Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻրան

 

Իրանի խորհրդարանի Հետազոտական կենտրոնի ջրային հետազոտությունների բաժնի ղեկավար Ջամալ Մոհամմադ Վալի Սամանին հայտարարել է, որ Թուրքիայում վերջերս բացված Իլիսուի ամբարտակը կարող է զգալիորեն նվազեցնել Եփրատ գետով հոսող ջուրը: Թուրքական ամբարտակը սպառնալու է Իրանի, Իրաքի ջրային ռեսուրսներին: Սամանին նշել է, որ Իլիսուի ամբարտակի շահագործմամբ թուրքական կառավարությունը կվերահսկի տարածաշրջանի ջրի մեծ մասը եւ կարող է դա որպես լծակ օգտագործել այլ երկրների դեմ ջրի պակասի կամ երաշտի ժամանակ։ Իսկ տարածաշրջանում ջրային նախագծերը Թուրքիան իրականացնում է քաղաքական նպատակներով։

Սամանին կոչ է արել տարածաշրջանում ջրային ռեսուրսների արդար օգտագործման միջազգային պայմանագիր կնքել:

«Մենք չպետք է թույլ տանք, որ օտարերկրացիները փչացնեն Թեհրանի, Անկարայի եւ Բաքվի հարաբերությունները». այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ խոսելով Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատման եւ առեւտրային հարաբերությունների զարգացման նպատակով համատեղ համագործակցության մասին։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի` Իրան այցի մասին։

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին հայտարարել է Հայաստանի հետ առեւտրի ծավալը ներկայիս 400 մլն դոլարից տարեկան մինչեւ 1 մլրդ դոլարի հասցնելու հնարավորության մասին։

 

Թուրքիա

 

Թուրքիայի նախագահ Էրդողանը իրեն համարել է ամենափորձառուն համաշխարհային առաջնորդներից:

«Ես գիտեմ աշխարհը. այսօրվա առաջնորդներից ես եմ ամենափորձառուն։ Ասում եմ դա ոչ թե պարծենալու, այլ իմ տեղը մյուս առաջնորդների շարքում սահմանելու համար։ Իմ ժողովրդի համար կարեւոր է իմանալ, թե ով ով է»,- նշել է Էրդողանը: Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թյուրքական խորհուրդ) կվերանվանվի Թյուրքական պետությունների կազմակերպության: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում կազմակերպության VIII գագաթնաժողովի արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ:

Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ կազմակերպության վերանվանումն ու վերակազմակերպումը հանգեցնելու է դրա առավել ինտենսիվ զարգացմանը: Իսկ մինչեւ 2040 թվականը Թյուրքական աշխարհի հայեցակարգը հաստատելով՝ գագաթնաժողովի մասնակիցները հստակեցրել են Թյուրքական պետությունների կազմակերպության զարգացման հեռանկարները:

«Կանաչ տեխնոլոգիաներ եւ խելացի քաղաքներ թվային դարաշրջանում» խորագրով գագաթնաժողովին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեւը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Թուրքիայում անօդաչու թռչող սարքեր չեզոքացնող համակարգ է փորձարկվել: Կամիկաձե անօդաչուն հաջողությամբ է ավարտել առաջին թռիչքը եւ պատրաստ կլինի մատակարարման 2022 թվականի սկզբին։ Համակարգն ստացել է Fedai անվանումը, ստեղծվել է թուրքական պաշտպանական ընկերությունների հետ համագործակցությամբ: Այն ԱԹՍ-ների հայտնաբերման եւ ոչնչացման համակարգերի լայն շրջանակի մաս է կազմում: Ունենալու է նաև տրանսպորտային միջոցի վրա տեղադրվող տարբերակ:

Թուրքական ավիատիեզերական TAI (Turkish Aerospace Industries) ընկերությունը 2022 թ. կավարտի հինգերորդ սերնդի TF-X մակնշմամբ կործանիչի նախագծման աշխատանքները, իսկ սերիական արտադրություն նախատեսվում է սկսել մինչև 2028 թ.։ Իսկ Մոսկվան բանակցում է Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն տրամադրելու համար:

