Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

44 ՕՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ



44 ՕՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄՓոխգնդապետ Վահագն Խաչատրյանը վերջին պատերազմի ակտիվ մասնակիցներից է, մարտական սպա, որի նվիրումը իր զորատեսակին՝ հրետանուն, ու հայ ազգի մղած 44-օրյա պայքարին բացառիկ է, ինչպես և իր զորամասի անցած ամբողջ մարտական ուղին: Բավական է ասել, որ զորամասը պատերազմից հետո արժանացավ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, զորամասի հրամանատար Գարեգին Պողոսյանը պատերազմի ընթացքում զորքի ղեկավարման, մարտավարական փայլուն գործողությունների շնորհիվ վաստակեց Հայաստանի Ազգային հերոս բարձր կոչումը: Զորամասի զինվորականներից շատերը բարձր պարգևներ ստացան: Նրանց շարքում էր նաև փոխգնդապետ Վահագն Խաչատրյանը, որն այդ ընթացքում հրետանային զորամասի հրամանատարի տեղակալն էր: Նրան շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան: Մեր հանդիպմանը իմացա, որ պատերազմի հարաբերական դադարի պահերին, օր առ օր, ժամ առ ժամ, անուն առ անուն վերջինս փաստագրել է իր զորամասի անձնակազմի բոլոր մարտական գործողությունները:

Փոխգնդապետ Խաչատրյանը Նալբանդյան գյուղից է: Հորեղբայրը՝ Սամվել Խաչատրյանը, 1988 թ. մասնակցել է Արցախյան շարժմանը, հետո՝ Ազատամարտին. եղել է հակատանկային դասակի հրամանատար: Երբ կռվի դաշտից վերադարձել է, դեռ մանկահասակ Վահագնին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, մշտապես պատմել է մարտական գործողություններից ու հավելել. «Արցախցի երեխան էլ է հայ երեխա, պետք է օգնենք նրանց»:

Սամվել Խաչատրյանը զոհվել է 1994 թ. ապրիլի 24-ին՝ տանկի կրակոցից…

Վահագնն ու եղբայրը հորեղբոր կերպարով եւ պատմածներով ներշնչված՝ որոշեցին զինվորական՝ հենց հրետանավոր դառնալ:

-Երբ եղբայրս ընդունվեց ռազմական համալսարան,- պատմում է փոխգնդապետ Խաչատրյանը,-  ինձ համոզում էր, որ մի ուրիշ տեղ ընդունվեմ. մի տանը երկու զինվորականը շատ է: Բայց ես ձգտում էի եւ 1998 թ. ընդունվեցի Վազգեն  Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Հիմա էլ եղբայրս զորքերում է, հրետանավոր է՝ զորամասի հրամանատարի տեղակալ: Ի դեպ, նա էլ վերջին այս պատերազմի մասնակից է: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո նշանակում եմ ստացել որպես հակատանկային դասակի հրամանատար և հասել մինչև գնդի հրետանու պետի պաշտոնին: 2018 թ. ավարտել եմ հրամանատարաշտաբային դասընթացները, նշանակվել հրետանային զորամասի հրամանատարի տեղակալ:

