշտուն անվան ստուգաբանությունի՞ց, Ձեր այգո՞ւց, որտեղ բանան ու կիվի է աճում, թե՞ Ձեր զինվորական կենսագրությունից…
-Եթե թողնեք իմ ցանկությանը, ես սկզբից կպատմեմ մի պատմություն, որը, թերևս, ամենամեծ ազդեցությունն է ունեցել իմ դաստիարակության, իմ ներաշխարհի ձևավորման վրա:
…Միխայիլ պապս երկու եզ ուներ, մեկ գութան, ու ռեպրեսիայի տարիներին որպես կուլակի նրան աքսորեցին: Պապս անհետ կորավ՝ իր ութ անչափահաս երեխաներին թողնելով երիտասարդ կնոջ խնամքին: Հայրս 4 եղբայրների ու 3 քույրերի համեմատությամբ ամենալավ աշակերտն է եղել դպրոցում, բայց կիսատ է թողել ուսումը, որ աշխատի ու կրթության տա ընտանիքի մյուս երեխաներին: Բոլորը բարձրագույն կրթություն են ստացել, բացի հորիցս, բարձր պաշտոններ են ունեցել: Դուք պետք է տեսնեիք եղբայրների ու քույրերի սերն ու ակնածանքը հորս հանդեպ, նրա անվերապահ հեղինակությունը: Մեր ընտանիքում հայրս արմատավորեց մի անխախտ առաքինություն՝ հարազատի հոգսը իր վրա վերցնելու, կարիքավորին օգնելու պարտքը: Երբ հորեղբայր Արամը մահացավ, մեր մեծ ընտանիքը հավաքվեց խորհրդի ու որոշեց, որ ես պիտի խնամեմ նրա զավակներին: Սա մեծ պատիվ ու պատասխանատվություն էր: Հորեղբայր Արամի երկու աղջիկներն էլ դպրոցը ոսկե մեդալով ավարտեցին: …Սրանք իմ կենսագրության այն դրվագներն են, որոնցով ամենից շատ եմ հպարտանում:
-Խոսք չկա, իրոք, հպարտության արժանի փաստեր են: Իսկ հիմա ասեք, թե ի՞նչ է նշանակում Ձեր գյուղի անվանումը՝ Տաշտուն:
-Հայրենիք ասելիս ամեն մեկի մտապատկերում իր ծննդավայրի, իր տան պատկերն է արթնանում: Տաշտունը Մեղրիի ամենաբարձրադիր գյուղն է՝ Յոթ աղբյուրի ջրերով, խիտ, կանաչ անտառներով, ծաղկած լեռներով…Տաշտուն բառը երկու ստուգաբանություն ունի. իր հրաշալի կլիմայի պատճառով մեր գյուղը ամառանոց՝ դաչա է եղել քաղաքաբնակների համար, և կարծիք կա, որ Տաշտունը դաչա բառի ձևափոխված տարբերակն է: Մեկ այլ վարկածով՝ մեր գյուղի մարդիկ եղել են շատ հյուրասեր, հացառատ. խմորի տաշտը յուրաքանչյուր տան ամենակարևոր իրն է եղել, այդ պատճառով էլ գյուղը կոչվել է Տաշտուն: Տաշտունի մարդիկ շատ նման են իրենց ծննդավայրի բնությանը, սարերի պես վեհ են, արևի պես տաք սիրտ ունեն, կաղնու պես պինդ են ու ծաղկի պես քնքուշ հոգով:
-Ձեր կենսագրության մեջ գրված էր, որ բանաստեղծություններ եք գրել երիտասարդ տարիքում:
-Ինչո՞ւ միայն երիտասարդ տարիքում. հիմա էլ եմ գրում: Բայց շատ լավ հիշում եմ իմ առաջին բանաստեղծությունը: Գրադարանում նստած գիրք էի կարդում, մեկ էլ շրջվեցի ու տեսա մի չքնաղ աղջկա, որը նույնպես կարդում էր: Գիրքն էլ մոռացա, կարդացածս էլ, ու հենց ընթերցասրահում ծնվեց իմ առաջին բանաստեղծությունը:
-Հետո՞…
-Ի՞նչ հետո…Դուք մտածում եք, որ ես կհամարձակվեի այդ երկնային արարածին սիրո խոստովանությո՞ւն անել: Իմ գեղեցիկ ու մաքուր զգացմունքը նոր բանաստեղծություններ ծնեց ու փոխվեց գրքի հանդեպ սիրո: Ես մոլի ընթերցող եմ, գրականության սիրահար:
-Ձեր այգին տեսնելով՝ կզարմանային, եթե պարզվեր, որ գրականություն ու պոեզիա չեք սիրում: Ի դեպ, Հայաստանում բանան, կիվի, ձիթապտուղ աճեցնելու համար մասնագիտական գիտելիքներ են պետք, ինչպե՞ս եք հաջողել…