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրենքը։

Օրինագծում նշվում է Աղդամում (Ակնա) ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը շարունակելու կարեւորությունը, որը «նպաստում է անվտանգությանը եւ կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը»։

Թուրքիայի խորհրդարանը Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու մասին հանրապետության նախագահի հրամանագիրը հաստատել էր 2020 թ. նոյեմբերի 17-ին:

 

Ռուսաստան

 

Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը Dubai Airshow-2021 միջազգային ավիասրահի շրջանակում հայտարարել է, որ Մոսկվան ու Անկարան քննարկում են զենքի համատեղ ստեղծման գործընթացն ու Թուրքիային ռուսական ռազմամթերք մատակարարելու հարցերը:

«Թուրքիայի Հանրապետության հետ ռազմատեխնիկական համագործակությունը կայուն զարգացում ունի»,- ընդգծել է Շուգաեւը: Նա նշել է Ս-400 զենիթահրթիռային համալիրների նոր խմբաքանակի մատակարարման մասին պայմանագիրը ստորագրելու ժամկետները. Շուգաեւի կարծիքով՝ դա տեղի կունենա մինչեւ տարեվերջ:

ԱՄԷ-ում գործող Dubai Airshow-2021 ավիասրահում ներկայացվել է ավիացիոն անօդաչու սարքերի խմբի կառավարման առաջին ռուսական համակարգը, որն ունակ է կառավարելու միաժամանակ 20 թռչող սարք:

Ռուսական «Կրոնշտադտ» ընկերությունը «Օրիոն» անօդաչու սարքերը կհամալրի արբանյակային կապի համակարգով, որը թույլ կտա էապես բարձրացնել ԱԹՍ-ների գործողության հեռահարությունը։ «Առանց արբանյակային կապի հեռահարությունը սահմանափակված է ուղիղ տեսանելիությամբ եւ 250-300 կմ-ից ոչ ավելի է»,- նշել է ընկերության ներկայացուցիչը: Նոր համակարգը, որպես բաղադրիչ, կառաջարկվի նաև այլ անօդաչու թռչող սարքեր արտադրողներին:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Սև ծովում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունների հետ կապված իրավիճակը կրակի հետ խաղ է անվանել: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ շարունակում է վերահսկել սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ագրեսիվ ռազմական ակտիվությունը:

Ռուսաստանն սկսել է Ս-400 ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումները Հնդկաստան:

 

Ադրբեջան

 

Ադրբեջանում հետաքրքրության աճ է նկատվում հայերեն սովորելու հարցում։ 2015 թ. Բաքվում ԱՀ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է հայերենի դասագիրք, իսկ 2018 թ. Բաքվի լեզուների համալսարանը  հրապարակել «Հայոց լեզվի քերականություն» դասագիրքը։ Երկու դասագրքերի հեղինակները ադրբեջանցիներ են։ Հայերենն ուսումնասիրվում է Բաքվի լեզուների, Ադրբեջանի տնտեսագիտական համալսարաններում, Ռազմական ակադեմիայում, Սահմանապահ ծառայությունում եւ Պետանվտանգության ծառայությունում։ Վերջին երեք գերատեսչություններում ստեղծվել են հատուկ դասընթացներ աշխատակիցների համար։ 2021 թ. հոկտեմբերից հայերենն ուսուցանում են Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Հայերեն սովորելու «մղումը» պայմանավորված է պետական եւ ռազմական ծառայության մասնագետների պահանջվածությամբ հատկապես վերջին պատերազմից հետո:

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ Ադրբեջանի 2022 թ. պետբյուջեի նախագծում պաշտպանությանն ու անվտանգությանը կհատկացվի 2 մլրդ 600 մլն դոլար՝ բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 15 տոկոսը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շարունակում է զարգացնել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։ Հերթական հայտարարությունները հնչել են Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների դիվանագիտական ղեկավարների նիստում։

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #45 (1416) 17.11.2021 – 23.11.2021, Տարածաշրջան


18/11/2021