…Ջրականի Քավդար գյուղի մերձակայքում ճամբարային հավաքների էինք, երբ պատերազմն սկսվեց,- շարունակում է փոխգնդապետ Խաչատրյանը:- Սեպտեմբերի 25-ին զորամիավորման հրամանատարը տեղեկացրեց մեր զորամասի հրամանատարին, որ հակառակորդը պատրաստվում է ռեակտիվ համազարկային կրակի «Սմերչ» համակարգով մեզ հարվածել: Զորամասի հրամանատարն անմիջապես հավաքեց բոլոր սպաներին. զորքին հստակ ցուցումներ տվեցինք մարտական գործողությունների նախապատրաստման վերաբերյալ: Մեր զորամասն ամբողջովին դուրս բերեցինք սպասվող հարձակման տեղանքից՝ տեղերում թողնելով միայն վրանները՝ որպես մուլյաժ: Մեր զորքն անմիջապես մարտադիրք զբաղեցրեց զորամիավորման հրամանատարի նախորոշած շրջանում: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7:15-ին  հակառակորդը «Սմերչ» համազարկային կրակի համակարգով հարվածեց հենց այն տեղանքին, որից դուրս էինք բերել զորքը: Երբ «Սմերչի» կրակն ավարտվեց, մեր զորամասը տեղափոխվեց ավելի առաջ՝ հասանք Ջրականի մատույցներին, որպեսզի թշնամուն ավելի մոտ լինենք, ավելի մեծ խորությամբ կարողանանք խնդիրներ կատարել: Դիվիզիոններից մեկը ուղարկեցինք Ֆիզուլու ուղղությամբ: Մեր դիրքերը զբաղեցնելուն պես ինտենսիվ հրաձգություն սկսվեց: Երեք օր շարունակ, գիշեր ու ցերեկ, կատաղի մարտեր էին ընթանում մեր բոլոր զորատեսակների մասնակցությամբ: Հակառակորդը անթիվ-անհամար զոհեր տվեց: Մեր հրետանին գործողությունների մոտ 70 տոկոսն իր վրա էր վերցնում: Եթե մեր զինվորը րոպեում 6 արկ պետք է կրակեր, այդ օրերին րոպեում կրակում էինք 6-8 արկ: Չէինք էլ զգում այդ տեմպերը…

Մեր առավելությունն ակնառու էր, մինչև այն պահը, երբ մարտական գործողությունների երրորդ օրը հակառակորդը ամբողջ զորությամբ մարտադաշտ նետեց իր օդուժը և ԱԹՍ-ները: Կիրառեց նաև «Սմերչ»: Այդ օրը մեր հարվածային ուժերը կորուստներ ունեցան. մեր զինտեխնիկայի զգալի մասը պայթեցվեց «Բայրաքթարներով» և «Սպայքներով»: Երբ մեր հարվածային ներուժը հյուծվեց, նրանց զորքին հաջողվեց ճեղքում իրականացնել, ու սկսվեց նրանց առաջխաղացումը: Հենց նույն տեղում, որտեղ մինչ այդ հսկայական կորուստներ էին ունեցել՝ տանկեր, զրահատեխնիկա, մարդկային մեծ կորուստներ, թշնամին կրկին վարձկանների մեծ խմբեր էր նետում՝ ոչխարների հոտերի պես: Դրանից հետո արդեն թշնամու հրետանին, «Սմերչը», կասետային ռումբերը սկսեցին անդադար աշխատել: Այդ օրը նաև ավիացիան էր ռմբահարում: Զորամասի հրամանատարը այդ իրավիճակում շատ արագ ու ճշգրիտ որոշումներ ընդունեց: Նա անհապաղ համազորային հրամանատարների հետ փոխգործողություններ կազմակերպեց:

44 ՕՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄՀակառակորդը հոկտեմբերի 30-ին տանկերով գրոհում էր Քուջակ գյուղի վրա: Առաջնագծում կռվող տղաները կապվեցին մեր հրամանատարի հետ և ասացին, որ հակառակորդի տանկերի զգալի կուտակումներ կան իրենց դիմաց՝ «Խնդրում ենք հրետանու աջակցությունը»: Դիրքի ուղղությամբ բավականին մոտիկ այդ պահին 7-10 թշնամական տանկ էր շարժվում: Տանկերի դեմ պետք է փողային հրետանին պայքարի: Բայց այդ պահին մեր փողային հրետանին տարբեր ուղղություններով անդադար աշխատում էր: Որոշում կայացվեց, որ կրակելու ենք «Գրադ» կայանքներով, չնայած որ «Գրադով» սովորաբար տանկ չեն խփում, այդ զենքը նախատեսված է մեծ մակերեսի վրա տեղաբաշխված կենդանի ուժն ու կրակային միջոցները ոչնչացնելու համար: Հաշվարկեցինք, տեղանքի էլեկտրոնային քարտեզի վրա որոշեցինք կոորդինատներն ու կրակ բացեցինք: Փորձեցինք ու, հավանականության տեսությանը հակառակ, հաջողեցինք դիպուկ կրակ վարել: Համազորային հրամանատարը կապվեց մեր զորամասի հրամանատարի հետ. ««Որոտա՛ն», քո ցավը տանեմ,  մենք քեզ չենք ճանաչում, բայց տանկերը իրար ետևից պայթում են: Էս ի՜նչ լավ եք կրակում»: Մեր ուրախությանը չափ ու սահման չկար. փրկվեցին մեր տղերքը:

Ես ու հրամանատարը՝ Գարեգին Պողոսյանը, 44 օր միասին դիտակետում ենք եղել: Որ պահին դադարել են կրակոցները, իջել ենք կրակային դիրքերը, զինվորներին ոգի ենք տվել, նայել ենք՝ հո խնդիր չկա՞: Զենքերն ենք ստուգել ու վերադարձել հրամանատարական կետ: Ջրականի՝ հակառակորդի կողմից գրավման օրը մեր զորքերի մեծ խմբավորումները ընկել էին շրջափակման մեջ: Մեր ռեակտիվ դիվիզիոնի հրամանատարը կապվեց հրամանատարի հետ: Տասը րոպե նրա հետ կապը կորել էր, ու ահա, զանգում է ու ասում. ««Որոտա՛ն», հակառակորդը «Տիգր» զրահապատ ամենագնացով մոտ 300 մետր հեռավորության վրա կրակելով քշում է ուղիղ իմ կողմը: Խնդրում եմ, փրկի՛ր»: Կոորդինատներն ասաց՝ x-y: Որքան կրակող հրետանային միջոց ունեինք, հրամայեցինք դադարեցնել կրակը ու կրակն ուղղեցինք այդ կողմը. «Կրակե՛լ անդադար, մինչև կասենք՝ կանգնե՛ք»: Զինամթերքի ծախսին այդ պահին այլևս ուշադրություն դարձնող չկար: Մերոնցից շուրջ 400 հոգի շրջափակման վտանգի առաջ էին: Մեր համազարկերի շնորհիվ թշնամու առաջխաղացումը մոտ 15 րոպե կասեցվեց: Այդ ընթացքում հաջողվեց նվազագույն զոհերով զորքը դուրս բերել: Մեր հրետանավորներն այդտեղ հրաձգային զենքով էլ էին մարտ վարում հակառակորդի դեմ: Մեր կառավարման դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արշակ Հայրապետյանը որովայնից վիրավոր զինվորին գրկած վազել էր 3 կմ և  հասցրել մեզ. փրկվեց զինվորի կյանքը…

Մի օր մեր զորքի ուղղությամբ թշնամին սկսեց «ՏՕՍ» կիրառել: Արգելված այս հրանետային զենքը կարող է մոտ 3 կմ շառավղով ամեն ինչ այրել ու մոխրացնել. իր հզորությամբ քիչ է տարբերվում ոչ մեծ միջուկային լիցքի պայթյունից: Փրկություն չկա: Այդ օրերին եղբորս՝ Հովհաննեսի ստորաբաժանումը նույն ուղղության վրա մարտեր էր վարում: Մենք իրար չէինք տեսնում, միայն կապով խոսում էինք: Անմիջապես կապվեցի. «Հո՛վ, ՏՕՍ»-ը տեսե՞լ եք»: «Հա՛, տեսել ենք: Հիմա կխփենք»: Եվ բոլոր կողմերից նշանառության տակ վերցրինք այդ «ՏՕՍ»-ը: Վայրկյաններ անց «ՏՕՍ»-ի տեղում ծխի ամպ բարձրացավ. պայթեց:

44 ՕՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ…Մենք բաց դաշտում էինք՝ խրամատ չկար, ծածկեր չկային: Եթե մի բնագծում կրակում էինք, հաջորդում՝ մեր թիկունքում, տրակտորն արդեն խրամատ էր փորում: Հետ գնալով՝ այդտեղից էինք մարտը վարում: Մյուս խումբն էլ մյուս բնագծում էր փորում: Նահանջը կռվելով էինք իրականացնում: Թաքստոցներ պատրաստելու համար կրակած «Գրադի» արկղներն էինք իրար վրա շարում:  Ամեն ինչ անում էինք, որ մարդկային կյանքերը պահպանենք: Երբ հակառակորդը զգաց, որ մեր կրակային զենքերի հզորությունը շատ է նվազել, «Բայրաքթարներով» սկսեց խփել թաքստոցներին: Մեր մարտավարությունն այստեղ էլ փոխվեց. հրամանատարի հետ որոշեցինք զորքի կուտակումներից խուսափել: Եթե մի տեղում են հավաքվում հրետանային սարքերը, կապի միջոցները, թշնամին տեսնում է, որ դա ղեկավարման կետ է: Այնպես արեցինք, որ մեր հրամանատարական կետը, որ նրանց դիտարկման տակ էր, ցրվի. իրարից հեռու պառկում էինք դաշտում: Կարող էր թվալ, թե մարտադաշտում ցրված զինվորներ են, իսկ  իրականում էլեկտրոնային պլանշետների վրա էինք պառկել ու թաքուն մարտ էինք վարում դրանցով: Վայրկյանների  ընթացքում անում էինք բոլոր հաշվարկները, որոշում կրակի վարման ուղղությունը:

Վերլուծելով ապրիլյան քառօրյա պատերազմի սկզբում ի հայտ եկած թերությունները՝ դեռ 2016 թ. վստահ էինք՝ մեր անձնակազմին բացի զենքով կռվել սովորեցնելուց, պետք է ոգով կոփենք, այնպես ուսուցանենք, որ մարտական գործողություններ սկսվելուն պես յուրաքանչյուրն իմանա իր անելիքի ալգորիթմը: Մինչև պատերազմը հավաքում էի անձնակազմիս, ցույց էի տալիս տարբեր պատերազմական դրվագների նրբությունները, բացատրում սխալները: «Տեսեք՝ ինչի բերեց Բրեստի ամրոցում սկսված խուճապը: Տեսե՛ք, թե ինչպես կարող է մի լեյտենանտի շնորհիվ գունդը հաղթանակ տանել» և այլն, և այլն: Վստահ եմ, որ մեծ դեր խաղաց հենց այն, որ մեր անձնակազմի հետ մինչև պատերազմը մտովի անցնում էինք պատերազմով, խաղարկում ամենատարբեր հնարավոր ու անհնար իրավիճակներ: Սա էր պատճառը, որ մեր անձնակազմը պատերազմի ընթացքում ոչ մի պահի խուճապի չմատնվեց. ոչ մեկի մտքով անգամ չի անցել կռվի դաշտը թողնել, փախչել: Բաց դաշտերով մոտ 80 կմ նահանջի ճանապարհ ենք անցել՝ անդադար կռվելով: Աննշան գոգավորություններով դաշտավայր՝ հատուկենտ ծառեր, բնական թաքստոցներ չկան: Այսպիսի պայմաններում մեր զորքը իր առջև դրված մարտական խնդիրները գերազանց կատարեց: Այս պատերազմի դժոխքի մեջ ամբողջ զորամասի անձնակազմից 28 զոհ ենք ունեցել. բայց նման ծայրահեղ պայմաններում, իհարկե, սա չարիքների փոքրագույնն էր…

Պետք է ասեմ, որ մոբ-ով եկած տղաների օգնությունն էլ անգնահատելի էր: Նրանց առաջադրանքներ էինք տալիս, որոնցով խնայվում էր կրակ իրականացնողների ժամանակը, թեթևանում նրանց գործը: Այն, որ մեր անձնակազմի կրակի արագությունը չի նվազել ոչ մի պահի, նաև այս տղաների քաջության ու նվիրվածության շնորհիվ էր:

Մինչև պատերազմը մեր զորամասի իրավաբանին՝ Լալայան Սևակին մի օր շարային ստուգատեսից հետո կանգնեցրի՝ «Հեռախոսդ տո՛ւր, տեսնեմ՝ կարողանո՞ւմ ես տեղանքում կողմնորոշվել»: Ասաց. «Չէ՛, իմ ինչի՞ն է պետք. իրավաբան մարդ եմ»: Ծրագիրն անմիջապես ներբեռնեցի  նրա հեռախոսի մեջ ու հենց տեղում սկսեցի ուսուցանել, տեղանքում կողմնորոշվելու, փոխանցված կոորդինատներով տեղանք գտնելու հմտությունները: Ու ահա, պատերազմի ժամանակ իրավիճակ էր ստեղծվել Ջրականում, երբ վիրավոր ունեինք, ու պետք է մեկը գնար, մեքենայով վիրավորին բերեր: Հիշեցինք մեր իրավաբանին, որն այդ պահին միակ «ազատ», ոչ մարտական սպան էր,  որ կարողանում էր պլանշետից օգտվել: Լալայանը պատրաստակամ նստեց մեքենան, ճամփա ընկավ: Ինչ-որ պահի տեսանք՝ անցել է նշանակման կետը, մտել է թշնամու վերահսկողության տարածքը: «Լա-լա-յա՜ն», գոռում էր հրամանատարը արդեն խզված ձայով. «Հե՛տ արի, անցե՜լ ես»: Արդեն մտածում էինք՝ ուր որ է՝ վե՛րջ՝ կկորցնենք մեր Լալայանին, բայց…արագ կողմնորոշվեց, շրջեց մեքենան, գտավ վիրավոր զինվորին ու բարեհաջող վերադարձավ: Հիմա և՛ մեր Լալայանը կա, և՛ էդ զինվորը,- փոխգնդապետը գոհ ժպտում է:

– Բացի մարտական գործողությունները նոթագրելուց, հնարավորության դեպքում, փորձում էի նաև անմահացնել ամենակարևոր ու հետաքրքիր կադրերը: …Թշնամին ինքն էլ լավ գիտեր ու պատերազմից հետո տարբեր առիթներով խոստովանել է, որ հայերի հրետանին, հատկապես հարավային ուղղությունից, լավ ջարդ էր տվել իրենց զորքերին… Հոկտեմբերի 22-ին մեր հրամանատարին զանգ եկավ. «Ձեզ հերոսի կոչում է շնորհվել…»: Շատ անսպասելի էր նրա համար: «Նյութ պետք է անենք, լուսանկար կարո՞ղ եք ուղարկել»: Եվ, հհարկե, բոլորի հայացքն անմիջապես ինձ ուղղվեց,- ծիծաղում է փոխգնդապետ Խաչատրյանը:

-Գնդապետ Պողոսյանը մեզ համար այն ծանր օրերին և՛ հրամանատար, էր, և՛ եղբայր, ընկեր, բարեկամ: Նա անձնակազմի համար ամեն ինչ էր: Ամբողջ զորամասով նրան շատ էինք սիրում ու հարգում: Երբ զորամասն առաջին զոհերը տվեց,  գնդապետ Պողոսյանը օրերով հաց չէր ուտում. շատ ծանր էր տանում կորուստը…

Ցավալի դեպքերից մեկը… Զույգ եղբայրներ էին, զինվորներ: Զինամթերքը դատարկելիս հակառակորդի հարվածային ԱԹՍ-ի մոտենալու դզզոցն էին լսել: Մենք զինվորներին ասել էինք. եթե ձայնը փոխվում է՝ թափ է հավաքում հարվածելու, թաքստոց մտնելու համար ունեք 5-7 վայրկյան: Այս մոտավոր կողմնորոշիչը գիտե՞ք որքան կյանքեր է փրկել այդ օրերին… «Ուրալի» մեջ արկեր դատարկելիս տղաները զգացել էին ԱԹՍ-ի ձայնի փոխվելը եւ անմիջապես հեռացել էին մեքենայից: Զույգ եղբայրներից մեկը թաքստոցին մոտ է եղել այդ պահին, իսկ մյուսը չի հասցրել բավականաչափ հեռանալ մեքենայից, մի քանի քայլ վազել ու պառկել է գետնին: Սա տեսնելով՝  թաքստոցի մոտից եղբայրը վազել, մարմնով ծածկել էր նրան. հենց եղբորը փրկողն էլ զոհվել էր…

…Հորադիզից չդադարեցնելով կռիվը, հասանք մինչև Դավիթ Բեկ՝ Կապանի մատույցներ: Ամենաուրախ բանը այդ օրերին Դավիթ Բեկում եղավ,- փոխգնդապետի դեմքը ջերմ ժպիտով է ողողվում:- Հակառակորդը աջ կողմից մոտենում էր առաջնագծի դիրքերին: Տղաներից մեկը կրակ էր խնդրում մեզնից: Այդ պահին բոլորովին ուրիշ մեկը կապ է տալիս այդ տղային. կարծեմ՝ Գևորգ էր անունը, մենք էլ կապով լսում ենք. «Գևո՛ր ջան, աչքդ լույս, էրեխեն ծնվե՜ց»: Մոտ 5 րոպե բոլորը մոռացել էին մահվան մասին. մեկը մի կողմից ոգևորված հարցնում էր. «Ապե՛, տղա՞ է, թե՞ աղջիկ», մյուսը թե՝ «Էէէէ՜, քո ի՞նչ գործն է, ա՛յ տղա, դու կրակելո՛ւդ նայիր», ու բոլորով հա՛մ ծիծաղում, հա՛մ կրակում էինք: Կենարար մի ալիք անցավ բոլորիս միջով. հույս էր ծնվել, նոր կյանք էր ծնվել…

44 ՕՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄԴավիթ Բեկում մեր դիտակետը ծառերի վրա էր… Անտառածածկ տեղանք էր. ԱԹՍ-ն վերևից մեզ չէր նկատում: Երեքհարկանի շենքի բարձրությամբ մի ծառին ես էի, մյուսին՝ մեր օպերատիվ բաժնի պետը, մյուսին էլ՝ զորամասի հրամանատարը: Ծառերի վրայից հետախուզում էինք, հաշվարկներ անում, հետն էլ մարտը ղեկավարում:  Մի ծառից մյուսը գոռում էինք. «Դու սա տեսնո՞ւմ ես»: «Հա՜»: Ահա այս լուսանկարը տեսե՛ք: Մի պահի իջել, հատուկ նկարել եմ, որ հիշվի: Այսպես ժամերով ծառերի վրա, առանց դադարի, այնքան էինք նայում, որ արցունքները լարվածությունից կաթիլ-կաթիլ հեռադիտակի տակից հոսում էին ցած: Առանց դադարի համազորային հետևակի թիկունքն էինք պահում մեր կրակով. մարդկանց կյանքն էր կախված դրանից…

Մեր զորամասի կապի պետը՝ մայոր Արթուր Այվազյանը, անվախ մի զինվորական է: Նա էլ էր տեղանքում կողմնորոշվելու վարպետ. կռվի ցանկացած պահի ասում էր. «Եթե օգնությանս կարիքը կա, կոորդինատներդ ասա, ցանկացած տեղ կգամ, կհասնեմ»: ԱԹՍ-ն կպտտվեր վերևում, թե չէ, միևնույն է, վախ չուներ այդ մարդը: Իր մեքենայով գալիս-հասնում էր: Միայն գիտեր, որ հենց ԱԹՍ-ի ձայնը մոտեցավ, իրեն դուրս պետք է նետի մեքենայից: Մի օր էլի այսպես ճամփա էր ընկել ու ԱԹՍ-ի ձայնն էր լսել գլխավերևում: Պայմանական 5-7 վայրկյանը հաշվելով՝ իրեն դուրս էր նետել մեքենայից ու սկսել աղոթել. «Տե՛ր Աստված, ի՞նչ կլինի, մեքենայիս չխփի, գոնե տեղ հասնեմ»… Հաջորդ պահին տեսել էր, թե ինչպես է ԱԹՍ-ն պարզապես քարի պես ընկել վերևից՝ առանց վրան կրակելու, առանց պայթելու ու իր մեքենան վնասելու: Նկարել էր դրա մնացորդները: Ահա այդ լուսանկարը:

Փոխգնդապետը հերթով ցույց է տալիս իր հավերժացրած պատերազմական  ակնթարթները.

44 ՕՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ-Այս նկարում, ահա, աստղադիտակով հակառակորդի «Սմերչն» ենք հայտնաբերում: Այս տեխնիկան մոտ 15-20 կմ-ի վրա է լինում: Հրամանատարը զանգել էր ընկերոջը, թե՝ աստղադիտակ կարո՞ղ ես ուղարկել: Ճարել, ուղարկել էր,- ծիծաղով է հիշում փոխգնդապետը:- Իհարկե, այնքան էլ հարմար չէր սրանով կոորդինատները որոշելը. ցածր դիրքից երկար նայելուց հետո մեջքդ ծռվում էր:

Այս սերժանտին տեսնո՞ւմ եք. Գոռ Տոնոյանն է՝ մեր հերոս զինվորներից մեկը: Իր հաշվարկով հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել: Երկու անգամ, երբ նրա «Գրադը» խոցել են, նա մեջը նստած կրակելիս է եղել: Առաջին անգամ, լսելով հակառակորդի «Հարոպի» ձայնը և մարտկոցի հրամանատար, կապիտան Արամ Մանուկյանի հրամանը՝ «Թաքստո՜ց», շարունակել է կրակ վարել իր «Գրադի» խցիկից: «Մի քանի հրթիռ էլ ավելի խփեմ».  հետևակի զոհված տղաների վրեժն էր սրտում: Երբ հակառակորդի ԱԹՍ-ն հարվածել էր նրա «Գրադին», և մեքենան բռնկվել էր, վերջին պահին դուրս էր թռել, հրաշքով փրկվել: Բերձոր-Լիսագոր ուղղությամբ երբ մեկնեցինք, իր «Գրադի» հաշվարկով նա էլ մեզ հետ եկավ: Այս լուսանկարում նրա «Գրադի» անձնակազմն է կռվից հետո:

Նոյեմբերի 5-ին գիտեինք, որ Շուշիի շուրջ թեժ մարտեր են: Մեր հրետանուն օգնություն էր պետք. Բերձոր-Լիսագոր ուղղությամբ էինք գնալու ամբողջ ստորաբաժանումով: Հրամանատարից բաժանվեցինք որպես եղբայրներ: Հոգաց այն ամենը, ինչը պետք էր գալու առաջիկա մարտերում: Նոյեմբերի 5-ին գիշերով հասանք, զբաղեցրինք կրակային դիրքերն ու առավոտից սկսեցինք կրակել: Նշանակետերի մի մասը հրամանատարությունն էր տալիս, մի մասը մենք էինք հայտնաբերում, խոցում: Մեր դիտարկած մոտակա թիրախներից մեկը բլրի գագաթի դիրքն էր, հօդս ցնդեց մեր համազարկից: Կրակում էինք մեկ աջ, մեկ ձախ՝ կրակի լայն խուսավարումով 18 կմ, 20 կմ, մինչև… նոյեմբերի 9-ը:

Գիտեինք, որ թշնամին մտել է Զանգելան, գրավել է, ու հրադադար է հայտարարվել: Մեր դիվիզիոնի հրամանատարը՝ փոխգնդապետ Ասքանազ Սահակյանը, նկատել էր, որ հրադադարի քողի ներքո հակառակորդի զրահատեխնիկան Զանգելանից շարժվում է դեպի Կապան: Դիվիզիոնի հրամանատարն ինքնուրույն որոշում էր կայացրել, հաշվարկել, որ «Գրադով» չի կարող կրակել՝ բարձր լեռներ, ձորեր: Բլրի տակի «միայնակ» մնացած ականանետը բերել տեղադրել ու մի քանի անգամ կրակել էր մոտեցող շարասյան վրա: Հակառակորդը կանգ էր առել…

Թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար Ասքանազ Սահակյանն արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

 

***

 

Փոխգնդապետ Խաչատրյանը մի լուսանկար է ցույց տալիս. իրենց հերոսական զորամասի սպայակազմն է լուսանկարում. ևս մի թանկարժեք հուշ-վկայություն:

-Պատերազմից հետո նոր նշանակում ստացա, և չնայած շատ թանկ էր ինձ համար պատերազմի հուշերն ամփոփած նոթատետրս, բայց որոշեցի այն թողնել մեր զորամասում. ասացի՝ «Սա մեր զորամասի պատմությունն է, հարստություն է. աչքի լույսի պես կպահե՛ք»:

Փոխգնդապետ Վահագն Խաչատրյանի ընտանիքը՝ երկու որդիներն ու կինը պատերազմի օրերին Կապանում են եղել: Երբ էլ պատերազմի ընթացքում զանգեր տուն՝ կինն ասում էր. «Մենք լավ ենք. դո՛ւ քեզ լավ նայիր, զգո՛ւյշ եղիր. սպասում ենք»: Որդիները՝ 15 և 7 տարեկան՝ Սամվելն ու Համլետը, իրենց իսկական տղամարդու պես են պահել, ոչ մի պահ չեն ընկճվել, նույնիսկ երբ մի օր թշնամական ԱԹՍ-ն ընդհուպ մոտեցել էր տանը ու պտտվում էր վերևում: Դե, իսկ պատերազմով անցած հրետանավոր հայրիկը տղաների հպարտությունն է, նրանց հերոսը:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

և փոխգնդապետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (1415) 10.11.2021 – 16.11.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/11/2021