-Իմ այգին հողի պոեզիան է, հողի ստեղծագործությունը, ես պարզապես սիրել ու փայփայել եմ այն: Փոքր ժամանակ ես գառներ եմ արածեցրել, շնչել եմ անտառի օդը, պառկել եմ ծաղիկների մեջ, ես ու մեր բնությունը, մեր հողը արյամբ ենք կապված իրար: Եվ ահա որոշեցի փորձել Մեղրիի յուրահատուկ կլիմայի շնորհները: Մեծ սիրով տնկեցի յուրաքանչյուր շիվը: Հիմա իմ այգում ե՛ւ կա մանդարին, ե՛ւ արքայանարինջ, ե՛ւ՝ նուռ, զկեռ, բանան ու կիվի, թուզ… բոլորը չթվեմ: Որքան էլ բարկացած լինեմ, հոգսաշատ կամ դժգոհ, այգին, կանաչը բոլոր բացասական հույզերս թեթևացնում են, հոգիս լցնում բերկրանքով: Իմ մրգերի գինին անմահական է, օղին՝ դարման…
-Մեր այս զրույցը հիմնակաում պիտի լիներ այն մասին, թե ինչպես է կարողանում զինղեկը հասնել հաջողության, որ նրա աշակերտները մրցանակային տեղեր են գրավում բոլոր մրցույթներում:
-Մեր ամբողջ զրույցը հենց այդ մասին էր: Սիրիր հողդ, սիրիր մերձավորիդ. ու այդ սիրո լույսը քեզ կմղի սխրանքների: Այլևս չես հանդուրժի ոչ մի միջակություն ու թերացում: Ես պոլիտեխնիկ ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետն եմ ավարտել, զուգահեռաբար սովորում էի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: Լավ էի սովորում, նաեւ զբաղվում էի ազատ ոճի ըմբշամարտով: Իմ երազանքներն այլ էին, բայց կյանքն ինձ իր հունով տարավ… Արցախյան ազատամարտից հետո ինձ նշանակեցին վերաբնակեցված գյուղի գյուղապետ, հետո տարբեր պաշտոններ ստացա, մինչև մի օր էլ առաջարկեցին ծառայել Մեղրիում տեղակայված ռուսական ստորաբաժանումում: Ես սկսեցի վաշտի հրամանատարից, ղեկավարեցի ստորաբաժանման դաստիարակչական աշխատանքները: Որպես զինղեկ՝ պատահական մարդ չեմ այդ ոլորտում, գիտեմ զինվորի հոգեբանությունը, գիտեմ՝ ինչպես պետք է պատանուն պատրաստել գալիք ծառայությանը, իսկ որ ամենակարևորն է՝ տիրապետում եմ երիտասարդ մարդկանց խանդավառելու արվեստին: Մարդու մեջ պիտի ցանկություն արթնացնես գործելու, նվաճելու, հաղթահարելու, պիտի արթնացնես մրցության ոգին, մնացածը ինքը կանի:
Ես սիրում եմ իմ աշխատանքը, կարևորում եմ ու հպարտությամբ եմ կատարում: Հրաշալի սերունդ ունենք. հայրենասեր են, մեծ, իրական երազանքներով ու ձգտումներով: Պարտվել, նահանջել չեն սիրում, քչով չեն բավարարվում:
-Ինձ թվաց՝ կասեք, որ 44-օրյա պատերազմից հետո շատ դժվար է դասարան մտնելն ու աշակերտներին խանդավառելը:
-Դժվար էր: Բայց մենք այդ փուլն անցանք: Մենք հասկացանք, որ պարտության հաջորդ օրը պիտի մեզ մի քայլ մոտեցնի հաղթանակին: Տասնյակ օրինակներ կան, որ բառացիորեն ջախջախված երկրները ոտքի են կանգնել ու դարձել շատ հզոր: Իսկ մեր կենսունակությունը դարեդար է փորձվել: Մենք դժվար ճանապարհ ենք անցել, բայց շարունակում ենք մեր ընթացքը, ի տարբերություն այն երկրների, որոնք մնացին կեսճանապարհին ու ջնջվեցին աշխարհի քարտեզներից: Մենք ապագայի ազգ ենք, որովհետև շատ խոր արմատներ ունենք անցյալում: Այս տարանցիկ քամիները մեզ չեն կարող սասանել:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #44 (1415) 10.11.2021 – 16.11.2021, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում